Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-128-18.09.2007-ՄԻ-010/0)վերաբերյալ

     Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ`Նախագիծ)փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

     1.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ»Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան եւ միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

     2. Նախագծով առաջարկվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

     3. ՀՀ Քրեական օրենսգիրքն ընդունվել է 2003 թ. ապրիլի 18-ի ՀՕ- 528 օրենքով: Այն գործողության մեջ է դրվել 2003 թվականի օգոստոսի 1-ից` 2003 թ. ապրիլի 18-ի ՀՕ-529 օրենքով: ՀՀ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը որեւէ փոփոխության չի ենթարկվել: Այն ունի հետեւյալ բովանդակությունը.

«Հոդված 301. Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերը

Պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերը՝

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:

      4. Որպես Նախագծի հիմնավորում նշվել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27-րդ եւ Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքներին այն պատճառաբանությամբ, որ `

    4.1. ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով անձի հետապնդումը խախտում է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածում ամրագրված նրա ազատ արտահայտվելու իրավունքը [1] :

     4.2. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածում ամրագրված` մարդու ազատ արտահայտվելու իրավունքի պաշտպանությունը ` ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն ապահովում է պետությունը [2] ,

    4.3. Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը պաշտպանում է արտահայտվելու ազատությունը, որն իր մեջ պարունակում է այլ անձանց շահերը վնասելու ռիսկ կամ ուղղակիորեն վնասում է այլ անձանց եւ որ մասնավոր կարծիքների նկատմամբ հանդուրժողականությունը ժողովրդավարական քաղաքական համակարգի կարեւոր բաղկացուցիչն է [3] ,

     4.4. սեփական կարծիք ունենալը անձի բացարձակ իրավունքն է, որը ենթակա չէ սահմանափակման նաեւ ՀՀ Սահմանադրությամբ, քանի որ դրա սահմանափակման բացառումը ՀՀ միջազգային պարտավորություններով նախատեսված նվազագույն երաշխիքն է [4] ,

     4.5.ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը չի բավարարում իրավական որոշակիության սկզբունքի պահանջները` «պետական իշխանություն», «բռնություն», «զավթել», «կոչ» արտահայտությունների եւ բառերի իմաստային նշանակության առումով եւ դրանց փոխկապակցված դերակատարության առումով [5] ,

     4.6. ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը չի բավարարում օրենքի մատչելի եւ կանխատեսելի լինելու պահանջին [6] :

     5. Արարքը քրեականացնելու կամ ապաքրեականացնելու խնդրի լուծումը կախված է ընդհանուր քրեական քաղաքականությունից [7] : Դրա ձեւավորումը պայմանավորվում է պատմական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, իրավական եւ այլ գործոններններով: Եթե այլ բան նախատեսված չէ վավերացված միջազգային իրավական ակտերով եւ դրանցից բխող պարտավորություններով, ապա արարքի` հանրության համար վտանգավորությունը, այդ վտանգավորության աստիճանը եւ դրանք որպես հանցագործություն համարելը որոշվում է ներպետական օրենսդրությամբ [8] :

     6. ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի դիսպոզիցիան կրում է բլանկետային բնույթ: Դրա իմաստը ճշգրիտ պարզելու եւ կիրառելու համար անհրաժեշտ է ղեկավարվել, առաջին հերթին, ՀՀ սահմանադրությամբ:

     6.1. ՀՀ Սահմանադրությունը պարունակում է դրույթներ, որոնցում ամրագրված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրական կարգի հիմունքները, ներառյալ` իշխանության ձեւավորման եւ գործունեության սկզբունքները եւ երաշխիքները (այդ թվում` պաշտպանության երաշխիքները):

     6.1.1.ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածում ամրագրված է.

«Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»:»:

     6.1.2. ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` «Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման հիման վրա»:»:

     6.1.3. Իրավունքների եւ ազատությունների վտանգավոր չարաշահման արգելքը սահմանված է ՀՀ  Սահմանադրության 47-րդ հոդվածում.

«Յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը եւ օրենքները, հարգել այլոց իրավունքները, ազատությունները եւ արժանապատվությունը:

Արգելվում է իրավունքների եւ ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով:»:

     6.2. ՀՀ Սահմանադրությունը պարունակում է դրույթներ, որոնցում ամրագրված են`

ա) մարդու` իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը եւ

բ) այդ իրավունքը սահմանափակելու կառուցակարգը եւ հիմքերը,

գ) այդ իրավունքը սահմանափակելու թուլատրելի սահմանները,

դ) իրավունքների եւ ազատությունների վտանգավոր չարաշահման արգելքը:

     6.2.1. Մարդու` իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերում.

«Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն:

Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:

Լրատվամիջոցների եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է։»:

     6.2.2. Մարդու` իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը սահմանափակելու կառուցակարգը եւ հիմքերն ամրագրված են ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի 1-ին մասում, որի համաձայն.

«Մարդու եւ քաղաքացու՝ Սահմանադրության 23-25, 27, 28-30, 30.1-րդ հոդվածներով, 32-րդ հոդվածի երրորդ մասով ամրագրված հիմնական իրավունքները եւ ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների, պատվի եւ բարի համբավի պաշտպանության համար»:»

     6.2.3. Մարդու` իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը սահմանափակելու թուլատրելի սահմաններն ամրագրված են ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի 2-րդմասում, որի համաձայն.

«Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններով սահմանված շրջանակները»:»:

     6.2.4. Իրավունքների եւ ազատությունների վտանգավոր չարաշահման արգելքը ինչպես նշված է սույն եզրակացության 6.1.3. կետում, սահմանված է, ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի 2-րդ մասում.

« Արգելվում է իրավունքների եւ ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով:»:

Նշվածն իրավունքների եւ ազատությունների չարաշահման արգելք է, երբ իրավունքների եւ ազատությունների օգտագործումը կարող է վերածվել լուրջ սպառնալիքի սահմանադրական կարգը բռնի տապալելու նպատակով, ինչպես նաեւբազմաթիվ միջազգային փաստաթղթերով երաշխավորվող եւ պաշտպանվող` վերը նշված արժեքների դեմ:

     6.3. ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդմասերում ամրագրված դրույթները թղթակցում են «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված դրույթին [9] :

Հատկանշական է, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված պետական հայեցողության շրջանակը բավականի լայն է, երբ որոշվում է, թե ինչն է «անհրաժեշտ» պետական անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը կամ հասարակության անվտանգությունը, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու,,,համար: Ընդ որում. այդ «անհրաժեշտությունը» պետք է լինի համաչափ օրենքով հետապնդվող նպատակին, դրա ծավալը պետք է լինի բավարար եւ համաչափ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասին: Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասում նշված սահմանափակումները կամ պատժամիջոցները. կամ այլ կերպ ասած` պարտականությունները եւ պատասխանատվությունը նպատակ են հետապնդում խոչնդոտել առանձին անձանց եւ խմբերի սեփական անօրինական շահերով օգտագործել Կոնվենցիայի 10-րդ հոդվածը եւ, օրինակ, ժողովդավարական հասարակությունում պետական անվտանգությունը վտանգելու գործողությունները քողարկելու 10-րդ հոդվածով:

Այսպիսով, պետք է հաշվի առնել, որ, մի կողմից, կարծիքը տեսակետ է, որի ունենալը եւ արտահայտելը, ինչպես նաեւ ստանալը, փոխանցելը, տարածելը սահմանափակման ենթակա չեն, իսկ մյուս կողմից, դրա արտահայտումը կարող է ենթակվել սահմանափակման պարտականություններով եւ պատասխանատվությամբ, եթե վտանգում է ժողովրդավարական հասարակության ձեւավորման եւ գործունեության սկզբունքներին ու կառուցակարգերին: Կարծիքը կարող է արտահայտվել նաեւ կոչի եղանակով: Կոչն, ինքնին, վտանգավոր չէ: Կոչի եղանակով արտահայտված քննադատատող եւ հասարակությունը ցնցող տեսակետները նունպես վտանգավոր չեն: Բռնություն գործադրելու կոչը, սակայն, վտանգավոր է իր բնույթով ցանկացած ժողովդավարական հասարակության համար, քանի որ սպառնում է հենց ժողովրդավարությանը, որի արտահայտման ձեւերից են նաեւ սահմանադրական կարգը եւ օրինական պետական իշխանությունը:

     7. ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի վերաբերյալ.

