ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծիվերաբերյալ

ՀՀ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծությանվարչությունում :

Ներկայացված օրենքի նախագծի` «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ եւ 52-րդ հոդվածների պահանջներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

ա) ՀՀ Սահմանադրության 62-րդ եւ 77-րդ հոդվածներին համապատասխան` պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատվում է Ազգային ժողովի որոշմամբ,

բ) «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 89-րդ հոդվածի 5-րդ կետի ա) ենթակետի պահանջներին համապատասխան` Ազգային ժողովում քվեարկության է դրվում պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը, որը նախապես շրջանառության մեջ է դրվում«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հաշվի առնելով վերը նշվածը, առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի փոխարեն ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագիծ:

Միաժամանակ, ներկայացված Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ հարկ ենք համարում նաեւ ներկայացնել հետեւյալ նկատառումները:

1. 2006 թվականին արձանագրված մակրոտնտեսական ցուցանիշները փաստում են, որ հանրապետության ֆինանսատնտեսական իրավիճակը բնութագրվել է ընդհանուր առմամբ կայունությամբ, կանխատեսելիությամբ եւ դինամիկ աճով, ինչն ամրապնդել է վերջին տարիներին ձեւավորված տնտեսական զարգացման ու բյուջետային քաղաքականության արդյունավետության բարձրացման միտումները: Մասնավորապես, 2006 թվականին հանրապետությունում գրանցվել է 13.4% տնտեսական աճ (ծրագրավորված 11%-ի փոխարեն), անվանական ՀՆԱ-ն կազմել է 2665 մլրդ դրամ, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մակարդակը, նախորդ տարվա համեմատ անվանական արտահայտությամբ աճելով 18.6%-ով (դոլարային արտահայտությամբ այս ցուցանիշը կազմել է 30.5%), հասել է 827394 մլրդ դրամի կամ 1989 ԱՄՆ դոլարի: Տնտեսական աճի արդյունքում 2006 թվականին ՀՆԱ-ի մա՟կար՟՟դակը գերազանցել է 1989 թվականի համանուն ցուցանիշը 29.3%-ով: Ինչ խոսք, նման պատկերը, տվյալ տարվա պետբյուջեի կատարման տեսանկյունից, կարելի է գնահատել որպես նպաստավոր եւ հուսադրող, սակայն օրինագծի մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բյուջետային եկամուտների կատարման պայմաններում հաշվետու տարում տեղ են գտել նաեւ որոշ հոդվածների գծով նախատեսված ծախսերի թերֆինանսավորման դեպքեր` հիմնականում կապված ֆինանսավորման արտաքին աղբյուրներից ակնկալվող միջոցների թերստացման հետ:

2. 2006 թվականի պետբյուջեի փաստացի եկամուտները, ծրագրված412.4 մլրդ դրամի դիմաց, կազմել են 441.5 մլրդ դրամ, որից 426.3 մլրդ դրամը կազմում են բյուջեի սեփական եկամուտները, իսկ 15.2 մլրդ դրամը` արտաքին աղբյուրներից ստացված պաշտոնական տրանսֆերտները: 2005 թվականի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ու պաշտոնական տրանսֆերտներն աճել են 17.8%-ով կամ 66.7 մլրդ դրամով, որը մեծ մասամբ ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:

3. ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի հարաբերակցության ցուցանիշը, թեեւ նախորդ տարվա համեմատ 0.2 տոկոսային կետով բարձրացել է` հասնելով 14.5%-ի, բյուջեում կանխատեսված 15.2%-ի փոխարեն, դեռեւս ցածր է մնում: Ակնհայտորեն, առաջիկա տարիներին իրականացվելիք հարկային քաղաքականության կարեւոր ուղղություններից մեկը պետք է հանդիսանա այդ հարաբերակցության բարելավումը: Հարկերի սահունության գործակիցը, որը բնութագրում է տնտեսական աճի եւ հարկերի միջեւ կապը, կազմել է 1.1: Համեմատության համար նշենք, որ 2005 թվականին այն կազմել էր 1.16: Փաստորեն, նախորդ տարվա ընթացքում արձանագրված բարձր տնտեսական աճն իր համապատասխան արտացոլումը չի ստացել հարկային եկամուտների աճի մեջ: Այս հանգամանքը, մեր կարծիքով, կարելի է բացատրել տարբեր գործոններով: Մասնավորապես, դա վկայում է այն մասին, որ հանրապետությունում համախառն ներքին արդյունքի աճը էապես պայմանավորված է եղել հարկման դաշտից դուրս գտնվող ոլորտների ունեցած տեսակարար կշռով, ինչի արդյունքում այդ ոլորտների զարգացումն իր ուղղակի արտացոլումը չի ստանում հարկային եկամուտների մեջ: Բացի այդ, հանրապետությունում հարկային վարչարարության արդյունավետությունը, չնայած այդ ուղղությամբ իրականացվող գործնական քայլերին եւ միջոցառումներին, դեռեւս մնում էցածր: Մեր կարծիքով, նշված երկու հանգամանքներն էլ պետք է առաջիկա տարիներին դառնան կառավարության կողմից լուրջ քննարկման առարկա եւ տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանմանը զուգընթաց իրականացվող քաղաքականությունը պետք է ուղղված լինի համախառն ներքին արդյունքի ճյուղային կառուցվածքի բարելավմանը եւ հարկային բեռի հավասարաչափ բաշխմանը:

4. Նախորդ տարվա համեմատությամբ որոշակի փոփոխություններ է կրել հարկային եկամուտների կառուցվածքը: Մասնավորապես, 2006 թվականին շահութահարկի գծով պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 65.3 մլրդ դրամ՝ 40.3%-ով կամ 18.8 մլրդ դրամով գերազանցելով 2005 թվականի մուտքերը: Արդյունքում, հարկային եկամուտներում շահութահարկի տեսակարար կշիռը 2.5 տոկոսային կետով բարձրացել է եւ կազմել 17.8%: Չնայած 2006 թվականի ընթացքում ուղղակի եւ անուղղակի հարկերի հարաբերակցությունը որոշակիորեն բարելավվել է (արձանագրվել է ուղղակի հարկերի տեսակարար կշռի աճ), միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ ուղղակի հարկերի մակարդակը դեռեւս ցածր է անցումային շրջանի շատ երկրների համեմատ:

5. Ավելացված արժեքի հարկի /ԱԱՀ/ գծով 2006 թվականի պետբյուջեի մուտքերը կազմել են 165.9 մլրդ դրամ` ինչպես միշտ ապահովելով հարկային եկամուտների զգալի /45.3%/ մասը: Հարկային եկամուտների կազմում անուղղակի հարկերի մեծ բաժինը հիմնականում պայմանավորված է հենց ԱԱՀ-ի բարձր տեսակարար կշռով: Ակնհայտ է, որ այս հանգամանքը հիմնականում պայմանավորված է անցումային տնտեսության պայմաններում ֆինանսական ռեսուրսների կենտրոնացման անհրաժեշտությամբ: Ըստ էության, տնտեսության բնականոն զարգացման արդյունքում այս հիմնախնդրի լուծման ակնկալումը շատ երկարատեւ կարող է լինել: Ուստի, մեր կարծիքով, այս հիմնախնդրին նույնպես կարելի է ծրագրային լուծում տալ, մասնավորապես` մշակելով եւ հետեւողականորեն իրականացնելով հարկային եկամուտների կառուցվածքի օպտիմալացման երկարաժամկետ ծրագիր` ապահովելով հարկային վարչարարության բարելավման եւ ստվերային տնտեսության ծավալների կրճատման ռազմավարության հետ դրա համահունչ բնույթը:

