ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հանրակրթության մասին», «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերիփաթեթի վերաբերյալ(փաստաթղթային կոդ` Կ-101-29.08.2007-ԳԿ-010/0 )

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրակրթության մասին», «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

I. «Հանրակրթության մասին» ՀՀ օ րենքի նախագծի վերաբերյալ.

1. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետում տեղ գտած « նրա անձի` որպես ապագա քաղաքացու ձեւավորմանը, ինքնուրույն կյանքին նախապատրաստմանը, մասնագիտական կողմնորոշմանը եւ մասնագիտական կրթությանը նախապատրաստմանը, » բառերն առաջարկում ենք հանել, քանի որ դրանք կրում են հռչակագրային բնույթ:

Նույն հոդվածի 9-րդ կետն առաջարկում ենք համապատասխանեցնել «Կրթության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 31 -րդ կետին:

2. Նախագծի 4-րդ հոդվածի 5-րդ կետի այն դրույթը, որը վերաբերում է ուսումնական հաստատություններում եւ դրանց մարմիններում կրոնական գործունեության անթույլատրելիությանը, առաջարկում ենք համապատասխանեցնել «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածին:

Նույն հոդվածի 7-րդ մասն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածին:

3. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին կետում «ազատ» բառից հետո անհրաժեշտ է ավելացնել «եւ համակողմանի» բառերը` համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի: Նույն կետում «ազատության նկատմամբ հարգանքի» բառերը, ինչպես նաեւ «շրջակա միջավայրի եւ բնության նկատմամբ սիրո» բառերն առաջարկում ենք հանել, քանի որ դրանք կրում են հռչակագրային բնույթ:

Նույն հոդվածի 2-րդ կետն առաջարկում ենք համապատասխանեցնել «Կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետին:

Նույն հոդվածի 3-րդ կետում «ժողովրդավարություն» բառից հետո առաջարկում ենք ավելացնել «սկզբունքների» բառը:

Նույն հոդվածի 9-րդ կետում անհրաժեշտ է հստակեցնել, թե ի՞նչ է նշանակում «այլ կրթական ծրագիր» բառերը:

4. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հանրակրթական ծրագրերն իրականացվում են « հանրակրթության պետական կրթակարգի, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը », մինչդեռ իշխանությունների տարանջատման սկզբունքի համաձայն, այդ ծրագրերը պետք է հաստատվեն ՀՀ Ազգային ժողովի կողմից:

5. Նախագծի 7-րդ հոդվածն առաջարկում ենք համապատասխանեցնել «Կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածին:

   Հարկ ենք համարում նշել, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի նախագծում ամրագրված գրեթե բոլոր գլուխներում տեղ գտած մոտեցումներն արդեն իսկ սահմանված են «Կրթության մասին» ՀՀ օրենքով: Բացի այդ նշենք, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի կառուցվածքն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին:

II. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ.

Ներկայացված նախագծում տեղ գտած «կետ», «ենթակետ» բառերն անհրաժեշտ է համապատասխանաբար փոխարինել «մաս» եւ «կետ» բառերով:

III. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,«Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` Ա. Դանիելյան

Գ. Սաֆարյան