ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ջրօգտագործողների ընկերություններին հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-086-23.08.2007-ՏՀ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ջրօգտագործողների ընկերություններին հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներակայցվում է Վարչության եզրակացությունը:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծի ընդունման հիմնավորման մեջ նշվում է, որ Նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 8-ի N 188-Ն որոշման 2-րդ կետի «դ» ենթակետի: Ընդ որում, հիշյալ որոշմամբ նախատեսվել է առաջարկություն ներկայացնել ջրօգտագործողների ընկերություններին միայն 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ առաջացած շահութահարկի մասով ապառքների եւ դրանց նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների գծով արտոնություններ տալու վերաբերյալ: Մինչդեռ, Նախագծով առաջարկվում է նաեւ հարկային արտոնություններ տրամադրել ոչ միայն մինչեւ օրենքի ընդունման պահն առաջացած հարկային ապառքների, այլ նաեւ այլ հարկատեսակների (եկամտահարկ, ավելացված արժեքի հարկ) եւ սոցիալական ապահովագրության վճարների գծով հաշվարկված եւ չվճարված տույժերից եւ տուգանքներից:

3. Ըստ Նախագծին կից ներկայացված օրենքի ընդունման հիմնավորման` Նախագծով առաջարկվող հարկային արտոնության ընդհանուր գումարը կազմելու է 392.3 մլն. դրամ, որի տրամադրումը, կարծում ենք, կհանգեցնի պետական բյուջեի եկամուտների նվազեցմանը, թերեւս դա կարող է լինել ոչ էական: Մինչդեռ, Նախագծին կից ներկայացված եզրակացությամբ նշվում է, որ օրենքի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում չի նախատեսվում:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող` աշխ. խումբ