ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին » ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-008-22.06.2007-ՊԻ-010/0 ) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին » ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

I. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին:

II. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

1. Նախագծի 1-ին հոդվածի «բ» ենթակետով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Սահմանել սույն գլխում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը՝   համաձայն հավելվածի 1-ի»:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված է, որ. « Նորմատիվ իրավական ակտում միեւնույն հասկացությունը սահմանելիս կամ միեւնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ: Իրավական ակտում տարբեր հասկացությունները չեն կարող օգտագործվել միեւնույն տերմինով: », միաժամանակ հաշվի առնելով ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասության պահանջը, համաձայն որի. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսդրությունը բաղկացած է սույն օրենսգրքից», ինչպես նաեւ օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածներում «հոգեներգործուն» բառի օգտագործման հանգամանքի հաշվառմամբ առաջարկում ենք Նախագծի նշված փոփոխության մեջ եւ ամբողջ Նախագծի տեքստում «հոգեմետ» բառը փոխարինել «հոգեներգործուն» բառով:

Հիշյալ հարցի կապակցությամբ առաջարկում ենք կազմակերպել քննարկում «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

2. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է օրենսգիրքը լրացնել նոր 269.1 հոդվածով: Նշված լրացումը ամբողջական դարձնելու, ինչպես նաեւ տարամեկնաբանությունից խուսափելու նպատակով առաջարկում ենք նշված հոդվածի 1-ին մասի «կեղծված» բառից առաջավելացնել «դրանց վերաբերյալ» բառերը:

III. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին » ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող` Հ.Իսրաելյան (զեկուցող)