ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մեղվաբուծության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
(Փաստաթղթային կոդ`  Պ-030-17.07.2007,06.08.2007-ՏՀ-010/0)

          

          

             Ի լրումն 2007 թվականի հուլիսի 17-ի գրության  շրջանառության մեջ դրված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մեղվաբուծության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Նախագիծ)  նախագիծը քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

            Ներկայացված Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

          Համեմատությունից պարզվեց, որ ի լրումն  2007 թվականի հուլիսի 17-ին օրենսդրական նախաձեռնության կարգով շրջանառության մեջ դրված «Մեղվաբուծության մասին» ՀՀ օրենքի  նախագծում ավելացել է 8 հոդված, որոնց վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

          Միաժամանակ   հայտնում ենք, որ 2005 թվականի սեպտեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովում պաշտոնական շրջանառության մեջ դրված նույնանուն օրենքի նախագծի վերաբերյալ (Պ-696-28.09.2005-ՍԱ-010/0 փաստաթղթային կոդով) Վարչության կողմից 2005 թվականի հոկտեմբերի 26-ին ներկայացվել է N 185 եզրակացությունը, որի որոշ դրույթներ հարկ ենք համարում կրկին ներկայացնել` ի լրումն  2007 թվականի հուլիսի 17-ին օրենսդրական նախաձեռնության կարգով շրջանառության մեջ դրված «Մեղվաբուծության մասին» ՀՀ օրենքի  նախագծի (Պ-030-17.07.2007-ՏՀ-010/0 փաստաթղթային կոդով ) վերաբերյալ:

                 1.    Նախագծի 4 հոդվածից հստակ չի երեւում, թե ի՞նչ է իրենից ներկայացնում «մեղվաբուծական հասարակական միավորումները»: Մեր կարծիքով, այս հասկացությունը  նպատակահարմար է սահմանել առաջին հոդվածում` հասկացությունների մեջ:

                  2.   Նախագծի 5 հոդվածում նշվում է, որ. «ՀՀ քաղաքային համայնքներում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար տեղական ինքնակառավարման մարմինները կարող են սահմանել մեղվաընտանիքների եւ մեղվանոցների  առավելագույն թիվը` ելնելով մեղրատու մեղուների խնամքի ու անասնաբուժասանիտարական եւ քաղաքաշինական նորմերից... »: Տվյալ դեպքում Նախագծով անուղղակի սահմանափակումներ է նախատեսվում  քաղաքային համայնքներում մեղվաընտանիքների առավելագույն թվի սահմանմամբ: Իրավունքի տեսանկյունից հարց է ծագում, իսկ ինչո՞ւ  այս սահմանափակումը չի տարածվում նաեւ գյուղական համայնքների վրա:

3.   Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունն արդեն իսկ սահմանված է սույն Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասում:

4.     Նախագծի 21-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված է. «Եթե միասնական պարսը  ինքնուրույն բաժանվում է, ապա դրանց նկատմամբ սեփականությունը որոշվում է վիճակահանությամբ, որի անցկացման կարգը սահմանվում է լիազորված մարմնի կողմից` սույն օրենքը ընդունվելուց հետո մեկամսյա ժամկետում:» Մինչդեռ,  Նախագծի 20-րդ հոդվածը ամրագրում է թռած-հեռացած  պարսի վերադարցնելու իրավունքը, համաձայն որի «Մեղվի պարսը բաց թողած ֆիզիկական կամ իրավաբանական անձը այն վերադարձնելու իրավունք ունի, եթե անընդհատ հետապնդել է պարսը: Այդ դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որը բաց է թողել  մեղվի պարսը, իրավունք ունի հավաքելու այն, եթե մեղվի պարսը տեղակայվել է ուրիշի տարածքում կամ այլ անձի դատարկ փեթակում:» Բացի այդ, Նախագծի 22 հոդվածը ամրագրում է թռած-հեռացած  մեղվի պարսի արժեքի փոխհատուցման իրավունք: Տվյալ դեպքում, մեր կարծիքով,  կարող է խնդիրր ծագել  վիճակահանությունը շահած անձի եւ պարսի նախկին սեփականատիրոջ միջեւ, որը, ըստ սույն Նախագծի, ունի եւ... թռաց-հեռացած պարսը վերադարցնելու իրավունք, եւ... դրա արժեքի փոխհատուցման իրավունք: Այս հարաբերությունները հստակ կարգավորման անհրաժեշտություն ունեն:

5.       Նախագծի 23-րդ հոդվածի 1-ին մասում տված է «անվերահսկելի պարսի» հասկացությունը: Առաջարկում ենք  սահմանել նաեւ «չհետապնդվող կամ անհայտ ծագում ունեցող պարս» հասկացությունը, ապա տեղափոխել այն Նախագծի 1-ին հոդված, որտեղ սահմանված են հասկացությունները:

6.    Նախագծի 25-րդ հոդվածն անհրաժեշտ է համապատասխանեցնել օրենսդրական տեխնիկայի կանոններին: Մասնավորապես` ի/, լ/, խ/, ծ կետերը փոխարինել համապատասխանաբար ժա, ժբ, ժգ, ժդ կետերով: Բացի դրանից, ժա եւ ժբ կետերի վերջակետերը փոխարինել ստորակետով:

7.    Նախագծի 29-րդ հոդվածի 3-րդ մասի բովանդակությունն արդեն իսկ շարադրված է Նախագծի 28-րդ հոդվածի 3 մասում:

8.     Նախագծում առկա են նաեւ խմբագրական եւ տեխնիկական բնույթի թերություններ:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող`


Ա.Մխիթարյան  

Վ.Մանուկյան