ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-141-03.10.2007-ՖՎ,ՏՀ,ՍԱ,ՊԻ,ԳԿ,ՊԱ,ԱՀ,ՄԻ,ԵԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի նախագիծը փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում, որի վերաբերյալ ձեւավորվել են մի շարք նկատառումներ:

1. Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 16 -րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի` ԱԺ ներկայացվող կառավարության բյուջետային ուղերձը ներառում է. «կառավարության զեկույցը բյուջետային տարվա սոցիալ-տնտեսական զարգացման եւ հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների մասին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ այդ բյուջեի կատարումն ապահովող օրենքների նախագծերը»: Ուղերձի տեքստից ոչ միայն ակնհայտ է դառնում, որ 2008 թվականի պետբյուջեի կատարման առումով օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն է առաջանալու: Սակայն համապատասխան օրինագծերը պետբյուջեի նախագծի փաթեթում ներառված չեն կամ էլ դեռեւս ընդունված չեն: Այս հանգամանքը հնարավորություն չի տալիս իրատեսական եւ կոնկրետ գնահատականներ ձեւավորել առաջարկվող փոփոխությունների առումով, ինչը Վարչության կողմից կկատարվի համապատասխան օրինագծերը ստանալուց հետո:

2. Չնայած այն հանգամանքին, որ համաձայն բյուջետային ուղերձի, վերջին տարիներին էական փոփոխություններ են տեղի ունեցել ՀՆԱ-ի կառուցվածքում, այդուհանդերձ, 2006 թվականի տվյալներով շինարարության եւ գյուղատնտեսության բաժինը միասին կազմել են մոտ 42.6 տոկոս արդյունաբերության 17.9 տոկոսի դիմաց: Ընդ որում, 2007 թվականի հունվար-հուլիս ամիսներին արձանագրված 11.6 տոկոս տնտեսական աճի ապահովման գործում արդյունաբերությունը ապահովել է աճի 0.5 տոկոսային կետը: Կարծում ենք, որ նման կառուցվածքը դեռեւս չի կարող արդյունավետ համարվել, մասնավորապես, նաեւ այն հանգամանքով պայմանավորված, որ գյուղատնտեսությունը եւ շինարարությունը (մարդասիրական օգնության հաշվին իրականացված շինարարության մասով) հարկման դաշտում չեն գտնվում: Փաստորեն, հանրապետությունում արձանագրվող տնտեսական աճի բարձր տեմ պ երը որոշ չափով ապահովվում են հարկազատված ճյուղերի աճի բարձր տեմպերի հաշվին, ինչի արդյունքում տնտեսական աճն իր համապատասխան արտացոլումը չի ստանում հարկային եկամուտների աճի մեջ:

3. Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 744.7 մլրդ դրամի չափով կամ 2007 թվականի համար հաստատված 586.1 մլրդ դրամ եւ 2006 թվականին փաստացի ստացված 489.4 մլրդ դրամ մուտքերի համեմատությամբ համապատասխանաբար 27.1 տոկոսով եւ 52.2 տոկոսով ավելի: Ակնկալվում է, որ 2008 թվականին պետական բյուջեի մուտքեր ը կկազմեն ՀՆԱ 20.1% -ի չափով, 2007 թվականի ծրագրային 19.1 %-ի եւ 2006 թվականի փաստացի 18.4%-ի դիմաց: 2008 թվականի բյուջետային մուտքերի կազմում մեծ տեսակարար կշիռ կունենան հարկերն ու պետական տուրքերը՝ 79.9%, պարտադիր սոցիալական ապահովության վճարները` 14.1%, պաշտոնական դրամաշնորհները՝ 4.8%-ը, իսկ այլ եկամուտները կապահովեն տարեկան բյուջետային մուտքերի 1.2%-ը:

4. Համաձայն կառավարության կանխատեսումների, հարկային եկամուտները եւ պետական տուրքերը 2008 թվականի համար ծրագրվել են 595.1 մլրդ դրամի կամ ընթացիկ տարվա համար հաստատված եւ 2006 թվականի փաստացի մուտքերից համապատասխանաբար 118.5 մլրդ դրամով եւ 212.5 մլրդ դրամով ավելի: Ընդ որում, ըստ համապատասխան գնահատականների, հարկային եկամուտների կանխատեսվող աճի աղբյուր կհանդիսանա տնտեսության շարունակվող ակտիվությունը եւ կառավարության կողմից « ստվերային » տնտեսության կրճատմանն ուղղված միջոցառումների իրականացումը: Այս կապակցությամբ, կարծում ենք, որ առավել իրատեսական գնահատականների համար անհրաժեշտ էր ներկայացնել նախատեսվող այն քայլերը եւ միջոցառումները (այդ թվում` նաեւ օրենսդրական համապատասխան փոփոխությունները, եթե նման անհրաժեշտություն կա), որոնք պետք է ուղղված լինեին տնտեսության « ստվերային » հատվածի կրճատմանը եւ հարկային եկամուտների աճի ապահովմանը:

