ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ապրանքային եւ սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանուններիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ Կ-1113-07.03.2007-ՖՎ-010/0 ) ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված «Ապրանքային եւ սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանուններիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ`Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծի 3-րդ հոդվածի համաձայն առաջարկվում է օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«3. Հայտի ներկայացման թվականը լիազոր մարմինը սահմանում է հետեւյալ տվյալների եւ տարրերի ստացման թվականով՝ … »:

Առաջարկում ենք «տարրերի» բառը փոխարինել «փաստաթղթերի» բառով:

Նույն հոդվածի զ) կետի 2-րդ մասի բովանդակությունն առաջարկում ենք հստակեցնել:

3. Նախագծի 8-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 21.1-րդ Հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն տվյալ անձի ապրանքային նշանը որոշակի ապրանքների համար ճանաչվում է հանրահայտ, եթե այդ ապրանքների նկատմամբ լայնածավալ օգտագործման արդյունքում հանրահայտ ճանաչելու մասին դիմումում նշված թվականի դրությամբ հասարակության  համապատասխան շրջանակի համար դարձել է լավ հայտնի՝ որպես նշված ապրանքների տարբերակման (անհատականացման) միջոց։»:

Առաջարկում ենք հստակեցնել հիշյալ դրույթը, քանի որ հայտնի չէ ովքե՞ր եւ ինչպե՞ս պետք է որոշեն ապրանքային նշանի «լավ հայտնի» դառնալու շրջանակը:

4. Նախագծի ամբողջ տեքստում օգտագործված «իրավական պահպանության» բառակապակցությունը անհրաժեշտ է փոխարինել «իրավական պաշտպանության» բառակապակցությամբ:

5. Օրենքի նախագծի 10-րդ հոդվածի 4-րդ կետում «նախորդող» բառից հետո անհրաժեշտ է ավելացնել «առնվազն» բառը:

6. Նախագծի 11 -րդ հոդվածի 2-րդ կետում.

«2. «անընդհատ (ընդհանրապես) չի օգտագործվել» բառերը փոխարինել «ընդհանրապես չի օգտագործվել կամ օգտագործվել է ոչ ողջամիտ ծավալներով» դրույթը հստակեցման կարիք ունի կամ տարընթերցումներից խուսափելու համար առաջարկում ենք հիշյալ կետից հանել «ոչ ողջամիտ ծավալներով» բառակապակցությունը:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`Վ. Մխիթարյան

Ա. Գալստյան

Ա. Սարգսյան