ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման
վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
(Փաստաթղթային կոդ` Կ-071-09.08.2007-ՏՀ-010/0)
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:
Սույն օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Օրենքի նախագծում առկա են մի շարք թերություններ, որոնց վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները:
1. Խմբագրական հստակեցման առումով առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածի «կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց» բառերը տեղափոխել «հարկային մարմնում» բառերից հետո:
2. Նախագծի 3-րդ հոդվածի «գ» կետով անհատ ձեռնարկատերերի առանձնացումն ըստ էության նպատակահարմար չէ (առավել եւս, որ «Հայաստանի Հանրապետության անհատ ձեռնարկատեր» հասկացությունն իմաստային առումով սխալ է), ուստի առաջարկում ենք նույն հոդվածի «ա» կետի վերջում ավելացնել «եւ անհատ ձեռնարկատերերի» բառերը` հանելով «գ» կետը, կամ էլ նշված «գ» կետում «Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած» բառերով:
3. Նախագծի 4-րդ հոդվածի`
ա) 1-ին մասի «հարկ վճարողի հաշվառման համար» եւ «հարկ վճարողների վերաբերյալ տվյալների միասնական բանկ» հասկացություններում «կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց» բառերի փոխարեն առաջարկում ենք օգտագործել համապատասխանաբար` «հարկ վճարողներին» եւ «հարկ վճարողների» բառերը, քանի որ այս հոդվածի նույն մասում արդեն իսկ տրված է «հարկ վճարող» հասկացության սահմանումը, իսկ դրա օգտագործումն էականորեն կպարզեցնի մյուս երկու հասկացությունների բովանդակությունը,
բ)1-ին մասում տրվում է «հարկ վճարողների վերաբերյալ տվյալների միասնական բանկ» հասկացության սահմանումը, որը, սակայն, օրենքի նախագծի ամբողջ տեքստում ոչ մի տեղ չի օգտագործվում, այն դեպքում, երբ նույն իմաստով նախագծում օգտագործվում է «հարկային հաշվառման միասնական ռեեստր» հասկացությունը: Այս կապակցությամբ առաջարկում ենք «հարկ վճարողների վերաբերյալ տվյալների միասնական բանկ» հասկացության փոխարեն (ելնելով նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներից) նույն տեղում տալ «հարկային հաշվառման միասնական ռեեստր» հասկացության սահմանումը` հետեւյալ խմբագրությամբ.
«հարկային հաշվառման միասնական ռեեստր ` Հայաստանի Հանրապետության հարկային մարմնում հաշվառված հարկ վճարողների վերաբերյալ տվյալների միասնական բանկ,»,
գ) 2-րդ մասը, մեր կարծիքով, այնքան էլ հաջող չէ ձեւակերպված եւ խմբագրական առումով, կարծում ենք, չի արտացոլում այն իմաստը, որը ցանկացել է դրանով արտահայտել նախաձեռնության հեղինակը (տվյալ դեպքում կարեւորը ոչ թե «ֆիզիկական անձ» եւ «անհատ ձեռնարկատեր» հասկացությունների համարժեքության ընդգծումն է, այլ օրենքի դրույթները միաժամանակ երկուսի վրա տարածելը` դրանք առանձին չհիշատակվելու դեպքում): Այս կապակցությամբ առաջարկում ենք տվյալ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«2. Սույն օրենքի` ֆիզիկական անձանց վերաբերող դրույթները տարածվում են նաեւ անհատ ձեռնարկատերերի վրա, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:»:
4. Նախագծի 5-րդ հոդվածի`
ա) 1-ին եւ 3-րդ մասերում նույն իմաստով օգտագործվում են երկու տարբեր հասկացություններ` «հարկ վճարողների հարկային հաշվառման միասնական համակարգ» եւ «կազմակերպությունների հարկային հաշվառման միասնական ռեեստր» (վերջինից տարանջատվել է նաեւ «ֆիզիկական անձանց հարկային հաշվառման միասնական ռեեստրը»), որոնք շփոթություն կարող են առաջացնել, առավել եւս` երբ խոսքը գնում է միասնական ռեեստրի մասին, ապա ենթադրվում է, որ կարող է լինել այդպիսի միայն մեկ ռեեստր: Այս կապակցությամբ առաջարկում ենք նախագծի ամբողջ տեքստում օգտագործել «հարկային հաշվառման միասնական ռեեստր» հասկացությունը, որի սահմանումը տրվեց սույն եզրակացության 3-րդ կետի «բ» ենթակետում,