     7.1. ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով նախատեսված հանցագործության անմիջական օբյեկտը կազմում են սահմանադրորեն ձեւավորված ՀՀ սահմանադրական կարգի այն հիմունքները, որոնցում ամրագրված են պետական իշխանության ձեւավորման եւ գործունեության սկզբունքները: Այն (դիսպոզիցիան) երկօբյեկտային է, որոնցից

ա) մեկը կազմում են պետական իշխանության ձեւավորման եւ գործունեության սկզբունքները,

բ) իսկ երկրորդը` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Վերլուծենք դրանցից յուրաքանչյուրը:

     7.2. Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերի վերաբերյալ.

     7.2.1. ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով, ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հիմքերով եւ կարգով, նույն հոդվածի 2-րդ մասում ամրագրված`իրավունքը սահմանափակելու թուլատրելի սահմաններում, միջազգային-իրավական գործիքներով թուլատրելի համարվող սահմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով քրեօրեն հետապնդելի են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերը:

     7.2.2. Իրավական որոշակիություն, մատչելիություն եւ կանխատեսելիություն

Բարձրացված հարցն առանձնանում է տեսական, օրենսդրական եւ կիրառման նշանակություններով: Տերմինաբանության ճշգրիտ օգտագործումը պետք է բացառի հնարավոր իրավական կազուսները:

«Կոչ», «բռնություն», «հրապարակային» բառերի իմաստային նշանակության առումով եւ դրանց փոխկապակցված դերակատարության առումով.

Կոչը այնպիսի բանավոր, գրավոր կամ պատկերավոր այլ ներգործություն է մարդկանց գիտակցության, կամքի կամ վարքագծի վրա, որը նպատակ ունի նրանց մոտ ձեւավորելու կոչ անողի համար ցանկալի հակում:

Սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կոչը ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի իմաստով նշանակում է այնպիսի բանավոր, գրավոր կամ պատկերավոր այլ ներգործություն մարդկանց գիտակցության, կամքի կամ վարքագծի վրա, որը նպատակ ունի նրանց մոտ ձեւավորելու կոչ անողի համար ցանկալի` հակասահմանադրական եղանակով սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու հակում:

Այդպիսի կոչը կրում է ընդհանրական բնույթ, այն չի պարունակում տեղեկություններ հանցանք կատարելու վայրի, ժամանակի մասին, այն հրահրում է բռնություն գործադրելուն եւ ուղղված չէ կոնկրետ անձի (անձանց), սակայն ունի հասցեատեր (զանգված): Այդ հատկանիշներով էլ կոչը տարբերվում է դրդչությունից, քանի որ ուղղված չէ կոնկրետ անձի (անձանց) [10] :

Բռնության կոչը 301-րդ հոդվածի իմաստով նշանակում է քաղաքական պայքարի հակասահմանադրական զինված ձեւեր, ավերիչ ուղղվածությամբ զանգվածային գործողություններ, իշխանական ինստիտուտների բռնի վերացում կամ փոփոխում եւ այլն: Կոչում հնչած բռնության բնույթը կոչի բովանդակությունում պետք է արտահայտված լինի որոշակիորեն, ընդհուփ մինչեւ բռնության եղանակիուղղակի նշումը:

«Բռնություն», «բռնի» բառերը բռնության գործադրման կամ բռնության գործադրման սպառնալիքի իմաստով, բացի ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ եւ 301-րդ հոդվածներիցգործածված են ՀՀ քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածների դիսպոզիցիաներում [11] :

«Բռնություն» եւ «բռնի» բառերը կազմում են քրեական իրվունքի եւ քրեական օրենսդրության կարեւորագույն հասկացությունները եւ քրեական օրենսդրության կիրառման կարեւորագույն բաղադրիչը:

Հրապարակային կոչ քրեական իրավունքի եւ քրեական օրենսդրության իմաստով նշանակում է բաց, շատերի համար հասանելի, «միջին» մարդու կողմից հասկանալու համար մատչելի, ընկալելի բնույթ ունեցող:

Ըստ Եվրոպական դատարանի դիրքորոշման ներպետական օրենսդրության մեկնաբանումը եւ կիրառումը դրվում է նախ եւ առաջ ազգային պետական մարմինների, հատկապես` դատարանների վրա [12] , ուստի եւ բռնության կոչը ենթակա է գնահատման դատարանի կողմից:

     Եզրահանգում. ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի դիսպոզիցիայում նախատեսված «Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերի» արգելքի մասով.

