ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» ՀՀ օրենքի նախագծի
(փաստաթղթային կոդ` Կ-159-22.10.2007-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսնակյունից անհրաժեշտ է նշել, որ Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Ապրանքային եւ սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքում:

Ներկայացված Նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ դիտողությունները եւ առաջարկությունները:

1. Նախագծի 1-ին հոդվածն անհրաժեշտ է հստակեցնել, քանի որ օրենքի անվանումից խոսքը խաղողի հումքով ոգելից խմիչքներ պատրաստելու մասին է, այն ինչ, սույն հոդվածով կարգավորման առարկա է դիտվել նաեւ խաղողի մշակման, իրացման, ինչպես նաեւ խմիչքների արտադրության շուկայահանման հետ կապված հարաբերությունները:

2. Առաջարկում ենք հստակեցնել նաեւ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետում ամրագրված անձնական կամ ընտանեկան օգտագործման համար նախատեսված տնային պայմաններում արտադրված գինեգործական արտադրանքի արտադրության արգելքին վերաբերվող դրույթը:

3. Օրենսդրական տեխնիկայի կանոնների պահանջներին համապատաս՟խանության նպատակով առաջարկում ենք Նախագծում տեղ գտած հապավումները (օրինակ` ծավ. %, գ/լ եւ այլն) հստակեցնել:

4. Նախագծի 4-րդ հոդվածը վերանայման, հստակեցման, խմբագրական կարիք ունի, ինչը պայմանավորված է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածով:

5. Նախագծի 8-րդ հոդվածով ամրագրված խաղողի տնկարկների դասակարգման մասին դրույթը չի կարող դիտվել որպես օրենքի կարգավորման առարկա:

Նույն դիտողությունը վերաբերվում է Նախագծի 10-րդ հոդվածով ամրագրված խաղողի սորտերի, ինչպես նաեւ 21-րդ հոդվածով ամրագրված հայկական կոնյակների դասակարգման դրույթներին:

6. Նախագծի 10-րդ հոդվածն ամրագրում է դրույթ, որով արգելվում է գինիների պատրաստումը որոշակի սորտի խաղողից: Կարծում ենք, որ խաղողի նման սորտերի ցանկի հաստատումը կարելի է վերապահել ՀՀ կառավարությանը:

7. Նախագծի 46-րդ հոդվածով առաջարկվող արտադրանքի ծագման վերաբերյալ պարտադիր տեղեկատվության մասին դրույթներն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Ապրանքային եւ սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքին:

8. Նախագծի 49-րդ հոդվածով ամրագրված իրավահարաբերություններն արդեն իսկ սահմանված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով:

9. Նախագծի 58-րդ հոդվածով ամրագրված անցումային դրույթների մասով առաջարկում ենք քննարկել օրենքն ուժի մեջ մտնելու նման երկարաժամկետ դրույթ սահմանելու նպատակահարմարության հարցը:

Այս օրենքի նախագծի ընդունումով անհրաժեշտություն կառաջանա նաեւ կարգավորել այլ հումքերից պատրաստված (թթի, ծիրանի, հոնի) ոգելից խմիչքների արտադրության հետ կպված հարաբերությունները:

Նախագծում առկա են բազմաթիվ թերություններ, որոնք առաջարկում ենք քննարկել աշխատանքային կարգով:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն

Կատարողներ`
 
Վ. Մանուկյան

Յու. Խալաթյան