ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-167-06.11.2007-ՖՎ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

Ներկայացված օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

  1. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին նախադասության «Սույն օրենքում օգտագործվում են» բառակապակցությունը առաջարկվում է փոխարինել «Սույն օրենքի իմաստով օգտագործվող» բառակապակցությամբ, քանզի նախագծի 1-ին հոդվածի 17-րդ կետում «պայմանագրի» հասկացության սահմանումը բոլորովին այլ է, քան ՀՀ քաղաքացիական օրենսգրքում:
  2. Նաախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասում «այլ օրենսդրական ակտերից» բառերը փոխարինել «այլ նորմատիվ իրավական ակտերից» բառերով, ավելացնել «ՀՀ միջազգային պայմանգրերից» բառերը, իսկ 2-րդ մասից հանել «համապատասխանաբար» բառը:
  3. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանվում է, որ «Պետական պարտքը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության ազգային արժույթով»: Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ արտաքին պետական պարտքի մեծությունը, որպես կանոն, սահմանվում է արտարժույթով եւ պետական պարտքի հրապարակումը ազգային արժույթով ոչ միայն տրամաբանական չէ, այլ նաեւ կարող է որոշակի բարդություններ ստեղծել, մասնավորապես, պայմանավորված փոխարժեքի որոշման հետ:
  4. Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասում «աջակցություն» բառն առաջարկվում է փոխարինել «բարելավում» բառով, իսկ 3-րդ մասի «պահպանում եւ» բառերը հանել:
  5. Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասում սահմանվում է, որ «Կառավարության պարտքի կառավարման ռազմավարական ծրագիրը ներառվում է պետական միջինժամկետ ծախսերի ծրագրի կազմում»: Հարկ ենք համարում նշել, որ հասկացությունների մասում տրված չէ նշված հասկացության բովանդակությունը, ինչն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներից է, ինչպես նաեւ բացակայում են տվյալ ծրագրին ներկայացվող պահանջները: Ընդ որում, համապատասխան փոփոխություններ պետք է կատարվեն նաեւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում, չնայած այն հանգամանքին, որ նախագծին կից ներկայացված տեղեկանքում նշված է, որ «Օրենքի ընդունմամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանա»:
  6. Նախագծի 22-րդ հոդվածի 6-րդ մասով լիազոր մարմնին իրավունք է վերապահվում մինչեւ վարկի մարելը նախատեսված դեպքերում եւ կարգով ստուգել ստացողի ֆինանսական վիճակը, սակայն սահմանված չեն ստուգումների արդյունքների գործնական իրացման մեխանիզմները: Բացի վերը շարադրվածից, հարկ է նշել, որ օրենքի նախագծում չեն նախատեսվել պատասխանատվությանը վերաբերող դրույթներ, առանց որոնց օրենքը լիարժեք չի լինի եւ կիմաստազրկվի, քանի որ ցանկացած օրենքի նպատակը հարաբերությունների կարգավորման մեխանիզմներ, իսկ դրանք խախտելու դեպքում` պատասխանատվություն սահմանելն է:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն

Կատարողներ`Գ. Կիրակոսյան

Կ. Հարությունյան