ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի
(
փ աստաթղթային կոդ Կ-107-04.09.2007-ՊԱ-010/0) փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսանկյունից, հարկ է նշել, որ Նախագծին կից չի ներկայացվել գործող օրենքի փոփոխվող հոդվածը ներկայացնող տեղեկանքը, սակայն դա չի խոչընդոտել իրավական փորձաքննության իրականացմանը:

Ներկայացնում ենք օրենքների նախագծերի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները:

1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով առաջարկվել է Օրենքի 2-րդ հոդվածի 1-ն մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ` նոր խմբագրությամբ. «Ոստիկանությունում առանձին ծառայությունների եւ պաշտոնների առանձնահատկություններից ելնելով, սույն օրենքով սահմանված կարգով ոստիկանությունում քաղաքացիական ծառայության կարող են անցնել ոստիկանության ծառայողները, քաղաքացիական ծառայողները, Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիները»: « Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն. «Պետական ծառայությունն ընդգրկում է քաղաքացիական ծառայությունը, դատական ծառայությունը, հատուկ ծառայությունները` պաշտպանության, ազգային անվտանգության, ոuտիկանության, հարկային, մաքuային, փրկարար ծառայության հանրապետական գործադիր մարմիններում, ինչպեu նաեւ դիվանագիտական եւ oրենքներով նախատեuված այլ ծառայությունները»: Այսինքն` Նախագծով ներկայացված լրացման մեջ քաղաքացիական ծառայության տեսակներն ընդգրկված են մասամբ: Ս տացվում է, որ ոստիկանության ծառայողները, քաղաքացիական ծառայողները ոստիկանությունում քաղաքացիական ծառայության կարող են անցնել որպես «ծառայողներ», իսկ, օրինակ պետական, հարկային կամ մաքսային ծառայողները` որպես ՀՀ քաղաքացի: Փաստորեն այստեղ կա իրավական անհավասարության ծագման վտանգ: Այդ իսկ պատճառով առաջարկում ենք լրացման մեջ ընդգրկել քաղաքացիական ծառայության մյուս տեսակները եւս կամ դրույթն ձեւակերպել այլ խմբագրությամբ, որի արդյունքում մեկ հասկացությամբ ցանկում կընդգրկվեն բոլոր վերը թվարկված ծառայությունների տեսակները :

2.Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսվել է Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունից հետո հետո լրացնել նոր պարբերություն, որտեղ տրվում է «Քաղաքացիական հատուկ ծառայության» հասկացությունը: Հիշեցնենք, որ կառավարության կողմից 09.03.2007թ. օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողով է ներկայացվել «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծ [1] : Մասնավորապես` հիշատակված նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի գ/ կետով տրվում է «քաղաքացիական ծառայողի» հասկացությունը. «գ) քաղաքացիական ծառայող՝ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որեւէ պաշտոն (բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոնի) զբաղեցնող կամ քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գտնվող անձ»: Այս երկու նախագծերի ընդունման դեպքում կծագի շփոթության աստիճանի նմանակում օրինագծերում օգտագործվող հասկացությունների միջեւ: Ուստի առաջարկում ենք այս երկու օրենքների նախագծերի համապատասխան հասկացությունները համադրել:

3.Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքը լրացնել նոր 11.1 գլխով, որի 60.27-րդ հոդվածի 5-րդ մասն անհրաժեշտ է վերանայել: Մասնավորապես` 7)-րդ կետով նախատեսված է, որ քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերից է «հաստիքների կրճատումը»: Մինչդեռ հաստիքների կրճատման դեպքում քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու մասին նախազգուշացումը պետք է լինի պարտադիր պայման: Դա որպես պարտադիր պայման է սահմանված նաեւ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածով: Նույն օրենսգրքի 115-րդ հոդվածը աշխատողին հաստիքի կրճատման ծանուցման համար սահմանում է առնվազն երկամսյա ժամկետ: Ընդորում, ոստիկանության բնագավառում այդ պաշտոնների համար որեւէ էական առանձնահատկություն Նախագծով չի սահմանվել:

4.Նախագծի 12-րդ հոդվածով սահմանվում է, որ. «Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ոստիկանությունում ծառայություն անցնող եւ սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակված անձինք` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում, օգտվում են «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածում նախատեսված երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունքից»: Այս դրույթը չի թղթակցում «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերին, որոնցով համապատասխանաբար սահմանված է. «Զինծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակները նշանակվում են ցմահ» եւ «Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակը նշանակվում է այն ամբողջ ժամանակահատվածի համար, որի ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամը պահպանում է կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունքը (սույն օրենքի 16 հոդված)»:

5. Միաժամանակ նշենք, որ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր «ե» կետով, որն արդեն իսկ առաջարկվել է վերոնշյալ «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծի հետ փաթեթով ներկայացված «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծով:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ Ա Ն

Կատարող` Մ. Հակոբյան



[1] Դա վերաբերում էր պաշտպանության բնագավառում քաղաքացիական ծառայությանը: Այդ կապակցությամբ եզրակացությամբ նշվել էր հնարավոր շփոթության աստիճանի նմանակման մասին «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հասկացության հետ: