ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի մասին» «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-1012-10.11.2006-ՖՎ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի մասին» «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:
I. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
II . «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.
1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 834 -րդ «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատը անկախ մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում բյուջետային միջոցների եւ պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ»: Այս առումով, առաջարկվում է Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասից «վերահսկողություն» բառից առաջ «արտաքին պետական» բառերը հանել, իսկ հասկացությունների մասում նշել, որ վերահսկողությունը վերաբերում է արտաքին պետական վերահսկողությանը:
1. Նախագծի 2-րդ հոդվածում «այլ իրավական ակտերով» բառերը ներառում են նաեւ «անհատական իրավական ակտեր» հասկացությունը: Առաջարկվում է այդ բառերը փոխարինել «նորմատիվ իրավական ակտերով» բառերով:
2. Նախագծի հասկացություններին վերաբերող 4-րդ հոդվածում տրված է հետեւյալ հասկացությունը` «ընթացիկ հաշվետվություն, եզրակացություն»: Դրանք Վերահսկիչ պալատի կողմից կազմվող փաստաթղթեր են: Անհրաժեշտ է հստակ տարանջատել հիշյալ փաստաթղթերը միմյանցից:
3. Նախագծի հասկացություններին վերաբերող նույն հոդվածում «արձանագրություն» հասկացությունը բացատրվում էորպես վերահսկողություն ընթացքում կազմվող միջանկյալ փաստաթուղթ, որը հանդիսանում է ընթացիկ հաշվետվության հիմք: Դրանից բխում է, որ արձանագրությունը չի հանդիսանում եզրակացության հիմք: Անհրաժեշտ է հստակ սահմանել, թե այդ դեպքում ինչն է հանդիսանում եզրակացության հիմք:
4. Նախագծի 4-րդ հոդվածի 6-րդ մասում «աշխատանքների» բառից հետո առաջարկվում է ավելացնել «արդյունքների» բառը:
5. Նույն հոդվածում սահմանված «բնապահպանական վերահսկողություն» հասկացությունը, մեր կարծիքով, ավելորդ է, քանի որ այն ամբողջությամբ տեղավորվում է «համապատասխանության վերահսկողություն» հասկացության սահմանման շրջանակում:
6. Նախագծի հասկացություններին վերաբերող նույն 4-րդ հոդվածում տրվում է «դիտարկման» հասկացությունը: Այն բացատրվում է որպես «վերահսկվող օբյեկտի մասին նախնական պատկերացում կազմելու համար առանց վերահսկվող օբյեկտ մուտք գործելու տեղեկատվության հավաքման միջոցով Վերահսկիչ պալատի կողմից իրականացվող վերահսկողության ձեւ»: Կարեւորվում է տեղեկատվության հավաքման միջոցով հատվածը, որն անհրաժեշտ է հստակեցնել ըստ հավաքման եղանակի: Առնվազն անհրաժեշտ է նշել, թե տեղեկատվության հավաքման որ եղանակները չեն ներառավում դիտարկման մեջ (օրինակ` օպերատիվ հետախուզական եղանակը):
5. Նախագծի հասկացություններին վերաբերող նույն 4-րդ հոդվածում «ստուգում» բառը բացատրվում է որպես «վերահսկիչ պալատի կողմից վերահսկվող օբյեկտում իրականացվող վերահսկողության ձեւ` վերահսկվող օբյեկտի գործունեության վիճակը փաստացի արձանագրելու համար»: Ենթադրվում է, որ ներկայացված օրենքի նախագծի իմաստով ստուգումը չպետք է վերաբերի, օրինակ, վարչակառավարչական իրավահարաբերություններին: Անհրաժեշտ է հստակ սահմանել, թե վերահսկվող օբյեկտի որ գործունեության վիճակը կարող է հանդիսանալ ստուգման առարկա:
