ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին» ՀՀ օրենքում
լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-1069-23.01.2007-ՊԱ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված «Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

Հայտնում ենք, որ 2006 թվականի նոյեմբերի 30-ին շրջանառության մեջ դրված եւ 2006 թվականի դեկտեմբերի 20-ի արտահերթ նիստի ընթացքում Ազգային ժողովի կողմից մերժված համանուն օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Վարչության կողմից 2006 թվականի դեկտեմբերի 26-ին ներկայացվել է 225 թվակիր գրությամբ եզրակացություն, որում տեղ գտած առաջակություններն ու դիտողությունները հաշվի են առնվել սույն օրենքների նախագծերի փաթեթում:

Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է նշել, որ Նախագծի 331 -րդ հոդվածի 4-րդ մասը, ըստ որի «4. Արտաբյուջետային ֆոնդի միջոցները մուտքագրվում եւ օգտագործվում են ոստիկանության պետի հրամանով սահմանված կարգով` պետական ֆինանսների կառավարման բնագավառի պետական լիազոր մարմնի հետ համաձայնեցված նախահաշվի համաձայն» , հակասում է ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 2-րդ կետին, համաձայն որի. «Բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում… 2) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպես նաեւ պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը.» :

Հակասությունը, մեր կարծիքով, կայանում է նրանում, որ ըստ Նախագծի 332 -րդ հոդվածի դրույթների ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ վճարվող միջոցները համարվում են պարտադիր վճարներ, իսկ դրանց վճարման կարգը սահմանող դրույթներ տվյալ նախագիծը չի պարունակում: Ուստի, թեեւ Նախագծի 331 -րդ հոդվածի 4-րդ մասում օգտագործվում է «մուտքագրում» բառը (որը վճարման կարգի տարրերից ընդամենը մեկն է), ակնհայտ է, որ Նախագծում խոսքը գնում է հենց պարտադիր վճարների վճարման մասին:

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա. Գալստյան

Ք. Գեովշանյան