ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Թատրոնի եւ թատերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-004-20.06.2007-ԳԿ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում իրավական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Թատրոնի եւ թատերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ( այսուհետ` Նախագիծ ) եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
1. Առաջարկում ենք Նախագծում սահմանել պետական աջակցության հնարավորություն նաեւ ոչ պետական ոչ առեւտրային թատրոններին, թատերական կազմակերպություններին, ինչը կերաշխավորի պետական հակամենաշնորհային քաղաքականության ապահովվումը նաեւ թատերական գործունեության ոլորտում:
2. Առաջարկում ենք Նախագծի հասկացությունների մասում «...թատրոն, թատերական կազմակերպություն» հասկացության իմաստակիր բաղադրիչը` «թատերական կազմակերպություն» հասկացությունը, սահմանել առանձին, քանի որ այն, ըստ էության չընդգծելով հասկացությունների էական տարբերությունները, ավելորդ ծանրաբեռնում է Նախագծի մյուս հիմնական հասկացությունները (օրինակ` «պետական թատրոն», «տեղական թատրոն», «ոչ պետական թատրոն» եւ այլն):
Բացի այդ, նկատի ունենալով, որ ՀՀ մշակութային օրենսդրության մեջ գործածելի է «համայնքային» հասկացությունը, առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածում եւ ամբողջ տեքստում «տեղական թատրոն» հասկացությունը փոխարինել «համայնքային թատրոն» հասկացությամբ:
3. Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսված պետական աջակցության իրականացման համար սահմանված չեն հստակ մեխանիզմներ, մասնավորապես` հստակ չէ, թե այդ միջոցները նախատեսվելու են համապատասխան բյուջեներում:
4. Առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածի «գ» կետում հստակ սահմանել պետական թատրոնների պետական ֆինանսավորման ծավալը (ամբողջական կամ մասնակի):
5. Բացի այդ, առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածի «թ» կետը հանել, քանի որ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով պետական թատրոնների եւ թատերական կազմակերպությունների համար կոմունալ ծառայությունների դիմաց վճարների փոխհատուցումը մտնում է նույն հոդվածի «գ» կետով արդեն իսկ սահմանաված «պետական թատրոնների ֆինանսավորման» մեջ:
6. Նույն 7-րդ հոդվածի «ը» կետում, սահմանելով զանգվածային լրատվական միջոցներով թատերական արվեստի քարոզչությունը որպես պետական աջակցության ձեւ, հստակեցված չէ, թե խոսքը ո՞ր զանգվածային լրատվական միջոցներին է վերաբերվում (պետական, թե մասնավոր):
7. Ինչ վերաբերվում է խմբագրական թերություններին, առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածի`
գ «բ» կետը խմբագրել, ինչպես նաեւ «սարքավորությունների» բառը փոխարինել «սարքավորումների» բառով,
գ «ե» կետում «տեղադրում» բառը փոխարինել «նախատեսում» բառով,
գ «է» կետում «մասնագետներ» բառն ուղղել,
գ «ը» կետում «պրոպագանդում» բառը փոխարինել «քարոզչություն» կամ այլ հայերեն համարժեք բառով,
գ «թ» կետում «կառավարության» բառից հետո ավելացնել «կողմից» բառը:
8. Առաջարկում ենք Նախագծի 12-րդ հոդվածի «բ» կետում «աֆիշներ» բառը փոխարինել «ազդագրեր», իսկ 24-րդ հոդվածում «պրոֆեսիաների» բառը փոխարինել «մասնագիտությունների» կամ հայերեն այլ համարժեք բառերով:
ՀՀ Ա ԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`
Կ. Հարությունյան
Վ
. Մանուկյան
Ա. Մխիթարյան (զեկուցող)