ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-0 69 -09.08.2007 -ՏՀ-010/0 ) վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

Սույն օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Օրինագծի վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները:

1. Նախագծի 1-ին հոդվածի «գ» կետով առաջարկվող փոփոխության «եռապատիկի չափով» բառակապակցությունից անհրաժեշտ է հանել «չափով» բառը, քանի որ Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «կրկնապատիկի» բառից հետո «չափով» բառն արդեն կա:

2. Նախագծի 1-ին հոդվածի «զ» կետով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների արդյունքում Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի շարադրանքը, խմբագրական առումով, բավականին անհարթ եւ ինչ-որ տեղ նաեւ մեկնաբանելի կստացվի: Այս կապակցությամբ, առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածի «զ» կետը շարադրել հետեւյալ (նոր) խմբագրությամբ`

«զ) հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականի կրկնօրինակ ստանալու կամ այդ մասին տեղեկանք ստանալու ծանուցում ուղարկելու համար»:

3. Սույն եզրակացության 2-րդ կետում ներկայացված դիտողությունը վերաբերում է նաեւ նախագծի 1-ին հոդվածի «է» կետին, ուստի դրանով ներկայացված լրացման տեքստն առաջարկում ենք շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«11. Հայաստանի Հանրապետության

տարածքից դուրս քաղաքացիական

կացության ակտերի գրանցման վկայականի

կրկնօրինակ ստանալու կամ այդ մասին

տեղեկանք ստանալու ծանուցում                                                                                       բազային տուրքի

ուղարկելու համար                                                                                                         կրկնապատիկի չափով»:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:



ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող`Ա. Թամազյան