ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի նախագծի (փաստաթղթային կոդ Կ-203-29.12.2007-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջների համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել, որ նախագծում առկա են մի շարք դրույթներ, որոնք ուղղակիորեն հակասում են հարկային հարաբերությունները կանոնակարգող եւ ներկայումս գործող մի շարք օրենքների: Ենթադրվում է, որ նշված խնդիրների որոշակի մասն իր լուծումը պետք է ստանա օրենսգրքի հատուկ մասում, որի բացակայությունը հնարավորություն չի տալիս ամբողջական կերպով գնահատել եւ փորձաքննության ենթարկել ընդհանուր մասում ամրագրված դրույթները` գործնական կիրառման առումով:

Բացի այդ, նախագծով սահմանված չէ նաեւ օրենսգրքի ուժիմտնելու մասին դրույթը, ինչի պատճառով նախագծի ընդունման պարագայում կարող է առաջանալ որոշակի «խառնաշփոթ» հարկային եւ բյուջետային ոլորտները կանոնակարգող օրենսդրական դաշտում (չնայած այն հանգամանքին, որ նախագծին կից ներկայացված տեղեկանքում նշված է, որ «Հարկային օրենսգրքի ընդհանուր մասի ընդունման առնչությամբ այլ օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:»): Մասնավորապես, նախագծի 16-րդ հոդվածով սահմանվում են հարկերի տեսակները, ինչը չի համապատասխանում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներով սահմանվող պետական եւ համայնքային բյուջեների հարկային եկամուտներին: Այս կապակցությամբ, կարծում ենք, ցանկալի կլիներ օրենսգրքի ընդհանուր եւ հատուկ մասերը ներկայացնել մեկ ընդհանուր փաստաթղթով, կամ էլ անցումային դրույթներով կանոնակարգվեին կամ սահմանափակվեին օրենսդրական հակասություններ ենթադրող իրավական նորմերի կիրառման դեպքերը:

Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել նաեւ հետեւյալ նկատառումները.

1. Նախագծի 2-րդ հոդվածով տրվող հարկային համակարգի սահմանումըվերաշարադրման կարիք ունի, քանի որ հարկային համակարգը միայն «հարկ վճարողների եւ օրենսգրքով սահմանված հարկերի հաշվարկման եւ վճարման նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինների միջեւ հարաբերությունների ամբողջություն»-ը չէ:

2. Նախագծի մի շարք հոդվածներում օգտագործվում են միեւնույն բովանդակություննունեցող տարբեր արտահայտություններ: Օրինակ` «հարկվող օբյեկտ» (19-րդ հոդված) եւ «հարկման օբյեկտ» (17-րդ հոդված) կամ «արտագնա հարկային ստուգում» (57-րդ, 59-60-րդ հոդվածներ) եւ «արտաքին հարկային սոտւգումներ» (62-64-րդ հոդվածներ): Սույն օրենսգրքի իմաստով եւ տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու նպատակով անհրաժեշտ է հստակեցնել հիշյալ հասկացությունները, այդ թվում նաեւ դրանց սահմանման տեսանկյունից:

3. Հաշվի առնելով միջազգային փորձը, ինչպես նաեւ հետխորհրդային եւ Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրների համանման օրենսդրության իրավակիրառ պրակտիկան, առաջարկում ենք Հարկային օրենսգրքի կառուցվածքում ներառել` պետական եւ տեղական տուրքերի, հարկային ծառայության մարմինների գործառույթների եւ լիազորությունների, հարկային ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին, գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին դրույթները: Մեր կարծիքով նման բաղադրիչների ներառումը կամբողջականացնի հարկման ոլորտում օրենսդրության միասնականացումը, ինչը կխթանի տվյալ ոլորտի մեխանիզմներիկատարելագործմանը, ինչպես նաեւ հարկ վճարողների շահերի պաշտպանության որակի բարելավմանը:

4. Նախագծի 3-րդ հոդվածի վերնագիրը, չնայած շարադրված է որպես «Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի սկզբունքները» վերտառությամբ, սակայն խոսքը գնում է հարկման սկզբունքների մասին, որն, ի դեպ, կարծում ենք ավելի ճիշտ ձեւակերպում է: Գտնում ենք, որ «հարկային համակարգը պետք է լինի կայուն եւ արդյունավետ» ձեւակերպումը վերախմբագրման կարիք է զգում, առավել եւս, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ ըստ նախագծի, հարկային համակարգը հարկ վճարողների եւ հարկային հսկողություն իրականացնող մարմինների հարաբերությունների ամբողջությունն է, ինչն, ակնհայտորեն, չի կարող լինել կայուն: Այս առումով, կարծում ենք, որ հոդվածի վերնագիրը պետք է համապատասխանեցնել բովանդակությանը եւ որպես հարկման սկզբունքներ (ի թիվս մյուսների) սահմանել նաեւ հարկման համընդհանրությունը եւ հավասարությունը: Բացի նշվածից, կարծում ենք, որ օրենսգրքով անհրաժեշտ է ամրագրել նաեւ հարկերի սահմանման տնտեսական հիմնավորվածության պարտադիր պայմանի մասին դրույթ:

