ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Թիկնազորային (պահնորդական) գործունեության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի
 
(փաստաթղթային կոդ ` Պ - 228 -2 8 .0 2 .200 8 Ա -010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Աղաբեկյան ի, Վահան Հովհաննիսյան ի, Հրայր Կարապետյան ի, Միքայել Մանուկյան ի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Թիկնազորային (պահնորդական) գործունեության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը իրավական փորձա քնն ության են ենթ արկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում :

1.Նախագծերի փաթեթը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

2 .Նախագծերի փաթեթը չի կարող գնահատվել որպես ամբողջական: Մասնավորապես, «Թիկնազորային (պահնորդական) գործունեության մասին» ՀՀ օրենքի ընդունման դեպքում անհրաժեշտություն կծագի լրացումներ կատարել ՀՀ Քրեական օրենսգրքում:

Վերոգրյալը, սակայն, չի խոչընդոտել օրենքների նախագծերի փաթեթի փորձաքննության իրականացմանը:

«Թիկնազորային (պահնորդական) գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ .

3. Նախագծում սահմանված չեն թիկնապահի պարտականությունները:

4 . Ն ախագծի 1-ին հոդվածում 2 անգամ կրկնվում է «կարգավորում է» բառը: Առաջարկում ենք կամ հանել երկրորդ «կարգավորում» բառը, կամ առաջինը փոխարինել «սահմանում է» բառով:

5 . Նախագծի 3-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ պարբերությունների վերջին նախադասությունների «միջոցներ» բառից հետո առաջարկում ենք դնել ստորակետ եւ ավելացնել «դրանք» բառը:

6 . Նախագծի 3-րդ հոդվածի 6-րդ պարբերություննում նկարագր վ ած է «պահպանվող անձի» հասկացությունը: Այնուհետեւ նախագծի բազմաթիվ հոդվածներում տրված է պահպանվող անձանց կյանքի եւ առողջության պաշտպանությանը առնչվող թիկնազորային գործունեության շրջանակը (նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասի ա)ենթակետ, 13-րդ հոդվածի 1-ին մասի ա) ենթակետ եւ այլն): Այս կապակցությամբ մտահոգում է ֆիզիկական անձանց կյանքի եւ առողջության պաշտպանության գործառույթը որոշված ծավալով դեպի մասնավոր թիկնազորային ծառայություններ ուղղելու հնարավորությունը: Նման լիազորություն վերապահելը, որպես կանոն, իրականացվում է , երբ բավարար չեն ներպետական միջոցները հիշյալ սահմանադրական իրավունքները ապահովելու գործում: Այդ խնդրին կանդրադառնանք սույն եզրակացության ստորեւ ներկայացված առանձին դրույթներում:

7 . Նախագծի 5-րդ հոդվածի վերջնամասը ոչ թե սկ զ բունք է, այլ մեթոդ, առաջարկում ենք հստակեցնել նշված մասը :

8 . Նախագծի նույն 5-րդ հոդվածի վերջնամասում «առավել հուսալի եւ անվտանգ» բառակապակցությունում «առավել» բառը վերացական է, ենթակա է գնահատման եւ տարածական մեկնաբանման, ինչն ընդունելի չէ, հատկապես, երբ դա վերաբերում է ֆիզիկական անձի նկատմամբ զենք կամ այլ հատուկ եւ տեխնիկական միջոցներ գործադրելուն:

9. Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասի «Իրավաբանական անձի» հասկացությունն անհրաժեշտ է հստակեցնել կամ այն ներառել նախագծի 3-րդ հոդվածում, որտեղ զետեղված են նախագծի հիմնական հասկացությունները:

10. Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասի ա) ենթակետի համաձայն թույլատրվում է իրականացնել պահպանվող անձի կյանքի եւ առողջության պաշտպանություն (այդ թվում` զենքի օգտագործումը): Նշենք, որ եթե առկա է սպառնալիքը, ապա պաշտպանությունը պետք է իրականացվի ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի շրջանակում, իսկ եթե այն առկա չէ, ապա գործում է ՀՀ Քրեական օրենսգրքի 43-րդ հոդվածի նորմը:

11. Նախագծի 11-րդ հոդվածի գ) ենթակետը հստակեցման կարիք ունի` բուժհիմնարկներում նախկինում հոգեկան հիվանդության, հարբեցողության կամ թմամոլության պատճառով հաշվառման կանգնած քաղաքացիներին թիկնազորային գործունեության մեջ ներգրավելու հարցը:

12. Ն ախագծի 13-րդհոդվածի 1-ին մասի «գ» ենթակետի համաձայն ` պահապանը ( «թիկնապահը» ) իրավունք ունի իրականացնել քաղաքացիների անձնական զննություն, նրանց մոտ գտնվող առարկաների եւ պահպանվող օբյեկտ մուտք գործող տրա ն սպորտային միջոցների զննում: Եթե այս դրույթը քրեադատավարական նորմ է, ապա հակասում է Քրեական դատավարության օրենսգրքի 217-229-րդ հոդվածների դրույթներին: Քրեական դատավարության օրենսգրքում օգտագործվում է «զննում» եւ «անձնական խուզարկություն» տերմինները, ընդ որում, անձնական խուզարկությունը կարելի է անցկացնել միայն քննիչի կամ ոստիկանության կողմից ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 229-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմաններից որեւէ մեկի առկայության դեպքում, իսկ զննումը` տեղանքի, շինությունների, առարկաների, կենդանիների, մարդու կամ կենդանու դիակի զննումն է, որ ն իրակ անացվում է քննիչի կողմից: Իսկ եթե Ն ախագծի հեղինակները ցանկացել են ամրագրել վարչաիրավական դրույթ, ապա անհրաժեշտ է համապատասխան նորմ ամրագրել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում: Առաջարկում ենք հստակեցնել սույն մոտեցումը:

Նույն 13-րդ հոդվածի 2 - րդ մաս ում սահմանված է պատասխանատվություն, սակայն հստակ չէ, թե ո՞ր օրենքով:

13. Առաջարկում ենք Ն ախագծի 1 4 -րդ հոդվածի `

- ա) ենթակետը «նախապատրաստվող» բառից հետո լրացնել «կատարվող» բառով,

- բ) ենթակետն ամբողջությամբ վերախմբագրել,

-դ) ենթակետում կատարված թվարկումներն իրարից անջատել «կամ» շաղկապով:

Վերջին դիտողությունը վերաբերում է նաեւ նախագծի 15-րդ հոդվածին:

14. Նախագծի 15-րդ հոդվածով նախատեսված է, որ քաղաքացիների կյանքին, առողջությանը եւ գույքին ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կամ զենքի կիրառմամբ վնաս հասցնելու դեպքում թիկնապահը պարտավոր է գրավոր անհապաղ տեղեկացնել իրավապահ մարմիններին եւ թիկնազորային կազմակերպության ղեկավարին: Մեր կարծիքով, գրավոր եղանակը ոչ բոլոր դեպքերում կարող է զուգորդվել հիշյալ պարտականությունն անհապաղ կատարելու հետ: Արդյունքում կարող են ոչնչանալ կամ անհետանալ կամ վնասվել ապացույցները, հնարավոր են փոփոխություններ նաեւ դեպքի վայրում, ինչը կարող է դժվարեցնել հետագայում քրեական գործի լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությանը: Առաջարկվում է քննարկել այլընտրանքային մոտեցումներ ամրագրելու հարցը:

15. Ն ախագծի 16-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերն անհրաժեշտ է համարակալել:

16. Հատկանշական է, որ դժվար է սահմանազատել նախագծի 15-րդ հոդվածում ամրագրված «վնաս հասցնելը», Նախագծի 16-րդ հոդվածի 5-րդ մասի գ) կետում նշված` պատճառված մարմնական վնասվածքից: Պետք է նաեւ հաշվի առնել, որ ՀՀ Քրեական օրենսգրքում անձի առողջության դեմ ուղղված հանցագործությունների դիսպոզիցիաներում, որպես տերմին օգտագործվում է առողջությանը վնաս պատճառելը:

Դրա հետ մեկտեղ ենթադրվում է, որ 5-րդ մասն առաջին չորս մասերից «նաեւ» բառով անջատելն ածանցյալ է դարձնում այդ մասում նշված պարտականությունները:

17. Նույն 16-րդ հոդվածի 5-րդ մասի ա) կետում նշված է, որ թիկնապահը պարտավոր է ձգտել, որպեսզի ոտնձգություն կատարած անձին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի: Իրականում, մեր կարծիքով, վնասը կարող է լինել նվազագույն, սակայն չի կարող հասցվել նվազագույնի:

18. Նույն 16-րդ հոդվածի 5-րդ մասի բ) կետում «ապահովել (ցուցաբերել)» հասկացությունները հավասարազոր չեն եւ ենթադրում են իրենց բովանդակությամբ, մեթոդներով, ծավալով եւ նպատակներով տարբեր գործողությունների կատարում:

19. Նախագծի 17-րդ հոդվածում նշված «ձեռքի տակ գտնվող անհրաժեշտ առարկաններ» դրույթը կարող է հանգեցնել տեխնիկական եւ հատուկ միջոցների թվին չդասվող բազմաթիվ այլ առարկանների օգտագործմանը (կացին, մուրճ, սղոց, էլեկտրական կտրող-սղոցող եւ այլ սարքեր, տարբեր տեսակի քիմիական նյութեր եւ այլն) օգտագործելուն, որոնք իրենց վտանգավորության աստիճանով չեն զիջում բազմաթիվ հատուկ միջոցների (օրինակ` տերմիկական, կտրող, ծակող, սղոցող եւ այլ էֆեկտներ): Ենթադրվում է, որ թիկնապահը պետք է գործի խիստ սահմանափակ շրջանակում, քանի որ այն զենքը, հատուկ եւ տեխնիկական միջոցները, որոնք վերջինիս տրամադրվում են բավարար են գործառույթն իրականացնելու համար: Ինչ վերաբերում է ինքնապաշտպանությանը, ապա դրա կանոնները եւ ինքնապաշտպանությանկանոնների խախտման վերաբերյալ դրույթները սահմանված են ՀՀ Քրեական օրենսգրքով (42-րդ հոդված):

20. Նախորդ կետում նշվածը վերաբերում է նաեւ 18-րդ հոդվածի 4-րդ կետին:

21. Առաջարկում ենք նախագծի 22-րդ հոդվածում «պարտադիր» բառը տեղափոխել «ենթակա են» բառերից առաջ:

22. «Պատասխանատվությունը օրենքը խախտելու համար» վերնագրով Նախագծի 25-րդ հոդվածի վերաբերյալ արդեն նշվել է սույն եզրակացության 2-րդ մասում:

Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ չկան:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ.

25. Նախատեսվում է լրացում կատարել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի43-րդ հոդվածի լիցենզավորման ենթակա գործունեության աղյուսակի 18-րդ բաժնում:

Առաջարկվում է քննարկել մասնագիտական ստուգում, որակավորման պահանջ եւ հաշվետվության պահանջ ներառելու անհրաժեշտության հարցը:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ

ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` Հ . Իսրաել յան

Ս. Յուզբաշյան