բ) նմանատիպ խնդիր գոյություն ունի նաեւ 2-րդ մասի հետ կապված, այն առումով, որ այս մասում օգտագործվում է «Հայաստանի Հանրապետության հարկային մարմին» հասկացությունը, նախագծի 6-րդ հոդվածի 8-րդ մասում` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն», իսկ նախագծի մի շարք այլ հոդվածներում` «հարկային մարմին» հասկացությունները: Այս կապակցությամբ նախագծի ամբողջ տեքստում անհրաժեշտ է օգտագործել նույն հասկացությունը (ցանկալի է` «Հայաստանի Հանրապետության հարկային մարմին»-ը, որը կարելի է հապավել եւ օգտագործել որպես «պետական կառավարման լիազորված մարմին» կամ կրճատ` «Լիազարված մարմին»),
գ) 3-րդ մասում նշվում է, որ. « հարկային հաշվառման միասնական ռեեստրի ձեւը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:», սակայն բանը նրանում է, որ ռեեստրի ձեւը ֆիզիկապես հնարավոր չէ հաստատել (եթե չասենք` անիմաս է): Կարծում ենք, տվյալ դեպքում խոսքը գնում է ոչ թե ռեեստրի ձեւի, այլ դրա ձեւավորման կարգի մասին, ուստի առաջարկում ենք «ռեեստրի ձեւը» բառերը փոխարինել «ռեեստրի ձեւավորման» բառերով:
5. Նախագծի 6-րդ հոդվածի`
ա) 1-ին մասի վերջում տեղ գտած « հարկ վճարողի հաշվառման համարը հանդիսանում է նրա ինքնատիպ նույնականացումը» արտահայտությունը մի կողմից անորոշ է, իսկ մյուս կողմից էլ ոչ ճիշտ (հաշվառման համարը չի կարող նույնականացում հանդիսանալ, քանի որ վերջինս գործընթաց է): Այս կապակցությամբ առաջարկում ենք տվյալ մասի «հանդիսանում է նրա ինքնատիպ նույնականացումը» բառերը փոխարինել «հանդիսանում է նրա ինքնության նույնականացման միջոց» բառերով,
բ) 2-րդ մասի դրույթը որոշակի հարցադրումների անհրաժեշտություն է առաջացնում, մասնավորապես` եթե ենթադրվում է, որ ավելացված արժեքի հարկ վճարողների հաշվառման համարների տրամադրման կարգը պետք է (կամ կարող է) ունենալ առանձնահատկություներ, ապա ինչու՞ այդ առանձնահատկությունները (առանձին հոդվածի տեսքով) տվյալ օրենքում սահմանելու փոխարեն ՀՀ կառավարությանն իրավասություն է տրվում սահմանելու առանձին կարգ, կամ ո՞րն է այստեղտրամաբանությունը` երբ բոլոր հարկատեսակների գծով հարկ վճարողների հաշվառման համարների տրամադրման կարգը սահմանվում է օրենքով, իսկ միայն ԱԱՀ-ի գծով` ՀՀ կառավարության որոշմամբ եւ այլն: Այս կապակցությամբ առաջարկում ենք. եթե իսկապես առակա է ԱԱՀ-ի գծով որոշակի առանձնահատկությունների ամրագրման անհրաժեշտություն, ապա դրանք պետք է ամրագրել սույն նախագծում, հակառակ դեպքում` անհարժեշտ է հանել նշված 2-րդ մասը,
գ) 3-րդ մասում նշվում է, որ. «Հարկ վճարողի հաշվառման համարը միակն է », ինչը ճիշտ չի արտահայտում տվյալ դրույթի իրական բովանդակությունը (այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ բոլոր հարկ վճարողները միասին պետք է ունենան մեկ միասնական հաշվառման համար): Այս կապակցությամբ առաջարկում ենք «հաշվառման համարը միակն է» բառերը փոխարինել «հաշվառման համարը եզակի է, որը տրվում է մեկ անգամ» բառերով,
դ) 3-րդ մասի երկրորդ նախադասության վերջում անհրաժեշտ է ավելացնել «, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերից» բառերը, քանի որ հենց նույն մասում շարադրված են այն դեպքերը, երբ հարկային հաշվառման համարը մեկ հարկ վճարողից փոխանցվում է մեկ այլ հարկ վճարողի,
ե) 3-րդ մասի երրորդ նախադասությամբ սահմանված դրույթը («Կազմակերպության վերակազմավորման դեպքում հարկ վճարողի հաշվառման համարը փոխանցվում է նրա իրավահաջորդին») ճիշտ է նաեւ այս մասի «ա» եւ «գ» կետերի առումով (այս կետերով նշված դեպքերում եւս առկա են իրավահաջորդներ), այն դեպքում, երբ տպավորություն է ստեղծվում, որ նշված «ա» եւ «գ» կետերով նախատեսված դեպքերը («իսկ վերակազմակերպման մյուս եղանակների դեպքում» արատահայտության շնորհիվ)չեն ենթարկվում ընդհանուր կանոնին, կամ այլ կերպ ասած` տպավորություն է ստեղծվում, թե կազմակերպության վերակազմավորման դեպքը միանգամայն այլ բան է, քան դրա տարբեր եղանակները հանդիսացող դեպքերը: Այս կապակցությամբ հստակություն մտցնելու նպատակով առաջարկում ենք 3-րդ մասի երրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «Կազմակերպության վերակազմավորման դեպքում հարկ վճարողի հաշվառման համարը, որպես կանոն, փոխանցվում է նրա իրավահաջորդին, այդ թվում`»,