Միաժամանակ առաջարկում ենք քննարկել նույն հոդվածի 3-րդ մասում ամրագրված դրույթը` ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածի պահանջներինհամապատասխանության մասին հարցը:

5. Համաձայն նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասի վերջին պարբերության, «Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի եւ Հայաստանի Հանրապետության այլ համապատասխան իրավական ակտերի` հարկային հարաբերությունները կանոնակարգող դրույթների միջեւ հակասությունների դեպքում հարկային հարաբերությունների կիրառման շրջանակներում գործում են հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթները»:Հարկ է նշել, որ ըստ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի, «Օրենսգրքի կարգավորման իրավահարաբերությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության մյուս բոլոր օրենքները պետք է համապատասխանեն օրենսգրքերին»: Հետեւաբար, կարծում ենք, որ նախագծի նշված մասի անհրաժեշտությունը չկա: Կարծում ենք, որ նախագծում նման դրույթի ներառման դեպքում այն պետք է համապատասխանեցվի «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքների պահանջներին:

6. Նույն հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ օրենսգրքում նոր հարկեր սահմանող կամ դրանց դրույքաչափերի բարձրացում նախատեսող իրավական ակտերը ուժի մեջ են մտնում ոչ շուտ, քան դրանց ընդունման տարվան հաջորդող հունվարի 1-ից, սակայն ոչ շուտ, քան պաշտոնական հրապարակման պահից սկսած երեք ամիս հետո:«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Կառավարության բյուջետային ուղերձը ներառում է կառավարության զեկույցը բյուջետային տարվա սոցիալ-տնտեսական զարգացման եւ հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների մասին, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ այդ բյուջեի կատարումն ապահովող օրենքների նախագծերը»: Ընդ որում, Ազգային Ժողովում պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը քվեարկության է դրվում դրանց ընդունումից հետո: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բյուջեի նախագիծը Ազգային ժողով է ներկայացվում բյուջետային տարին սկսելուց 90 օր առաջ, ապա կարծում ենք, որ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի նշված հոդվածների եւ օրենսգրքի միջեւ կարող են առաջանալ որոշակի հակասություններ` սահմանված ժամկետների մասով:

7. Նախագծի 16-րդ հոդվածով հարկերի տեսակների մասին ամրագրված դրույթն անհրաժեշտ է համապատասխանեցնել ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների կողմից 1992 թվականի մարտի 13-ին ստորագրված Հարկային քաղաքականության համաձայնեցված սկզբունքների մասին համաձայնագրի 1-ին հոդվածի պահանջներին: Ընդ որում, հիշյալ համաձայնագրով Կողմերը պարտավորվել են,ի թիվս այլ հարկատեսակների, իրենց տարածքում սահմանել եկամտահարկ ֆիզիկական անձանցից: Այդպիսի հարկատեսակի մասին խոսք չի գնում ներկայացված նախագծով:

8. Նախագծի 18-րդ հոդվածով հատուկ հարկային ռեժիմը սահմանվում է որպես «հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատուկ կարգ»: Պետք է նշել, որ նման ռեժիմները չեն վերաբերում միայն հարկի հաշվարկմանը եւ վճարմանը, այլ ընդգրկում են առավել լայն շրջանակ: Այս առումով, կարծում ենք, որ հարկային հատուկ ռեժիմը դա հարկման տարրերի (որոնք, ի դեպ, նախագծի 17-րդ հոդվածով սահմանված են որպես հարկերի սահմանման հիմնական պայմաններ) որոշման առանձնահատուկ կարգ է: Բացի այդ, նախագծի նշված հոդվածի շարադրանքից դուրս է մնացել պարզեցված հարկման ռեժիմը եւ որպես միակ հնարավոր ռեժիմ ամրագրված է հաստատագրված հարկման ռեժիմը:

