ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հողերի օգտագործման եւ պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» եւ
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-935-22.08.2006-ՖՎ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում իրավական փորձաքննության է ենթարկվել ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հողերի օգտագործման եւ պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

1. Ներկայացված օրենքների նախագծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. «Հողերի օգտագործման եւ պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) վերնագրվել է «Հողերի օգտագործման եւ պահպանման նկատմամբ վերահսկողու՟թյան մասին», ընդ որում նախագծի որոշ դրույթներում խոսք է գնում նաեւ հսկողության մասին, այսպես նախագծի 4-րդ հոդվածի «ա» կետի համաձայն հողերի պահպանության ու օգտագործման նկատմամբ վերահսկողություն են իրականացնում «մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինները»: Նշենք, որ իրավունքի տեսությունից հայտնի է, որ «վերահսկողություն» բառն օգտագործվում է որպես ներքին հսկողության տարատեսակ, այսինքն` այնպիսի հսկողություն, որն իրականացվում է տվյալ համակարգի մարմինների գործառույթների նկատմամբ վերադասի կողմից: Հսկողությունը լայն իմաստով նշանակում է տվյալ համակարգի շրջանակից դուրս իրականացվող գործառույթ, որի նպատակն է պարզել այլ գերատեսչություններում օրենսդրության կատարման վիճակը: Օրինակ, դատախազական հսկողությունը, սանիտարա-համաճարակային հսկողությունը ենթադրում են ոչ թե ներքին համակարգային ստուգումներ, այլ համակարգից դուրս գտնվող իրավունքի օբյեկտների նկատմամբ համապատասխան գործառույթներ իրականացնելու եւ իրավասության ամբողջականություն:

Նշենք, որ նույն մոտեցումն է ընդունված ՀՀ Սահմանադրության 1081 հոդվածում, համաձայն որի. « Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության օրինականությունն ապահովելու նպատակով օրենքով սահմանված կարգով իրականացվում է իրավական հսկողություն: Համայնքին պատվիրակված լիազորությունների իրականացման նկատմամբ պետական վերահսկողության կարգը սահմանվում է օրենքով »:

Ինչպես երեւում է վերոհիշյալ հոդվածից, պետությունը կամ պետական մարմինները համայնքի պարտադիր լիազորությունների կատարման նկատմամբ կարող է իրականացնել սոսկ հսկողություն, իսկ պետության կողմից պատվիրակված լիազորությունների նկատմամբ` վերահսկողություն:

Նշենք նաեւ, որ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքի 771 հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն. «Համայնքի ղեկավարի սեփական ու համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ վարչական հսկողությունը սահմանափակվում է բացառապես այդ լիազորությունների օրինականությունը ստուգելով (այսուհետ` իրավական հսկողություն): Համայնքի ղեկավարի` պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ վարչական հսկողությունը սահմանվում է այդ լիազորությունների իրականացման օրինականությունը, արդյունավետությունն ու միասնականությունը ստուգելու նպատակով (մասնագիտական հսկողություն)»:

Հետեւաբար` Նախագծում, մասնավորապես դրա 4-րդ հոդվածում խոսք պետք է գնա ինչպես հսկողության, այնպես էլ վերահսկողության մասին, ընդ որում, Նախագծում որեւէ տարանջատում չկա տեղական ինքնակառավարման մարմինների պարտադիր եւ պետության կողմից պատվիակված լիազորությունների նկատմամբ իրականացվող հսկողության եւ վերահսկողության միջեւ:

Այսպես` «Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն մարզպետը վերահսկողություն է իրականացնում հողային հարաբերությունների բնագավառում համայնքների ղեկավարների գործունեության նկատմամբ»: Մինչդեռ, համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողերի օգտագործման կամ օտարման բնագավառում մարզպետը կարող է իրականացնել սոսկ իրավական հսկողություն, այսինքն ստուգել դրանց օրինականությունը: Իսկ պետության կողմից համայնքին հանձնված հողերի օտարման կամ օգտագործման դեպքում նա կարող է իրականացնել վերահսկողություն:

Ելնելով վերոգրյալից, առաջարկում ենք Նախագիծը համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության 1081 հոդվածի, ինչպես նաեւ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքի 71 գլխի դրույթներին:

