ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ (Փաստաթղթային կոդ` Կ-035-20.07.2007-ՖՎ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը քննարկվել են ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

Ներկայացված օրենքների նախագծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները.

  1. Ներկայացված օրենքների նախագծերով առաջարկվում է տեղական ինքնակառավարման մարմիններին իրավունք վերապահել բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում վարչական բյուջեում առաջացող դեֆիցիտի ֆինանսավորման համար ավագանու որոշմամբ ՀՀ կառավարության սահմանած կարգով ներգրավել համայնքի ֆոնդային բյուջեի ժամանակավոր ազատ դրամական միջոցները` տվյալ բյուջետային տարում դրանք ֆոնդային բյուջե վերադարձնելու պայմանով: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի հոդված 61-ի 3-րդ մասի. «Համայնքի բյուջեի ֆոնդային մասից ֆինանսավորվում են պարտադիր եւ կամավոր լիազորությունների իրականացման հետ կապված կապիտալ (Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված իմաստով) եւ ստացված վարկերի մարման ծախսերը»: Փաստորեն, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում ամրագրված կարեւոր սկզբունքներից մեկն այն է, որ համայնքի բյուջեի վարչական մասը նախատեսված է ընթացիկ, իսկ ֆոնդային մասը` կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար: Ի դեպ, այդ տրամաբանությունից ելնելով էլ սահմանված են դրանց մուտքերի աղբյուրները: Ինչ վերաբերում է ներկայացված նախագծերով առաջարկվող լրացումներին, ապա դրանք որոշակիորեն խաթարում են նշված սկզբունքը, առավել եւս, որ սահմանված չեն ֆոնդային բյուջեից վարչական բյուջե ներգրավվող միջոցների վերադարձման հստակ մեխանիզմները, դրանց նկատմամբ արդյունավետ վերահսկողության լծակները եւ պատասխանատվության այն միջոցները, որոնք պետք է կիրառվեն հակառակ պարագայում:
  2. Ներկայացված երկու նախագծերի միջեւ առկա են որոշակի անհամապատասխանություններ ձեւակերպումների առումով: Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 2-ով սահմանվում է, որ ավագանու որոշմամբ են ներգրավվում ֆոնդային բյուջեի ժամանակավոր ազատ միջոցները վարչական բյուջե, մինչդեռ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 1-ի 2-րդ մասի համաձայն դա իրականացվում է «ավագանու առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»:
  3. Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


Կատարող`Գ. Կիրակոսյան