ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-099-29.08.2007-ՍԱ-010/0 ) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված « Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

1.Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2.Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետի «հոդվածից» բառը փոխարինել «հոդվածի 1-ին մասից» բառերով, իսկ «եւ» շաղկապը` «իսկ 2-րդ մասից հանել» բառերով:

3.Նախագծի 1-ին հոդվածի «ՀՈԴՎԱԾ 47.4» -ի 6-րդ մասի «նվազագույն» բառն առաջարկում ենք հանել, քանի որ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանված է «հիմնական դեղերի ցանկ» որն էլ հանդիսանում է պարտադիր ցանկ դեղատների համար, ուստի պատասխանատվություն չի կարող սահմանվել անորոշ նվազագույն քանակի համար:

4. Նախագծի 1-ին հոդվածի «ՀՈԴՎԱԾ 47.4» -ի 10-րդ մասի «օրենսդրության» բառից առաջ առաջարկում ենք ավելացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը:

5.Նախագծի 1-ին հոդվածի վերջին «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության մարմինները քննում են օրենսգրքի 45-475 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը» պարբերությունում անհրաժեշտ է հստակեցնել, թե ո՞ր հոդվածներով ու դրանց մասերով եւ ո՞ր պաշտոնատար անձն իրավունք ունի ՀՀ առողջապահության նախարարության անունից քննել վարչական գործեր եւ նշանակել վարչական տույժեր:

4. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածը վերախմբագրել` պահպանելով 236-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված հոդվածների հերթականության սկզբունքը:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող ներ `
Ա. Երեմյան
Մ. Հակոբյան