6. Ընդհանուր առմամբ, 2006 թվականի պետական բյուջեի ծախսերի 92% կատարողականը, մեր կարծիքով, վկայում է նախորդ տարում իրականացված բյուջետային քաղաքականության ոչ ցանկալի արդյունավետության մասին: Ծրագրային մակարդակից շեղումը, որը կազմել է 41.8 մլրդ դրամ, հիմնականում առաջացել է արտաքի ն ֆինանսավորմամբ իրականացվող վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի թերակատարման արդյունքում: Փաստորեն, եթե հաշվի առնենք նաեւ դրամի փոխարժեքի տատանումների արդյունքում առաջացած խնայողությունները, ապա, կարծում ենք, որ թերակատարումների ծավալը ավելի մեծ կլիներ: 2006 թվականին պետական բյուջեի ծախսեր/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 18.1%, որը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 0.5 տոկոսային կետով: Կարծում ենք, որ պետական բյուջեի ծախսային մասի նման կատարողականը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս, քանի որ նման գործընթացը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել պետական ծախսերի իրականացման սահունության եւ բյուջետային պարտքերի չկուտակման հետ: Այս առումով, հարկ ենք համարում նշել, որ արտաքին ֆինանսական միջոցների մեծ ծավալի նախատեսումը պետական բյուջեում միշտ էլ ի վիճակի է լուրջ դժվարություններ առաջացնել դրանց չստացման դեպքում, առավել եւս այն պարագայում, երբ նախատեսված չեն դրանց չստացման դեպքում ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ կամ ծախսերի կատարման այլընտրանքային ծրագրեր: Խնդիրը կայանում է նրանում, որ նախորդ տարիների փորձը հստակ ի ցույց է դրել ֆինանսավորման արտաքին աղբյուրների ոչ այնքան «վստահելի» լինելու հանգամանքը, ուստի ամբողջ ոլորտներ եւ ճյուղեր հիմնականում այդ աղբյուրների հաշվին պահպանելու ռազմավարությունն ի սկզբանե արդեն ռիսկային մոտեցում է եղել, եւ այս հանգամանքն անհրաժեշտ է նկատի ունենալ առաջիկա տարիներին բյուջետային պլանավորման գործընթացում: Ուստի, կարծում ենք, որ պետական բյուջեի նախագծի կազմման ժամանակ անհրաժեշտ է մշակել բյուջետային ֆինանսավորման այլընտրանքային սցենար՝ կապված արտաքին ֆինանսավորման աղբյուրներից նախատեսված միջոցների չստացման հետ:

7. 2006 թվականին նախորդ տարվա համեմատությամբ բյուջետային ծախսերն աճել են 15.3%-ով կամ ավելի քան 63.7 մլրդ դրամով: Ընդ որում, դրանում մեծ կշիռ ունի պաշտպանության, հասարակական կարգի պահպանության, կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության եւ բնակարանային շինարարության ոլորտների ֆինանսավորման աճը: Միաժամանակ պետք է նշել, որ ընդհանուր ծախսերի համեմատ սոցիալական ոլորտի ծախսերն ունեցել են առաջանցիկ աճ` կազմելով 21.1%:

8. Պետբյուջեի ծախսային մասի կատարման առումով, որպես ընթացիկ եւ առաջիկա տարիների բյուջետային գործընթացի կազմակերպման առաջնային խնդիրներ, անհրաժեշտ ենք համարում, այնուամենայնիվ, ընդգծել կապիտալ ծախսերի եւ տնտեսության որոշ ճյուղերի գծով թերֆինանսավորման հանգամանքները: Կապիտալ ծախսերը հաշվետու տարում կատարվել են 75.1 %-ով եւ կազմել ընդհանուր ծախսերի մոտ 22.2%-ը: Սա դեռեւս բավականին ցածր ցուցանիշ է մեր երկրի համար` հաշվի առած այն հիմնախնդիրները, որոնք առկա են մեզ մոտ եւ պահանջում են կապիտալ բնույթի մեծածավալ ներդրումներ:

9. Ինչ վերաբերում է պետական բյուջեի պակասուրդին, նշենք, որ դրա փաստացի ծավալը կազմել է 39.7 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատությամբ այն նվազել է 7.2%-ով կամ 3.1 մլրդ դրամով: Բյուջեի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 1.5 %-ը` նախորդ տարվա 1.9%-ի եւ ծրագրով նախատեսված 3.0%-ի փոխարեն: Ընդ որում, 2006 թվականին պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման աղբյուրների կառուցվածքում 65.8% -ը կազմել են արտաքին աղբյուրները, իսկ 34.2%-ը` ներքին աղբյուրները : Միաժամանակ, հարկ է արձանագրել նաեւ այն հանգանանքը, որ 2006 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին պետական պարտքը կազմել է 1205.6 մլն ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի 18.8%-ը՝ 2005 թվականի 1.099.2 մլն դոլարի եւ 22.4%-ի դիմաց, ինչը բավականաչափ ողջունելի միտում է:

ՀՀ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող` Գ. Կիրակոսյան