ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
« Մարդկանց առեւտրի կանխարգելման մասին », « ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին », « Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին », «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ`Պ-993-03.11.2006-ՊԻ-010/0) վերաբերյալ
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծությանվարչությունում իրավական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Ռաֆիկ Պետրոսյանի, Արմեն Դանիելյանի, Կարեն Կարապետյանի, Հակոբ Հակոբյանի /034/ եւ Արծրունի Ղալումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Մարդկանց առեւտրի կանխարգելման մասին », « ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին », « Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին », «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:
1. Փաթեթում ընդգրկված նախագծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. « Մարդկանց առեւտրի կանխարգելման մասին» նախագծի վերաբերյալ.
Նախագծի 3-րդ հոդվածից առաջարկվում է հանել այն դրույթները, որոնք վերաբերվում են մարդու օրգանները կամ հյուսվածքները վերցնելուն: Այս առաջարկությունը բխում է ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցագործությունների դեմ պայքարի կոմիտեի հանձնարարականից (2005 թվական), որով առաջարկվել է մարդու օրգանները կամ հյուսվածքները վերցնելը չդիտարկել որպես թրաֆիքինգի տարր: Հարկ է նշել, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածում նույնպես նախատեսված չէ նման ծանրացուցիչ հանգամանք: Տրամաբանությունն այն է, որ դրանք առանձին հանցակազմեր են:
3. «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ.
Վերլուծելով նախագծի դրույթները եւ համադրելով դրանք ՀՀ Քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի համապատասխան դրույթների հետ (2-րդ մաս, 3-րդ մաս) հարկ է նշել, որ թեեւ « ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին » ՀՀ օրենքի ն ախագծ ում հիշյալ խնդիրը չի բարձրացվել, այնուամենայնիվ, անհրաժեշտ է շտկում կատարել ՀՀ Քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ մասի սանկցիայում: Բանն այն է, որ 2-րդ եւ 3-րդ մասերի սանկցիաներում նախատեսված է նույն պատիժը` ազատազրկում յոթից տասը տարի ժամկետով, ինչն անտրամաբանական է եւ խախտում է ՀՀ Քրեական օրենսգրքի հատուկ մասում սանկցիաների ձեւավորման բոլոր կանոնները:
Առաջարկվում է փոփոխել ՀՀ Քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ մասի սանկցիան, խստացնելով այն:
4. « Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին », «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին » նախագծերի վերաբերյալ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարող `Ա. Երեմյան
Ս.Յուզբաշյան