ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Քաղաքացիական հատուկ ծառայության մասին », «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ
(Փաստաթղթային կոդ Կ-148-15.10.2007-ՊԱ-010/0 )

Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Ներկայացնում ենք օրենքների նախագծերի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները:

1. Օրենքի նախագիծը վերնագրված է «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին»: «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը սահմանում է. «Պետական ծառայությունն ընդգրկում է քաղաքացիական ծառայությունը, դատական ծառայությունը, հատուկ ծառայությունները՝ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի, հարկային, մաքսային, արտակարգ իրավիճակների հանրապետական գործադիր մարմիններում, ինչպես նաեւ դիվանագիտական եւ օրենքներով նախատեսված այլ ծառայությունները:» Այսինքն պաշտպանության բնագավառն, ըստ այս դրույթի, հանդիսանում է պետական ծառայության հատուկ ծառայության տարատեսակ: Ուստի առաջարկում ենք օրենքի նախագծով առաջարկվող ծառայության անվանումը համապատասխանեցնել «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին:

2. Օրենքի նախագծի 3-րդ հոդվածի գ) կետը սահմանում է «քաղաքացիական ծառայող»-ի հասկացությունը: «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի դ) կետը նույնպես տալիս է «քաղաքացիական ծառայող»-ի սահմանում: Ճիշտ է, օրենքի նախագծով առաջարկվող եւ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված «քաղաքացիական ծառայող»-ները ընդհանուր առմամբ հավասարեցված են, սակայն, նրանք ունեն նաեւ էական տարբերություններ եւ ընդգրկված են տարբեր ոլորտներում: Ուստի առաջարկում ենք օրենքի նախագծով նախատեսված «քաղաքացիական ծառայող» անվանումը փոխել մեկ այլ համապատասխան անվանմամբ:

3. Օրենքի նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անձնագրերի չափանիշերը կարծես թե դիտվում են որպես նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված չափանիշերի ստորադաս չափանիշեր: Սակայն, մեր կարծիքով, 3-րդ մասով սահմանված չափանիշերն իրենց կարեւորությամբ ոչնչով չեն զիջում մյուսներին, ուստի առաջարկում ենք այս ամենը ներառել 2-րդ մասում:

4. Օրենքի նախագծի բազմաթիվ հոդվածներում գործածվում է «համապատասխան մարմին» բառը, որը, մեր կարծիքով, պետք է փոխարինվի «պետական լիազոր մարմին» բառերով:

5. Օրենքի նախագծի 12-րդ հոդվածի բ) կետի «հանրային ծառայության պաշտոն» բառակապակցության «հանրային» բառն առաջարկում ենք փոխարինել «պետական եւ համայնքային» բառերով, քանի որ, ըստ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի «Հանրային ծառայությունը պետությանն օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրականացումն է», այսինքն տվյալ ծառայության կրողը պետությունն է: Իսկ պետական ծառայությունը մասնագիտական գործունեություն է, այսինքն տվյալ ծառայության կրողը անհատն է:

6. Օրենքի նախագծի 14-րդ հոդվածի 1) կետի ա) ենթակետի եւ 15-րդ հոդվածի 4-րդ մասի «պահանջները» բառերն առաջարկում ենք փոխարինել «պահանջներին» բառերով:

7. Օրենքի նախագծի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերությամբ սահմանվում է, որ քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն, գլխավոր եւ առաջատար պաշտոններում նշանակում եւ այդ պաշտոններից ազատում է համապատասխան մարմնի ղեկավարը, իսկ 3-րդ մասով սահմանվում է, որ կրտսեր պաշտոններում նշանակում եւ այդ պաշտոնից ազատում է աշխատակազմի ղեկավարը: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ պետական ծառայությունը կարգավորող այլ օրենքներով, մասնավորապես, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններում նշանակում եւ այդ պաշտոններից ազատում է Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմնի աշխատակազմում՝ այդ մարմնի ղեկավարը, կամ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով` ա շխատակազմում պետական ծառայության բարձրագույն պաշտոններում նշանակում եւ այդ պաշտոններից ազատում է Ազգային ժողովի նախագահը, իսկ աշխատակազմում պետական ծառայության գլխավոր, առաջատար եւ կրտսեր պաշտոններում նշանակում ու այդ պաշտոններից ազատում է Աշխատակազմի ղեկավարը, առաջարկում ենք քննարկել Նախագծով առաջարկվող եւ գործող օրենսդրությամբ ամրագրված նույնաբովանդակ դրույթների համադրման հարցը:

8. Օրենքի նախագծի 20-րդ հոդվածի 10-րդ մասի եւ 11-րդ մասի ա) կետի «որոնք» բառերն առաջարկում ենք փոխարինել «ովքեր» բառերով:

9. Նույն հոդվածի 11-րդ մասի բ) կետի «որոնց» բառն առաջարկում ենք փոխարինել «ում» բառով:

10. Օրենքի նախագծի 30-րդ հոդվածի 1-ին մասի «կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիական ծառայողին» բառերն անհրաժեշտ է հանել, քանի որ սրանք տարբեր կատեգորիաներ են:

11. Օրենքի նախագծի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ պարբերությունն առաջարկում են վերախմբագրել հետեւյալ բովանդակությամբ. «Կարգապահական տույժը քաղաքացիական ծառայողին հաղորդվում է կարգապահական տույժ նշանակելուց հետո եռօրյա ժամկետում»:

12. Օրենքի նախագծի 34-րդ հոդվածի 5-րդ մասը անհրաժեշտ է վերանայել, մասնավորապես, է) կետով նախատեսված հաստիքների կրճատման դեպքում քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու մասին նախազգուշացնելը պետք է լինի պարտադիր պայման:

13. Օրենքի նախագծի 40-րդ հոդվածով նախատեսվում է, որ քաղաքացիական հատուկ ծառայության մրցույթային եւ ատեստավորման հանձնաժողովների կազմերում ներգրավվում են նաեւ համապատասխան մարմնի ուսումնական եւ գիտական հաստատությունների ներկայացուցիչներ: Այստեղ կարելի է ենթադրել, որ վերը նշված ուսումնական եւ գիտական հաստատությունների ներկայացուցիչները պետք է ունենան զինվորական կրթություն, բայց չէ որ խոսքը գնում է քաղաքացիական ծառայության մասին: Ուստի, մեր կարծիքով, այդ հանձնաժողովների անդամներ պետք է լինեն ոչ զինվորականներ:

14. Օրենքի նախագծի «եզրափակիչ եւ անցումային դրույթներ» գլխի 47-րդ հոդվածի 2-րդ մասն առաջարկվում է տեղափոխել Նախագծի 6-րդ գլուխ:

15. Օրենքի նախագծի 54-րդ հոդվածում սահմանվում է, որ. «Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը համապատասխան մարմնում ծառայություն անցնող եւ սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակված անձինք` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում, օգտվում են «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածում նախատեսված երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունքից»: Այս դրույթը չի թղթակցում «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերին, որոնցով համապատասխանաբար սահմանված է. «Զինծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակները նշանակվում են ցմահ» եւ «Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակը նշանակվում է այն ամբողջ ժամանակահատվածի համար, որի ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամը պահպանում է կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունքը (սույն օրենքի 16 հոդված)»:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող` Մ. Հակոբյան