ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ`Կ-1001-09.11.2006-ՊԻ-010/0) վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծությանվարչությունում փորձաքննության է ենթարկվել ՀՀ Կառավարությանկողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ( այսուհետ` Նախագիծ ) եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծի 2-րդ հոդվածի վերջին նախադասությունում ներառված «Հայաստանի Հանրապետության օրհներգը կարող է կատարվել վոկալ, գործիքային, նվագախմբային, երգչախմբային , նվագախմբային եւ երգչախմբային տարբերակներով» դրույթը առաջարկում ենք խմբագրել (մասնավորապես, բացառել կրկնությունը):

3. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետի երրորդ նախադասության համաձայն. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նստաշրջանի, ինչպես նաեւ` նիստերի բացման եւ փակման ժամանակ.» դրույթից առաջարկում ենք հանել«ինչպես նաեւ` նիստերի » բառերը:

Նույն կետի հինգերորդ նախադասության «պետությունների նախագահների» բառերից հետո առաջարկում ենք ավելացնել «խորհրդարանի նախագահների» բառերը:

4. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն. «1. Հայաստանի Հանրապետության օրհներգը հեռարձակվում է Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստաընկերության եւ Հայաստանի Հանրապետության հանրային ռադիոյի կողմից ամեն օր...»: Առաջարկում ենք ներառել նաեւ այլ հեռուստառադիոընկերությունների այդ իրավունքը:

5. Ն ախագծի 8-րդ հոդվածիառաջին մասում սահմանվել է, որ «Հայաստանի Հանրապետության օ րհներգի կատարման ժամանակ բոլորը հոտնկայս են եւ դեմքով շրջված դեպի դրոշը, տղամարդիկ՝ առանց գլխարկի » պարտադիր պայմանը: Այս դրույթն առաջարկվում է քննարկել նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասում ներառված դրույթների համատեքստում, երբ օտարերկրացիները պարտավոր են շարժվել իրենց ավանդույթներով:

6. Նախագծի 9-րդ հոդվածի համաձայն« Սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով»:

Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն հանցագործություն է համարվում « Հայաստանի Հանրապետության զինանշանը, Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, ինչպես նաեւ այլ պետության պետական խորհրդանիշներն անարգելը»: Այսպիսով ՀՀ Քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է սահմանում Հայաստանի Հանրապետության պետական օրհներգն անարգելու համար, ինչը չի նույնացվում Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը խախտումով կատարելու հետ: Այսպես, պետական խորհրդանիշի անարգելը դիտավորությամբ կատարվող հանցագործություն է, մինչդեռ` պետական խորհրդանիշի օգտագործման կարգի խախտումը հանցագործության հատկանիշներ չի պարունակում: Առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսել վարչական պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրհներգը կատարելիս` օրենքով սահմանված կարգը խախտելու համար:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող` Ք.Գեովշանյան