2. Նախագծի 2-րդ հոդվածում «վրա» բառն առաջարկում ենք փոխարինել «նկատմամբ» բառով:

Նույն հոդվածում օգտագործվում է «սեփականության եւ (կամ) օգտագործման իրավունքի սուբյեկտներից» բառակապակցությունը, մինչդեռ այստեղ խոսքը ոչ թե սեփականության կամ այլ օգտագործման իրավունքների սուբյեկտների մասին է, այլ քաղաքացիական իրավունքի սուբյեկտների մասին է:

3. Նախագծի 5-րդ հոդվածի վերնագրում «իրավասությունները» բառն անհրաժեշտ է փոխարինել «իրավասությունը» բառով, քանի որ այդ բառն ունի միայն եզակի թիվ:

Նույն հոդվածի 1-ին մասում«մարմինները» բառն անհրաժեշտ է փոխարինել «մարմինը» բառով, քանի որ 4-րդ հոդվածի «ա» կետում ամրագրված է «(այսուհետ` պետական լիազորված մարմին)»:

4. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «վերցնելու» բառից հետո անհրաժեշտ է ավելացնել «պետական սեփականության» բառերը:

Նույն հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի անհրաժեշտությունը չկա, քանի որ համապատասխան լիազորությունն արդեն իսկ ամրագրված է «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքով:

5. Ըստ Նախագծի 6-րդ հոդվածի` վերահսկողության իրականացման ձեւերն են տեսչական ստուգումները, ընթացիկ ստուգումները եւ ըստ անհրաժեշտության ստուգումները, սակայն տվյալ հոդվածի հետագա ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ փորձ է արվել ստուգումները դասակարգել ոչ թե ստուգման բովանդակությունից ելնելով, այլ ստուգվող մարմինների շրջանակից ելնելով: Մինչեւ այժմ գործող եւ ստուգումներին վերաբերվող ՀՀ բոլոր օրենսդրական ակտերը ստուգումները տարբերակում են ըստ ստուգման բովանդակության: Եթե իրականում էլ կարիք կա սույն Նախագծում ստուգումները տարբերակել ըստ ստուգվող մարմինների, ապա, քանի որ թե «ընթացիկ ստուգումները» եւ թե «ըստ անհրաժեշտության ստուգումները» առկա են նաեւ ստուգումներին վերաբերվող մնացած օրենսդրական ակտերում եւ այնտեղ դրանք ունեն այլ բնորոշում, ապա առաջարկում ենք ընդունել որեւէ նոր տերմին, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավական ակտում պետք է կիրառվեն նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

6. 7-րդ հոդվածի 12-րդ մասի 2-րդ կետը եւ 13-րդ մասն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասին, որով սահմանված են քաղաքացիական ծառայողների կարգապահական տույժի ենթարկելու իրավասություն ունեցող անձանց շրջանակը եւ տույժի ենթարկման մեխանիզմը: Այսպես, վերոհիշյալ հոդվածի համաձայն` քաղաքացիական ծառայողին տույժի կարող է ենթարկել նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձը` ծառայողական քննության արդյունքում, հետեւաբար մարզպետը կամ Երեւանի քաղաքապետը կարող են կարգապահական տույժի ենթարկելմիայն այն քաղաքացիական ծառայողներին, որոնք նշանակվել են իրենց կողմից: Ընդ որում, կարգապահական տույժ չի կարող նշանակվել, եթե անցել է ավելի քան 6 ամիս կարգապահական կատարման օրվանից կամ 3 ամիս` խախտման հայտնաբերման օրվանից: Պարզ չէ նաեւ , թե ՀՀ վարչապետը ինչպես կարող է «հարցին վերջնական լուծում տալ», եթե նա տվյալ անձին կարգապահական տույժի ենթարկելու իրավասություն չունի: Տրված չէ նաեւ այն հարցի պատասխանը, թե ի՞նչ է կատարվելու եթե կարգապահական խախտումը թույլ է տվել մարզպետը, Երեւանի քաղաքապետը:

7. Նախագծի 9-րդ հոդվածումանհրաժեշտ է հստակեցնել թե «քաղաքացիներ» տերմինը վերաբերում է միայն ՀՀ քաղաքացիներին, թե նաեւ օտարերկրյա քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց:

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա. Սարգսյան
Ա. Գալստյան