Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-089-28.08.2007-ՊԻ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Բաղդասարյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Գուրգեն Սարգսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ ը (այուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում :
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի» 16-րդ հոդվածի 2-րդ մասի «արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով» բառերից հետո լրացնել հետեւյալ նախադասությամբ.
«Դռնփակ դատական քննությունն իրականացվում է նաեւ այն դեպքում, երբ դատարանի որոշմամբ լրատվական գործունեություն իրականացնողին, ինչպես նաեւ լրագրողին պարտադրվում է բացահայտել տեղեկատվության աղբյուրը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ընդունվել է 1998 թ. հուլիսի 1-ին: Օրենսգրքի 16-րդ հոդվածն ամբողջությամբ, ներառյալ`հոդվածի 2-րդ մասը խմբագրվել է 2006թ. մայիսի 25-ի ՀՕ 91-Ն օրենքով: Այդ օրենքի 7-րդ հոդվածով Օրենսգրքի 16-րդ հոդվածը շարադրել սկզբունքորեն նոր` հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 16. Դատական քննության հրապարակայնությունը
1. Քրեական գործերի դատական քննությունը բոլոր դատարաններում դռնբաց է, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերի։
2. Դատարանի որոշմամբ դռնփակ դատական քննություն կարող է անցկացվել պետական եւ ծառայողական գաղտնիքների հետ առնչվող հանցագործությունների գործերով։
Դատարանի նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակիցների միջնորդությամբ բացառիկ դեպքերում, եթե դա չի վնասի արդարադատության իրականացմանը կամ չի հանգեցնի դատավարության հրապարակայնության սկզբունքի չարդարացված սահմանափակմանը, դատարանի որոշմամբ դռնփակ դատական քննություն կարող է անցկացվել նաեւ՝
1) անձնական եւ ընտանեկան կյանքին, անձի պատվին եւ արժանապատվությանն առնչվող հանցագործությունների վերաբերյալ գործերով.
2) անձի սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ գործերով.
3) քրեական դատավարությանը մասնակցող անձանց կամ նրանց մերձավոր ազգականների պաշտպանության անհրաժեշտության դեպքում։
Դատարանը դռնփակ դատական քննություն կարող է անցկացնել նաեւ ազգային անվտանգության եւ հասարակական կարգի պաշտպանության նկատառումներով, ինչպես նաեւ սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում։
3. Դռնփակ դատական քննություն անցկացնելու մասին դատարանի որոշումը կարող է կայացվել ամբողջ դատական քննության կամ դրա համապատասխան մասի վերաբերյալ։ Դռնփակ դատական քննությունն անցկացվում է քրեական դատավարության նորմերի պահպանմամբ։
4. Դատարանների դատավճիռները եւ այլ վերջնական որոշումները հայտարարվում են հրապարակայնորեն։ Դռնփակ դատական քննություն անցկացնելու դեպքում դատարանի որոշման հիման վրա կարող են հրապարակայնորեն հայտարարվել դատավճռի կամ այլ վերջնական որոշման միայն ներածական եւ եզրափակիչ մասերը. չեն հրապարակվում այն մասերը, որոնք հիմք են հանդիսացել դռնփակ դատական քննություն անցկացնելու համար»։
Օրենսգրքի 16-րդ հոդվածի տեքստում, ներառյալ` 16-րդ հոդվածի 2-րդ մասում «արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով» արտահայտություն չկա: Բացի այդ 2-րդ մասի բովանդակությունը ամբողջությամբ փոփոխվել է: Այդ հիմքով Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող փոփոխությունը 16-րդ հոդվածի 2-րդ մասում հիմնավորված չէ:
2. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվել է «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի» 86-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) լրատվական գործունեություն իրականացնողը եւ լրագրողը` պարզելու համար տեղեկատվության աղբյուրը, բացառությամբ` դատարանի որոշմամբ` քրեական գործի առիթով` ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով, եթե հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, եւ սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները»:
Այդ առաջարկությունն ընդունելի չէ հետեւյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասը բաղկացած է 6 կետից: Օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասը 6-րդ կետով լրացվել է 2006 հունիսի 1-ին ընդունված ՀՕ-113 օրենքով եւ ունի հետեւյալ բովանդակությունը.
«6) մարդու իրավունքների պաշտպանը` իր պարտականությունները կատարելու կապակցությամբ իրեն հայտնի դարձած հանգամանքների մասին»:
Ինչ վերաբերում է Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող` ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասը լրացվող դրույթի բովանդակությանը, ապա «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը վերնագրված է` Տեղեկատվության աղբյուրների պաշտպանությունը: Այդ հոդվածի համաձայն.
«1. Լրատվական գործունեություն իրականացնողները եւ լրագրողները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Տեղեկատվության աղբյուրի բացահայտումը լրատվական գործունեություն իրականացնողին, ինչպես նաեւ լրագրողին կարող է պարտադրվել դատարանի որոշմամբ՝ քրեական գործի առիթով՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով, եթե հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, եւ սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները: Այդ դեպքում, լրագրողի միջնորդությամբ, դատական քննությունն իրականացվում է դռնփակ։»
3. Նախագծի վերաբերյալ առկա են «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարմանը վերաբերող դիտողություններ, որոնք կարող են քննարկվել աշխատանքային կարգով:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն
Կատարող` Ա. Երեմյան