     1. ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի դիսպոզիցիայում նախատեսված «Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերի» արգելքն ուղղված է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը հակասահմանադրական եղանակներով բռնությամբ փոփոխելու հակում առաջացնելու գործողություններից պաշտպանելուն:

      2. ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի դիսպոզիցիայում նախատեսված «Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերի» արգելքի հիմքում ՀՀ Սահմանադրության ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված դրույթն է:

      3. ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի դիսպոզիցիայում նախատեսված «Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերի» արգելքն իր ձեւակերպմամբ համապատասխանում է ՀՀ Սահմանադրության ամրագրված մարդու` իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը սահմանափակելու կառուցակարգին եւ հիմքերին, այդ իրավունքը սահմանափակելու թուլատրելի սահմաններին եւ իրավունքների ու ազատությունների վտանգավոր չարաշահման արգելքին եւ ձեւակերպված է միջազգային-իրավական գործիքներով թուլատրելի համարվող սահմաններում:

      4. ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի դիսպոզիցիայում նախատեսված «Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերի» արգելքն իր ձեւակերպմամբ համապատասխանում է

օրենքի իրավական որոշակիության, մատչելիության եւ կանխատեսելիության սկզբունքների պահանջներին:

    5. ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչելը «Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերի» արգելքի վերացման մասով հակասում է ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի 2-րդ մասին:

      7.3. Պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված հրապարակային կոչերի վերաբերյալ

          7.3.1. Իրավական որոշակիություն, մատչելիություն եւ կանխատեսելիություն.

ա) ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով նախատեսված պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված հրապարակային կոչերի հանցագործության անմիջական օբյեկտը, ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածում, կազմում են սահմանադրորեն ձեւավորված ՀՀ սահմանադրական կարգի այն հիմունքները, որոնցում ամրագրված են պետական իշխանաության ձեւավորման եւ գործունեության սկզբունքները: Դրանք սահմանված են ՀՀ սահմանադրության 1-ին գլխում ներառված 2-րդ, 4-րդ, 5-րդ հոդվածներում:

Օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունները, հանդիսանալով պետական իշխանության ճյուղեր, կազմում են պետական իշխանության մասը: Իրավական որոշակիության իմաստով ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածում նախատեսված`պետական իշխանության ճյուղերից ցանկացածը բռնությամբ զավթելու հրապարակային կոչը ուղղված է պետական իշխանության դեմ:

      7.3.2. Անհրաժեշտ է տարանջատել պետական իշխանությունը բռնությամբ զավթելու գործողությունը պետական իշխանությունը բռնությամբ զավթելու հրապարակային կոչից:

Պետական իշխանությունը բռնությամբ զավթելու գործողություն [13] նշանակում է առանց սահմանադրական կարգի փոփոխման` հակասահմանադրական եղանակով իշխանության գալու փորձ այն սուբյեկտի կողմից, որին այդ իշխանությունը չի պատկանել (քաղաքական ուժեր, առանձին ֆիզիկական անձինք):

Իսկ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու հրապարակային կոչ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի իմաստով նշանակում է այնպիսի բանավոր, գրավոր կամ այլ ներգործություն մարդկանց գիտակցության, կամքի եւ վարքագծի վրա, որը նպատակ ունի նրանց մոտ ձեւավորելու կոչ անողի համար ցանկալի ` առանց սահմանադրական կարգի փոփոխման` հակասահմանադրական եղանակով իշխանության գալու հակում:

«Կոչ», «բռնություն», «հրապարակային»բառերի իմաստային նշանակության եւ դրանց փոխկապակցված դերակատարության վերլուծությունը մանրամասն արտոցոլվել է սույն եզրակացության 7.2.2. կետում:

     7.3.3. Անհրաժեշտ է տարբերակել պետական իշխանությունը բռնությամբ զավթելու կոչը պետական իշխանությունը բռնությամբ զավթելու գործողության կատարմանը դրդելուց: Եթե կոչն ուղղված է կոնկրետ հասցեատերի, ապա գործողությունը պետք է որակվի որպես պետական իշխանությունը բռնությամբ զավթելու դրդչություն (ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 4-րդ մաս եւ 300-րդ հոդված):

