ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
« Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արդարադատության խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-1032-30.11.2006-ՊԻ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված « Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արդարադատության խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:
I. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:
II. « Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.
1. Նախագծի 8-րդ հոդվածի «ա» կետով առաջարկվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ. «1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով, 114-րդ հոդվածի 1-ին մասով, 115-րդ հոդվածի 1-ին մասով, 116-րդ հոդվածի 1-ին մասով, 117-րդ հոդվածով, 118-րդ հոդվածով, 119-րդ հոդվածի 1-ին մասով, 120-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, 121-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, 124-րդ հոդվածի 1-ին մասով, 128-րդ հոդվածի1-ին մասով, 135-րդ հոդվածի1-ին եւ 2-րդ մասերով,136-րդ հոդվածի1-ին եւ 2-րդ մասերով, 137-րդ հոդվածի 1-ին մասով, 158-րդ հոդվածի 1-ին մասով, 174-րդ հոդվածով, 177-րդ հոդվածի1-ին եւ 4-րդ մասերով, 178-րդ հոդվածի1-ին մասով, 179-րդ հոդվածի1-ին մասով, 181-րդ հոդվածի1-ին մասով, 183-րդ հոդվածի1-ին մասով, 184-րդ հոդվածի1-ին մասով,185-րդ հոդվածի1-ին մասով, 186-րդ հոդվածի1-ին եւ 2-րդ մասերով, 197-րդ հոդվածով, 213-րդ հոդվածի 1-ին մասով, 242-րդ հոդվածի1-ին մասով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա, եւ կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման: Հաշտությունը թույլատրվում է մինչեւ դատավճիռ կայացնելու համար դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը.»:
Առաջարկվող շարադրանքից հետեւում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում 113-րդ հոդվածի 1-ին մասով եւ 119-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը պետք է հարուցվեն միմիայն տուժողի բողոքի հիման վրա, իսկ հարուցված քրեական գործերը ենթակա են կարճման` կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ տուժողոի հաշտվելու դեպքում:
Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն. «Ոչ մեծ ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նա հաշտվել է տուժողի հետ եւ հատուցել կամ այլ կերպ հարթել է նրան պատճառած վնասը:», միաժամանակ նույն օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «2. Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ, ինչպես նաեւ անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երեք տարի ժամկետով ազատազրկումը:»: Այստեղ ուշադրության է արժանի նաեւ այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ եւ 119-րդ հոդվածների 1-ին մասերով նախատեսված հանցագործությունների սանկցիաներով սահմանված է պատիժ առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկում:
Ելնելով վերոգրյալից, գտնում ենք, որ Նախագծի 8-րդ հոդվածի «ա» կետով առաջարկկվող փոփոխությունը ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ եւ 119-րդ հոդվածների 1-ին մասերին վերաբերող հատվածով հակասում է ՀՀ քրեական օրենգրքի 73-րդ հոդվածին:
2. Նախագծի 15-րդ հոդվածով առաջարկվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը լրացնել նոր 91 բաժնով մի քանի հոդվածներով, որի 3753 րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն. «6. Դատարանը արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը :»: Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով հստակ սահմանված են պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները: Նշված հոդվածի 2-րդ մասի համաձայն. «2. Պատժի տեսակը եւ չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով եւ բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:»:
Այսպիսով, առաջարկվող փոփոխությունը հակասում է ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով սահմանված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներին:
Մեր կարծիքով, քննարկման է արժանի ծանր հանցագործությունները արագացված ընթացակարգերով քննելու դատավարական հնարավորության հարցը:
3. Նախագծի նույն 15-րդ հոդվածով նախատեսված 3751 -րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «պաշպան» բառն անհրաժեշտ է փոխարինել «պաշտպան» բառով:
4. Մեր կարծիքով քննարկմանէ արժանի Նախագծի 28-րդ եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 23-րդ հոդվածները ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասին եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության համապատասխանության հարցը:
Պետք է հաշվի առնել նաեւ, որ քրեական դատավարության օրենքի ներգործությունը ժամանակի մեջ կարգավորված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածում ամրագրված դրույթով, իսկ քաղաքացիական դատավարությունում` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասում ամրագրված դրույթով:
III. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.
Նախագծի 8-րդ հոդվածով առաջարկվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ: Նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերի պահանջները` առաջարկում ենք նոր խմբագրությամբ ներկայացված 124-րդ հոդվածի 1-ին նախադասությունը վերախմբագրել:
IV. «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արդարադատության խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարող` Հ. Իսրաելյան