ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Թատրոնի եւ թատերական գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
(փաստաթղթային կոդ` Կ-084-23.08.2007-ԳԿ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված «Թատրոնի եւ թատերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծի 3-րդ հոդվածում սահմանված են նախագծում օգտագործված հիմնական հասկացությունները, որտեղ ասվում է. «թատրոն` մշակութային կազմակերպություն (անհատ ձեռնարկատեր, ֆիզիկական անձ), որի գործունեության հիմնական նպատակը թատերական բեմադրությունների եւ այլ ... »: Առաջարկում ենք «ֆիզիկական անձ» եւ «անհատ ձեռնարկատեր» բառերը հանել կամ հստակեցնել թատրոնի` որպես մշակութային կազմակերպության գործունեության մեջ նրանց մասնակցության խնդիրը:

3. Համաձայն «Իրավական ակտերի մասի» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների` իրավական ակտերում պետք է բացառվեն իրավական նորմերի անհիմն կրկնությունները: Մինչդեռ, նախագծի 4-րդ հոդվածում օգտագործված են դրույթներ, որոնք արդեն իսկ ամրագրված են «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում:

Առաջարկում ենք վերախմբագրել նախագծի 4-րդ հոդվածը եւ համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի վերոհիշյալ հոդվածի պահանջներին:

4. Նախագծի 4-րդ հոդվածի «...թատրոնի կողմից մատուցվող ծառայություններ եւ իրականացվող արտադրանքից /ապրանքներից/ օգտվելու մատչելիության ապահովումը եւ պաշտպանությունը» դրույթն անհրաժեշտ է հստակեցնել:

Բացի այդ, հարկ է նշել, որ թատրոնի կողմից մատուցվող ծառայություններ եւ իրականացվող արտադրանք /ապրանք/ հասկացությունները սահմանված չեն նախագծի հիմնական հասկացությունների շարքում, որ ն , իր հերթին, եւ ս հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին:

5. Առաջարկում ենք Նախագծի 14-րդ հոդվածը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերության պահանջներին:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ Վ ԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն

Կատարող` Ա. Դանիելյան