     7.3.4. Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն, սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչ արտահայտությունը գործածվում է նաեւ այլ պետությունների, մասնավորապես` Շվեյցարիայի, Լիտվայի Հանրապետության, Լատվիայի Հանրապետության, Բուլղարիայի Հանրապետության եւ մի շարք այլ պետությունների քրեական օրենսգրքերում:

     7.3.5. Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 280 հոդվածը պատասխանատվություն է նախատեսում ծայրահեղական գործունեություն իրականացնելու հրապարակային կոչերի համար, որը ըստՌուսաստանի Դաշնության «Ծայրահեղական գործունեությանը հակազդելու մասին» 2002 թ. օրենքի ներառում է նաեւ իշխանական լիազորությունները բռնությամբ զավթելուն կամ յուրացնելուն, ինչպես նաեւ սահմանադրական կարգի հիմունքները բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերը: «Հրապարակային կոչեր» արտահայտությունն գործածվում է նաեւ հանրորեն վտանգավոր վարքագծի այլ մոդելների նկատմամբ: Օրինակ, Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 205.2 հոդվածով նախատեսված է քրեական պատասխանաիվություն ահաբեկչական գործունեության իրականացմանը հրապարակային կոչերի համար: Այն ընդունվել է 2006թ. հուլիսի 27-ին` Ահաբեկչության արգելման մասին Եվրոպական կոնվենցիայի վավերացման կապակցությամբ:

     Եզրահանգում. ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի դիսպոզիցիայում նախատեսված «պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված հրապարակային կոչերի» արգելքի մասով.

     1. ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի դիսպոզիցիայում նախատեսված «պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված հրապարակային կոչերի» արգելքը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը եւ վավերացված միջազգային պայմանագրերին:

      2. Տվյալ դեպքում իրավական որոշակիությունը, մատչելիությունը եւ կանխատեսելիությունը ապահովված է:

Ծանոթություն. Թեեւ տվյալ դեպքում իրավական որոշակիությունը, մատչելիությունը եւ կանխատեսելիությունը ապահովված է, այնուամենայնիվ, մեր կարծիքով նկատելի է որոշ անավարտվածություն` ամբողջականությունն ապահովելու իմաստով: Եթե դիսպոզիցիան վերաբերի ոչ թե պետական իշխանությունը բռնությամբ զավթելու հրապարակային կոչերին, այլ իշխանական լիազորությունները բռնությամբ զավթելու կամ յուրացնելու հրապարակային կոչերին, ապա այն`

ա) կամբողջացնի օբյեկտը, քանի որ «իշխանական լիազորություններ» հասկացությունը«առավել չափելի է» եւ վերաբերում է նաեւ պետական իշխանություն կրող սուբյեկտներին (մարմիններին),

բ) կբացառի հնարավոր տարամեկնաբանումը «պետական իշխանություն» հասկացության վերաբերյալ,

գ) կհամապատասխանի ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի 3-րդ մասում եւ 47-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված դրույթներին միաժամանակ:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
 
Ա. Երեմյան

Ս. Յուզբաշյան

Ս. Համբարձումյան



[1] ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը սահմանում է որ «յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք »:

[2] ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածում ամրագրված է, որ «Պետությունն ապահովում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի u կզբունքներին ու նորմերին համապատա u խան »:

[3] Դա վերաբերում է նաեւ այն տեղեկատվության եւ կարծիքների պաշտպանությանը, որոնք արտահայտվել են ոչ մեծաթիվ խմբերի կամ առանձին անձանց կողմից, եթե նույնիսկ նման արտահայտումը կարող է ցնցել կամ անհանգստացնել մեծամասնությանը:

[4] Որպես օրինակներ վկայակոչվել են Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի 1976թ.` Հենդիսայթն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1986թ.` Լինգենսն ընդդեմ Ավստրիայի եւ 1991թ.` Օբերշլիկն ընդդեմ Ավստրիայի գործերով վճիռները, որոնցում նշված է, որ «պաշտպանում են ոչ միայն տեղեկատվությունը կամ գաղափարները, որոնք ընդունվում են դրականորեն կամ գնահատվում են որպես անվնաս կամ ընդունվում են անտարբերությամբ, այլեւ այնպիսիները, որոնք վիրավորում են, ցնցում են կամ անհանգստություն են առաջացնում պետությանը կամ մարդկանց ինչ-որ խմբի: Սրանք բազմակարծության եւ հանդուրժողականության պահանջներն են, առանց որոնց ժողովրդավարական հասարակությունը գոյություն ունենալ չի կարող :»:

