ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1090-05.02.2007-ՊԻ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:
Նախագծի 2 հոդվածի 3-րդ կետով սահմանված դրույթը տնտեսագիտական առումով հիմնավորված չէ: Հիմնարկների աշխատողների աշխատավարձը եւ սոցիալական ապահովագրության վճարները, համաձայն հաշվապահական հաշվառման հաշվային պլանի եւ այդ ոլորտը կարգավորող օրենսդրության,համարվում են վարչակառավարչական ծախսեր, եւ դրանք վերջինից առանձնացնելը ճիշտ չի լինի:
Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 2 հոդվածի 4-րդ կետին: Այսպես, գործող օրենքի 8 հոդվածի 6-րդ մասի համաձայն . «Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադիրների, հիմնադրամի մարմինների անդամների , ինչպես նաեւ հիմնադրամի աշխատողների, բացառությամբ աշխատողների աշխատավարձի եւ հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ փոխհատուցման ենթակա ծախսերի: Իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից որոշակի նպատակներով հիմնադրամին տրված նվիրաբերությունը կարող է օգտագործվել այլ նպատակներով՝ միայն նվիրաբերողի համաձայնությամբ: Հանգանակությունից ստացված միջոցները կարող են ծախսվել միայն այն նպատակով, որը հայտարարվել էր նախապես:» Տվյալ պարագայում, հիմնադրամի աշխատողների աշխատավարձի եւ սոցիալական ապահովագրության վճարների դուրս բերումը հիմնադրամի տարեկան ընդհանուր ծախսերի 20 տոկոսանոց սահմանափակման շրջանակից, կամ առաջարկվող փոփոխությամբ տվյալ սահմանափակման վերացումն ընդհանրապես (գործող օրենքի 8 հոդվածի 9-րդ մասի 2-րդ նախադասություն) կհանգեցնեն առանձին հոդվածներում ամրագրված դրույթների միջեւ հակասության առաջացմանը:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`Ա. Գալստյան
Վ. Մխիթարյան