6. Նախագծի հասկացություններին վերաբերող նույն հոդվածում «վերլուծություն» բառը բացատրվում է որպես «դիտարկումների ու ստուգումների արդյունքների ամփոփման միջոցով կամ առանց դրա վերահսկողության ձեւ, որը հիմնված է մասնագիտական հետազոտման, համադրման եւ եզրակացության վրա»: Այդ հասկացության սկզբնամասը, կարծես թե իրավական կարգավորման խնդիր չէ, քանի որ չի սահմանում ոչ բովանդակությանը, ոչ էլ ընթացակարգին վերաբերող որեւէ կարգավորում: Բացի այդ, կարծես թե ընթացակարգերն ու արդյունքը միախառվել են: Այսպես, վերլուծությունը` գործընթաց է, որը կարող է կատարվել հետազոտման եւ համադրման եղանակներով, իսկ եզրակացությունը վերլուծության արդյունքն է:
7. Առաջարկվում է հասկացությունների մասում ավելացնել նաեւ «Վերահսկիչ պալատի կանոնակարգ» հասկացության սահմանումը:
8. Նախագծի 5-րդ հոդվածում «իրավասությունների շրջանակներում» բառերն անհրաժեշտ է փոխարինել «իրավասության շրջանակում» բառերով, հաշվի առնելով, որ իրավասությունը մեկն է (ամբողջական) եւ նկատի ունենալով ՀՀ Սահմանդրության 834 րդ հոդվածի 4-րդ մասի դրույթին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը:
9. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետում սահմանված «գործառույթների նկատմամբ համապատասխանության ու կատարողական վերահսկողության իրականացումը» հասկացությունը որոշակի հստակեցման կարիք ունի: Նախ, «կատարողական վերահսկողություն» հասկացության սահմանումը տրված չէ հասկացությունների մեջ: Բացի այդ, Նախագծի շարադրանքից ենթադրվում է, որ վերահսկողությունն իրականացվում է տվյալ ուղղությամբ գործունեության կամ գործառույթների կատարման, այլ ոչ թե գործառույթների նկատմամբ:
10. Նախագծի նույն 5-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի շարադրանքից պարզ չէ, թե Վերահսկիչ պալատի կողմից կազմված եզրակացությունները ում են տրամադրվում:
11. Նախագծի 8-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետում «կառավարում» բառն առաջարկվում է փոխարինել «ղեկավարում» բառով, իսկ «զ» կետում սահմանված «բյուջետային միջոցների կարգադրիչ» հասկացությունն անհրաժեշտ է սահմանել:
12. Նախագծի 11-րդ հոդվածում սահմանված Վերահսկիչ պալատի խորհրդի անդամներին ներկայացվող պահանջները անորոշ են, մասնավորապես` «աուդիտի, պետական վերահսկողության, ֆինանսական կամ տնտեսագիտական բնագավառներում մասնագիտական փորձի» պահանջի տեսանկյունից: Դրանով հնարավոր չէ սահմանել որեւէ օբյեկտիվ չափանիշ:
13. Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասում «բյուջետային համակարգի մասին օրենքի» բառերն անհրաժեշտ է ձեւակերպել չակերտներում` համապատասխան օրենքի ճիշտ անվանման կիրառմամբ:
14. Նախագծի 13-րդ հոդվածի 6-րդ մասում «հավասար է» բառն անհրաժեշտ է փոխարինել «չի կարող գերազանցել» բառերով, իսկ վերջին` «բյուջեին» բառը` «ծախսերի» բառով:
15. Նախագծի 15-րդ հոդվածի 5-րդ մասում «բացառիկ դեպք» արտահայտությունն անհրաժեշտ է հստակեցնել:
16. Նախագծի 19-րդ հոդվածի 7-րդ մասում անհրաժեշտ է սահմանել ժամկետներ:
17. Նախագծի 21-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի համաձայն. «ե) Վերահսկիչ պալատի վերահսկողություն իրականացնող աշխատակիցը պարտավոր չէ բացատրություններ տալ վերահսկողության եւ դրանց արդյունքների վերաբերյալ, բացի օրենքով նախատեսված դեպքերից»: Անհրաժեշտ է առնվազն հստակ նշել օրենքով նախատեսված այդ դեպքերը կամ հղումներ կատարել համապատասխան օրենքներին:
18. Նախագծի 22-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում «գաղտնիքը» բառից առաջ անհրաժեշտ է ավելացնել«ու օրենքով պաշտպանվող այլ» բառերը: Դա վերաբերում է նաեւ Նախագծի 23-րդ հոդվածի 1-ին մասին եւ այլ դրույթների:
19. Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Վերահսկիչ պալատի վերահսկողություն իրականացնող աշխատակիցն ունի նաեւ սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով նախատեսված այլ պարտականություններ»: Առաջարկվում է քննարկել «եւ իրավական այլ ակտերով» մասը ՀՀ Սահմանդրության 835 -րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխանության տեսանկյունից:
20. Նախագծի 23-րդ հոդվածի 1-ին մասի վերջնամասում «հրապարակման» բառից առաջ անհրաժեշտ է ավելացնել «անօրինական» բառը եւ պարզաբանել հրապարակման էությունըներկայացված օրենքի Նախագծի իմաստով:
21. Նախագծի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Մինչ Վերահսկիչ պալատի խորհրդի կողմից վերահսկողության արդյունքների վերաբերյալ որոշում ընդունելը, Վերահսկիչ պալատի խորհրդի անդամներին, քաղաքացիական ծառայողներին եւ վերահսկվող օբյեկտի պաշտոնատար անձանց արգելվում է որեւէ ձեւով նախնական գնահատականների եւ եզրակացությունների հրապարակումը, բացի օրենքով նախատեսված դեպքերի»:
Անհրաժեշտ է առնվազն թվարկել օրենքով նախատեսված այն դեպքերը, երբ հարապարակումը թույլատրելի է: Միաժամանակ անհրաժեշտ է քննարկել, թե ինչ վտանգներ կան, որոնք արգելք են հանդիսանում նախնական գնահատականների եւ եզրակացությունների հրապարակմանը: Արդյոք չի հակասում դա 3-րդ հոդվածում ամրագրված օրինականության եւ հրապարակայնության սկզբունքներին: Բացի այդ, ինչ է պետք հասկանալ «հրապարակում» հասկացության տակ եւ ինչու չի կարող վերահսկվող օբյեկտի պաշտոնատար անձը օգտվել ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածում ամրագրված իր իրավունքների եւ ազատությունների իրականացման հնարավորությունից, եթե դա չի անդրադառնում ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության եւ բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների,պտավի եւ բարի համբավի պաշտպանության վրա (ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդված):
22. Նախագծի 24-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում կամ որեւէ այլ դրույթում, որը առնչվում է այդ դրույթին, անհրաժեշտ է սահմանել ժամկետ, ինչպես նաեւ պարզաբանել, թե ինչ է նշանակում «արդյունքներ» բառը եւ որ պահից է այն, ինչ հասկացվում է «արդյունքի» տակ, դիտվում որպես արդյունք:
23. Նախագծի 24-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում ներառված սահամանափակումը` ինչպես ժամանակի («նույն օրը»), ներկայացման ձեւի («գրավոր ծանուցելով»), այնպես էլ հասցեատիրոջ («Վերահսկիչ պալատի նախագահ») մասերով սահմանափակում է քաղաքացու («վերահսկվող օբյեկտի պաշտոնատար անձի»)` ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածում ամրագրված իրավունքները եւ ազատությունները:
24. Նախագծի 24-րդ հոդվածի 2-րդ մասի սկզբնամասում «ըստ պահանջի» բառակապակցությունը խիստ անորոշ է եւ չհստակեցվելու դեպքում կարող է հանգեցնել անկառավարելիության:
25. Նախագծի 24-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված` պատասխանատվությանը վերաբերող դրույթը պետք է հստակեցնել` հղումներ կատարելով համապատախան նորմատիվ-իրավական ակտերին:
26. Նախագծի 26-րդ հոդվածի 2-րդ մասում անհրաժեշտ է հստակեցնել վճարման օբյեկտիվ չափանիշները:
27. Նախագծի 28-րդ հոդվածի 1-ին մասում եւ 32-րդ հոդվածի 2-րդ մասում քաղաքացիական ծառայությանը վերաբերող դրույթները, ըստ էության, կրկնվում են:
28. Նախագծի 29-րդ հոդվածն անհրաժեշտ է լրամշակել, հստակ ներկայացնելով, որ թեեւ Վերահսկիչ պալատիի աշխատակիցները քաղաքացիական ծառայողներ են, սակայն նրանց վրա չի տարածվում քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին օրենսդրությունը, այլ տարածվում է հատուկ ծառայություններին բնորոշ վարձատրութան եղանակը: Անհրաժեշտ է նաեւ հստակեցնել «դրույքաչափերի միջինի կրկնապատիկը» հասկացությունը:
III. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ` Ա.Երեմյան
Գ. Կիրակոսյան