ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-978-17.10.2006 -ՊԱ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

1. Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

2. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն ռազմական դրություն հայտարարելու հիմք կարող է հանդիսանալ «գ) այլ պետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կամ այլ զորքերի վրահարձակումը` անկախ վերջիններիս տեղակայման վայրից»: Հիշյալ ձեւակերպումը ենթակա է աշխատանքային քննարկման հետեւյալ առումով. ներկայումս խաղաղապահական նկատառումներով Հայաստանի Հանրապետության զինված ուժերից կազմված խումբ գտնվում է Իրաքում, եւ հարց է առաջանում արդյոք, այլ պետության զինված ուժերի կողմից նրանց վրա հարձակումը կարող է հիմք հանդիսանալ ռազմական դրություն հայտարարելու համար:

3. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Ռազմական դրություն հայտարարում է Հանրապետության Նախագահը՝ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու դեպքում»: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն. «Ազգային ժողովը Հանրապետության Նախագահի առաջարկությամբ՝ որոշում է ընդունում պատերազմ հայտարարելու եւ խաղաղություն հաստատելու մասին: Ազգային ժողովի նիստ գումարելու անհնարինության դեպքում պատերազմ հայտարարելու հարցը լուծում է Հանրապետության Նախագահը »: Հիշյալ սահմանադրական դրույթից հետեւում է, որ բացի ՀՀ Ազգային ժողովից, պատերազմ հայտարարելու որոշում կարող է ընդունել նաեւ Հանրապետության Նախագահը: Ելնելով վերոգրյալից, առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի «Ազգային ժողովի կողմից» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով» բառերով:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`Հ. Իսրաելյան

Ա. Սարգսյան