5. 2008 թվականի պետական բյուջեի նախագծում հարկային եկամուտները եւ պետական տուրքերը ծրագրավորվել են 595.1 մլրդ դրամի չափով, որը կազմում է ընդհանուր բյուջետային մուտքերի 80 տոկոսը: Հարկային եկամուտների եւ պետական տուրքերի գծով 2008 թվականի մուտքերը ծրագրվել են ՀՆԱ-ի 16.9%-ի չափով` 2007 թվականի ծրագրային 15.5%-ի եւ 2006 թվականի փաստացի 14.4 %-ի դիմաց: Հարկ է նշել, որ հարկային եկամուտների կառուցվածքում շարունակում են մեծ տեսակարար կշիռ կազմել անուղղակի հարկերը: Ինչ վերաբերում է ուղղակի հարկերին, ապա պետք է նշել, որ դրանց ծավալը հարկային եկամուտների կազմում դեռեւս շարունակում է մնալ փոքր: Մասնավորապես, համաձայն բյուջետային փաստաթղթի, առաջիկա տարում հարկային եկամուտների գերակշիռ մասը կապահովվի ավելացված արժեքի հարկից ստացվելիք մուտքերի հաշվին, ինչը կկազմի մոտ 247.9 մլրդ դրամ` 92.5 մլրդ դրամով գերազանցելով 2006 թվականի փաստացի մուտքերը: Փաստորեն, միայն ավելացված արժեքի հարկից ստացվող մուտքերը կկազմեն ընդհանուր հարկային մուտքերի 41.6 տոկոսը: Միեւնույն ժամանակ, շարունակում են դեռեւս ցածր մնալ շահութահարկից եւ եկամտահարկից ստացվող բյուջետային մուտքերը, որոնք առաջիկա տարվա համար նախատեսված են համապատասխանաբար 88.9 մլրդ եւ 53.4 մլրդ դրամի չափով: Կարծում ենք, պետական բյուջեի եկամուտների կառուցվածքում ուղղակի եւ անուղղակի հարկերի նման հարաբերակցությունը պետք է մտահոգիչ փաստ հանդիսանա, առավել եւս, երբ խնդիրը դիտարկում ենք հանրապետության բնակչության աղքատության համատեքստում:

6. 2008 թվականի պետական բյուջեի նախագծով ծախսերը նախատեսված են 820.8 մլրդ դրամի չափով, որը 2007 թվականի պետական բյուջեի հաստատված մակարդակի համեմատ ավելացել է 188.3 մլրդ դրամով: 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի վերլուծությունը, ակնհայտորեն, խոսում է դրանց սոցիալական ուղղվածության միտումների ուժեղացման մասին: Մասնավորապես, առաջիկա տարում սոցիալ-մշակութային ճյուղերի ծախսերի տեսակարար կշիռը 2008 թվականի պետական բյուջեի ծախսերում կկազմի 47.4 տոկոս, պաշտպանության, ազգային անվտանգության, հասարակական կարգի պահպանության, քրեակատարողական եւ արտակարգ իրավիճակների համակարգերի ծախսերը 20.4 տոկոս, տնտեսության ճյուղերի ծախսերը` 11.7 տոկոս, պետական կառավարման ոլորտի ծախսերը 6.1 տոկոս, իսկ տեղական ինքնակառավարման մարմիններին ցուցաբերվող աջակցությունը` 2.6 տոկոս:

7. 2008 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը ծրագրավորվել է ՀՆԱ-ի 2.16 տոկոսի չափով եւ կազմում է 76.0 մլրդ դրամ: Դեֆիցիտի ֆինանսավորման ներքին աղբյուները կկազմեն 46.5 մրդ դրամ կամ 61.1 տոկոս, իսկ արտաքին աղբյուրները` 29.5 մլրդ դրամ: Այս առումով, պետք է նշել, որ բավականաչափ դրական է ներկայանում առաջիկա տարում դե ‎‎ ֆիցիտի ֆինանսավորման արտաքին աղբյուրների տեսակարար կշռի նվազեցումը եւ դրան զուգահեռ ներքին ‎‎ ֆինանսավորման բաժնի ավելացումը: Միաժամանակ, պետք է նշել, որ 2008 թվականին այդ ցուցանիշների գծով տարեկան պլանային ցուցանիշների կատարումը մեծապես պայմանավորված կլինի այդ միջոցների փաստացի ստացմամբ: Ինչպես ցույց է տալիս նախորդ տարիների փորձը, դեֆիցիտի արտաքին ֆինանսավորման միջոցների թերստացման պայմաններում էականորեն շեղվում է ծախսերի ծրագրված ցուցանիշը: Ընդ որում, ծախսերի թերակատարումը մեծացնում է ձեւավորված ապառքների մակարդակը, խոչընդոտում է տնտեսավարող սուբյեկտների գործունեությանը, մեծացնում է եկամուտների բեւեռացումը` հանգեցնելով սոցիալական հիմնախնդիրների խորացմանը: Արտաքին աղբյուրներից դեֆիցիտի ֆինանսավորման մեծ ծավալի նախատեսումը պետական բյուջեում միշտ էլ ի վիճակի է լուրջ դժվարություններ առաջացնել դրանց չստացման դեպքում, առավել եւս այն պարագայում, երբնախատեսված չեն դրանց չստացման դեպքում ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ կամ ծախսերի կատարման այլընտրանքային ծրագրեր: Ընդ որում, այդ հանգամանքը բյուջետային փաստաթղթում ներկայացվում է որպես ռիսկի աղբյուր: Ուստի, կարծում ենք, որ պետական բյուջեի նախագծի կազմման ժամանակ անհրաժեշտ է մշակել բյուջետային ֆինանսավորման այլընտրանքային սցենար՝ կապված արտաքին ֆինանսավորման աղբյուրներից նախատեսված միջոցների չստացման հետ:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն

Կատարողներ` Գ. Կիրակոսյան
Ա. Գալստյան