ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-115-05.09.2007-ՍԱ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գուրգեն Սարգսյանի, Արտաշես Ավոյանի եւ Հեղինե Բիշարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված «Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությու նում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին եւ ս տորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Առաջարկում ենք Նախագծի վերնագիրը «էլեկտրակայանի» բառից հետո լրացնել «վթարից» բառով, իսկ «այլ» բառը տեւափոխել «միջուկային» բառից հետո:

2. Նախագծի 1-ին հոդվածում ամրագրված է, որ այն «նպատակ ունի պաշտպանելու Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների իրավունքներն ու շահերը, որոնք տուժել են` մասնակցելով Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարից միջուկային աղետների հետեւանքների վերացման աշխատանքներին», որից հասկացվում է, որ Նախագիծը նպատակ ունի պաշտպանելու միայն Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին մասնակցած քաղաքացիների իրավունքներն ու շահերը:

Մինչդեռ Նախագծի նպատակը հավասարապես վերաբերում է նաեւ միջուկային այլ աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանությանը:

3. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ պարբերությունից հասկացվում է, որ սույն օրենքով նշված անձանց տրվող արտոնություններն ու փոխհատուցումները տարածվում են միայն «վթարի վերացման աշխատանքներին մասնակցած եւ ՀայաստանիՀանրապետությունում մշտապես բնակվող այլ պետությունների քաղաքացիների վրա»:

Մինչդեռ Նախագծով արտոնություններ եւ փոխհատուցումներ են տարածվում ոչ միայն Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից, այլեւ միջուկային այլ աղետներից տուժած քաղաքացիների վրա:

4. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ պարբերության «հանրապետությունների» բառը առաջարկում ենք փոխարինել «պետությունների» բառով:

5. Նախագծի 2-րդ հոդվածի վերնագրում եւ ամբողջ տեքստում «Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայան» բառերը փոխարինվել է «ՉԱԷԿ» հապավմամբ, մինչդեռ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45 հոդվածի 11-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն արգելվում է նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի հապավումներ (նույնը վերաբերում է7 հոդվածի 4-րդ կետի «ԲՍՓՀ» հապավմանը):

Այդ կապակցությամբ առաջարկում ենք «ՉԱԷԿ» հապավումը փոխարինել «Չեռնոբիլի ԱԷԿ» (այսուհետ` Չեռնոբիլի ԱԷԿ) բառերով:

6. Նախագծի 2-րդ հոդվածի «եւ սույն օրենքից բխող ենթաօրենսդրական» բառերը առաջարկում ենք փոխարինել «եւ այլ իրավական» բառերով:

7. Նախագծի 3-րդ հոդվածի վերնագիրը Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետեւանքներից տուժած քաղաքացիներին բժշկական օգնության եւ ճառագայթային ազդեցությունից պաշտպանվածության իրավունք է վերապահում: Մինչդեռ հոդվածի բովանդակությունում ճառագայթային ազդեցությունից պաշտպանվածության վերաբերյալ խոսք չկա: Բացի այդ, իրավունքը կարող է վերաբերել բժշկական օգնությանը, իսկ ճառագայթային ազդեցությունից պաշտպանվածության համար կարող են տրվել արտոնություններ կամ իրականացվել միջոցառումներ:

8. Նախագծի 3-րդ հոդվածը «բժշկասոցիալական փորձաքննության գործակալության» բառերից առաջ առաջարկում ենք լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերով:

9. Առաջարկում ենք քննարկել նույն հոդվածի «բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմինները` ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի եւ ՀՀ առողջապահության նախարարության ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի կողմից տրված» բառերը` «ՀՀ կառավարության կողմից լիազորված մարմինների տված» բառերով փոխարինելու հարցը:

10. Առաջարկում ենք քննարկել նաեւ Նախագծի 3-րդ հոդվածի վերջին նախադասությունը հետեւյալ` «Նրանց հիվանդության պատճառական կապը որոշում են ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի եւ ՀՀ առողջապահության նախարարության ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի կողմից տրված եզրակացություններով», «իսկ հաշմանդամությունը եւ նրա պատճառական կապը որոշում են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները» խմբագրությամբ շարադրելու հարցը (տես` «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 62 հոդված):

11. Նախագծի 4-րդ եւ մի շարք հոդվածների վերնագրերը առաջարկում ենք վերախմբագրել եւ հանապատասխանեցնել Նախագծի վերնագրին, այլապես միջուկային այլ աղետների հետեւանքներից տուժած քաղաքացիները դուրս են մնում Նախագծի կարգավորման առարկայից:

12. Նախագծի 5-րդ հոդվածն առաջարկում ենք վերախմբագրել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8 եւ 14 հոդվածների համատեքստում:

13. Նախագծի 6-րդ եւ այլ հոդվածներում «Չեռնոբիլյան» եւ «Չեռնոբիլի» բառերը առաջարկում ենք փոխարինել «Չեռնոբիլի ԱԷԿ» բառերով: Նույն եւ այլ հոդվածների «ներքին գործերի մարմինների» բառերն առաջարկում ենք փոխարինել «ոստիկանության» բառով:

14. Նախագծի 7-րդ հոդվածում առաջարկում ենք հանել «առաջին գլխի» բառերը:

15. Նկատի ունենալով, որ ԲՍՓՀ-ն` բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը, ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմին է, առաջարկում ենք Նախագծի 7 հոդվածի 4-րդ կետի «ԲՍՓՀ» հապավումը փոխարինել «ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմինների` ԲՍՓՀ-ի» կամ «բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների» բառերով:

Նույն հոդվածի 5-րդ կետը «ամենամյա» բառից հետո առաջարկում ենք լրացնել «անվճար» բառով, իսկ ստորակետը` փոխարինել բութով:

16. Վերը նշված հոդվածի վերջին պարբերությունը վերախմբագրման կարիք ունի, քանի որ, արտոնություններից «օգտվում են մահացածների ընտանիքների անդամները», այլ ոչ թե «արտոնությունները վերաբերում են .. . մահացածների ընտանիքների անդամների վրա»:

17. Նախագծի 12 հոդվածի 1-ին կետը վերախմբագրման կարիք ունի, քանի որ երեխաները ծնվում են միայն ծնողներից: Այդ կապակցությամբ անհրաժեշտ է 12 հոդվածի 1-ին կետից հանել «նրանց» բառը:

18. Նախագիծը հավասարապես վերաբերում է ինչպես Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի, այնպես էլ միջուկային այլ աղետների հետեւանքներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանությանը, մինչդեռ Նախագիծը միջուկային այլ աղետների հետեւանքներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության վերաբերյալ դրույթներ չի պարունակում, բացառությամբ Նախագծի 12 հոդվածի, որը վերաբերում է միջուկային այլ աղետներից տուժած քաղաքացիների երեխաների բժշկական սպասարկման կազմակերպմանը:

Այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ՝

Ա. Գալստյան

Ա. Դանիելյան