ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-1036-30.11.2006-ՊԱ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված «Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթըփորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

I. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

II. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

1. Նախագծի 7-րդ հոդվածով առաջարկվել է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի 1-ին մասի «թ» ենթակետով նախատեսված դրույթը թերի է, ուստի, առաջարկում ենք այն վերախմբագրել:

2. Նշված հոդվածի 1-ին մասի «զ» ենթակետի համաձայն. «Տրանսպորտային միջոցի երթեւեկությունն արգելվում է, եթե զ) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է առանց վարորդական վկայականում նշված փաստաթղթերի կամ պարագաների (բժշկական տեղեկանք, ակնոց եւ այլն)»: Ուշադրության է արժանի «եւ այլն» բառակապակցությունը, եւ այն պարզաբանման կարիք ունի` ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 2-րդ կետին եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետին համապատասխանության տեսանկյունից:

III. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

Նախագծով փոփոխվել է վարչական օրենսգրքի մի շարք հոդվածների խմբագրությունը, այդ թվում` 123, 123.1, 123.2, 126, 128 եւ այլն, որի արդյունքում հոդվածների վերջում տեղ է գտել «Ծանոթագրություն» վերնագրով դրույթ, որով պարզաբանվել (մեկնաբանվել) է համապատասխան հոդվածում տեղ գտած որեւէ հասկացություն: Նկատի ունենալով, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված է, որ. «12. Նորմատիվ իրավական ակտում բացատրություններ կամ ծանոթագրություններ չեն տրվում: Բացատրությունների կամ ծանոթագրությունների տեքստը տրվում է առանձին հոդվածների, մասերի, կետերի կամ պարբերությունների տեսքով», ուստի, առաջարկում ենք նշված հոդվածների փոփոխությունները եւ լրացումները համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

IV. «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող` Հ. Իսրաելյան