9. Նախագծում ներառված են դրույթներ, որոնք վերաբերվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներին: Դրանք ներառված են նախագծի` «Հարկ վճարողների հաշվառում եւ հարկային հսկողություն» վերնագրով 8-րդ գլխում: Նախագծի 54-րդ հոդվածով նախատեսված են հարկային հսկողության իրականացման եղանակները: Այդ իմաստով հաջորդաբար սահմանված միջոցառումների վերլուծությունը հանգեցրեց այն եզրակացության, որ նախագծի 8-րդ գլխում միախառնվել են օպերատիվ հետախուզական, վարչա-իրավական եւ քրեա-դատավարական առանձին ինստիտուտներ, որոնք պետք է հստակ տարանջատված լինեն իրենց նպատակներով, խնդիրներով, մեթոդներով, կիրառման հիմքերով եւ այլ հատկանիշներով: Ելնելով վերոգրյալից գտնում ենք, որ օրենքի նախագծի 67-րդ հոդվածում եւ դրան հաջորդող դրույթներում հստակ չի ամրագրված օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու համակարգը:

Այսպես, նախագծի 54-րդ հոդվածի 3-րդ կետում, որպես եղանակ սահմանված են օպերատիվ հետախուզական միջոցառումները: Նույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ կետերում որպես հարկային հսկողության իրականացման եղանակներ, նշված են չափագրումը եւ հսկիչ գնումը, որոնք դիտվում են նախագծի համատեքստում որպես հարկային հսկողության իրականացման առանձին եղանակներ եւ դրանք ներառված չեն օպերատիվ հետախուզական միջոցառումների ցանկում: Իրականում դրանք կարող են հանդիսնալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ (տես` «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը ), որը ներառում է այլ իմաստ, քան նախատեսված է հարկային օրենսգրքի նախագծի 68-րդ եւ 69-րդ հոդվածներում:

Բացի այդ, «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն հարկային մարմինները իրավունք ունեն անցկացնելու նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 10-րդ, 13-րդ եւ 14-րդ կետերով նախատեսված օպերատիվ հետախուզական միջոցառումները: Այդ հիմքով անհրաժեշտ է, նախ նախագծի 8-րդ գլխից հանել բոլոր այն դրույթները, որոնք վերաբերում են օպերատիվ հետախուզական միջոցառումներին, քանի որ դրանք, ոչ թե հարկային հսկողության, այլ օպերատիվ հետախուզական գործունեության առարկա են կազմում (որոնք էապես տարբերվում են իրենց նպատակներով, խնդիրներով, մեթոդներով, քաղաքացիների իրավունքների պաշտպանվածության մակարդակով, ներառյալ` սահմանադրաիրավական, առանձնահատկություններով, ակնկալվող արդյունքներով, ապացուցողական նշանակությամբ, ներառյալ` քրեադատավարական իմաստով եւ բազմաթիվ այլ հատկանիշներով): Այդ դրույթներն առաջարկվում է ներառել առանձին գլխում եւ առնվազն սահմանել օպերատիվ հետախուզական միջոցառումների նպատակները, տեսակները եւ այդ տեսակների բովանդակությունը: Անթույլատրելի է «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված` հարկային մարմինների համար թույլատրելի օպերատիվ հետախուզական միջոցառումների ցանկի ընդլայնումը, փոփոխումը, բովանդակության կամ տերմինների փոփոխումը, ռեժիմի փոփոխումը: Այդ իմաստով նախագծից պարզ չէ, թե նախագծի68-րդ, 69-րդ, 70-րդ հոդվածներում ներկայացված գործողությունները դիտվում են, արդյոք, օպերատիվ հետախուզական, թե ոչ: Այսպես, նախագծի 70-րդ հոդվածի 1-ին մասի վերջում ամրագրված «ուսումնասիրությունը» ինչ բնույթ է կրում: Դա վերաբերում է նաեւ 71-րդ, 72-րդ եւ բոլոր այն հոդվածներին, որոնցում օպերատիվ հետախուզական միջոցառումները միախառնվել են հարկային հսկողության այլ եղանակների հետ:

Առաջարկվում է հարկային մարմինների կողմից իրականացվող օպերատիվ հետախուզական միջոցառումներին վերաբերող դրույթները միավորել առանձին գլխում:

Ինչ վերաբերում է այն գործողություններին, որ շփոթեցման աստիճանի են հասցնում քրեադատավարական եւ վարչաիրավական նույնանուն ինստիտուտների կիրառումը, ապա անհրաժեշտ է օրենսգրքում հստակ սահմանազատել դրանք ըստ իրականացման հիմքերի (72-րդ հոդվածով նախատեսված իրերի եւ փաստաթղթերի առգրավումը, 73-րդ հոդվածով` փորձաքննությունը, 75-րդ, 76-րդ, 80-րդ եւ այլ հոդվածներով նախատեսված գործողությունները):

10.Նախագծում առկա են նաեւ բազմաթիվ խմբագրական բացթողումներ, լեզվաոճական սխալներ եւ օրենսդրական տեխնիկայի կանոնների պահպանման վերաբերյալ հարցեր: Դրանք կարող են քննարկվել աշխատանքային կարգով:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                                                         Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

Կատարողներ` Ա.Երեմյան

Գ.Կիրակոսյան