[5] Մանրամասն տես` Նախագծին կից ներկայացված հիմնավորման 6-ից 14-րդ պարբերությունները:

[6]   Որպես օրինակներ վկայակոչվել են Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Սանդի Թայմսն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով կայացված վճռում նշված այն դիրքորոշումը, որի համաձայն` «Նախ, «օրենքը» պետք է լինի մատչելի. քաղաքացիները պետք է հանգամանքներին համապատասխան հնարավորություն ունենան կողմնորոշվելու, թե ինչպիսի իրավական նորմեր են կիրառվում տվյալ դեպքի նկատմամբ» եւ այն, որ «չկա որեւէ հիմք եւ հիմնավորում, որպեսզի պետական հաստատություններն ունենան առավել պաշտպանվածություն, քան անհատն այնպես, ինչպես կառավարության հեղինակությունը ենթակա չէ պաշտպանության առավել, քան ընդդիմությանը » (արտահայտված նույն վճռին կից` 1992թ.-ին):

[7] Քրեական քաղաքականությունը բնորոշվում է որպես հասարակության եւ առանձին քաղաքացու պաշտպանության բոլոր պետական միջոցների համակցություն: Այն ո ւղղվ ած է հանցավորության կանխարգելմանը եւ դրա դեմ պայքարին: Անվտանգության ապահովման եւ ռազմավարության ընդհանուր հարցերի հետ մեկտեղ քրեական քաղաքականությունը ներառում է քրեական իրավունքի բարեփոխումները:

[8] Տես` ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասը եւ 2-րդ հոդվածի 2-րդ մասը:

[9] Արտահայտվելու ազատությունների իրականացումը «կարող է պայմանավորվել այնպիսի սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով եւ անհրաժեշտ են ժողովդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու,,,համար:

[10] ՀՀ քրեական օրենսգրքի 385-րդ հոդվածը վերնագրված է «Ագրեսիվ պատերազմի հրապարակային կոչերը»: Այդ հոդվածի իմաստով գործածված «հրապարակային կոչեր» արտահայտությունը որոշակիության, մատչելիության եւ կանխատեսելիության իմաստով տարակուսանք չի առաջացնում, բխում է միջազգային-իրավական գործիքներից եւ ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված արգելքից:

[11] Տես` ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի 2-րդ եւ 5-րդ մասեր, 104-րդ հդվածի 2-րդ մասում, 105-րդ հոդվածում, 114-րդ 1-ին մասում, 118-րդ հոդվածում, 126-րդ հոդվածի 1-ին մասում, 131-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում, 132-րդ հոդվածի 2-րդ մասում, 133-րդ հոդվածի 2-րդ մասում, 138-րդ եւ 139-րդ հոդվածների 1-ին մասերում, 142-րդ հոդվածի 2-րդ մասում,147-րդ եւ 149-րդ հոդվածների 2-րդ մասում, 163-րդ հոդվածում, 165-րդ եւ 166-րդ հոդվածների 3-րդ մասերում, 175—րդ, 176-րդ, 182-րդ, 183-րդ, 195-րդ, 215-րդ, 218-րդ, 219, 220-րդ, 221-րդ, 225-րդ, 226-րդ, 234-րդ, 238-րդ, 254-րդ, 258-րդ, 261-րդ, 269-րդ, 272-րդ, 309-րդ, 316-րդ, 319-րդ, 322-րդ, 329-րդ, 337-րդ, 340-րդ, 341-րդ, 347-րդ, 354-րդ, 357-րդ, 358-րդ, 359-րդ, 382-րդ, 388-րդ ր 390-րդ հոդվածները:

[12] Տես` Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: վճիռների ընտրանի (1978-2000թթ.), Վ.Հովհաննիսյան, Լ.Հակոբյան,- Եր.: Տիգրան Մեծ, 2002, էջեր 396-417, 418-437:

[13] ՀՀ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի դիսպոզիցիա: