ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին » ՀՀ օրենքի նախագծի
(փաստաթղթային կոդ` Կ-1091-06.02.2007-ՊԱ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին » ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

2. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «անձանց» բառից հետո անհրաժեշտ է ավելացնել «ինքնությունը» բառը, քանի որ տվյալ դեպքում ուսումնասիրվում է ոչ թե անձը, այլ անձի ինքնությունը:

3. Նախագծի 17-րդ հոդվածն անհրաժեշտ է վերախմբագրել, քանի որ հոդվածն անավարտ է:

4. Նախագծի 30-րդ հոդվածի համարակալումն անհրաժեշտ է հստակեցնել, իսկ վերջին պարբերության «նախատեսված» բառից հետո «են» օժանդակ բայն ավելորդ է, ուստի անհրաժեշտ է հանել:

5. Նախագծի 31-րդ հոդվածում «դատարանի որոշման քաղվածք» հասկացությունն հստակեցման կարիք ունի:

6. Նախագծի 34-րդ հոդվածի 1-ին մասն անհրաժեշտ է համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածին:

7. Նախագծի 35-րդ հոդվածում, ինչպես Նախագծի ամբողջ տեքստում «անց են կացվում» եւ «անցկացման» բառերն իրենց հոլովաձեւերով անհրաժեշտ է փոխարինել այլ համարժեք բառով` համապատասխան հոլովաձեւերով:

8. Հարկ ենք համարում նշել, որ Նախագծի բոլոր հոդվածների մասերի, կետերի համարակալումն անհրաժեշտ է հստակեցնել` համապատասխանեցնելով այն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`Հ. Իսրաելյան

Ա. Սարգսյան