զ) 3-րդ մասին «ա» եւ «բ» կետերում «հանվում է հաշվառումից» բառերն անհրաժեշտ է փոխարինել «հանվում է հարկային հաշվառման միասնական ռեեստրից» բառերով, քանի որ տվյալ օրինագծի տրամաբանությամբ հաշվառման ենթակա են ոչ թե հարկ վճարողների հաշվառման համարները , այլ հաշվառման այդ համարները ստացած հարկ վճարողները ,
է) նախադասությունների հստակեցման առումով առաջարկում ենք 5-րդ մասի «Նոտարների» բառը տեղափոխել «հարկային մարմնում» բառերից հետո, իսկ 6-րդ մասի «հարկային մարմնում» բառերը` այդ նախադասության սկիզբ` «Դիվանագիտական» բառից առաջ,
ը) 10-րդ մասի «առկայության» բառն անհրաժեշտ է փոխարինել «ներկայացման» բառով, քանի որ հարկ վճարողի հաշվառման համարի առկայությունը դեռեւս չի պարտադրում նրան ներկայացնելու այդ համարը:
6. Նախագծի 8-րդ հոդվածի մասերի համարակալումը հստակեցման կարիք ունի: Ներկայացված տեսքով ստացվում է, որ դրա 4-րդ մասը այս հոդվածի առաջին պարբերության շարունակությունն է, այնինչ դա միանգամայն առանձին մաս է:
7.Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի եւ 3-րդ մասի «ա» կետի «սոցիալական քարտի (առկայության դեպքում) պատճեները» բառերն առաջարկում ենք փոխարինել «սոցիալական քարտի պատճեները կամ սոցիալական քարտից հրաժարվելու մասին տեղեկանքը» բառերով, որը թույլ կտա խուսափել սոցիալական քարտից հրաժարված քաղաքացիներին հարկային հաշվառման վերցնելու հետ կապված բարդություններից եւ տարընթարցումներից:
8. Նախագծի 10-րդ հոդվածի`
ա) 1-ին մասի «հաջորդ աշխատանքային օրը» բառերն առաջարկում ենք փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով, քանի որ հաշվառման համարների տրամադրման նախատեսվող ընթացակարգը բավականին ժամանակատար է եւ համապատասխան մարմինները կարող են «չտեղավորվել» մեկօրյա ժամանակահատվածում,
բ) 2-րդ մասի դրույթը մասնակիորեն կրկնում է այս հոդվածի 1-ին մասին, որի կապակցությամբ առաջարկում ենք 2-րդ մասի «, որի ձեւաթուղթը եւ դրանում պարունակվող տեղեկությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» նախադասությունը տեղափոխել 1-ին մասի վերջը եւ հանել 2-րդ մասը,
գ) 4-րդ մասում, միասնական տերմինաբանության օգտագործման նկատառումներից եւ օրենսդրական տեխնիկայի կանոնների պահպանման անհրաժեշտությունից ելնելով, առաջարկում ենք «ռեեստրում» բառից առաջ ավելացնել «միասնական» բառը:
9. Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի «8-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի ցանկին» բառերն առաջարկում ենք փոխարինել «8-րդ հոդվածով սահմանված պահանջներին» բառերով:
10. Ավելորդ հարցադրումներից եւ բարդություններից խուսափելու նպատակով առաջարկում ենք նախագծի 13-րդ հոդվածի վերջում ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 4-րդ մաս.
«4. Հարկ վճարողներին հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու համար պետական տուրք չի գանձվում:»:
11. Նախագծի 15-րդ հոդվածի «օրենսդրությամբ» բառն անհրաժեշտ է փոխարինել «օրենքով» բառով, քանի որ ՀՀ Սահմանդրության 83.5.-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. « ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը » սահմանվում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով:
12. Նախագծում առկա են նաեւ մի շարք խմբագրական բնույթի թերություններ, որոնք կարող են ներկայացվել աշխատանքային կարգով:
ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`Ա. Թամազյան
Ա. Դանիելյան