ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի
Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-248-31.03.2008-ՊԻ-010/0 ) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը :

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.2-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի 3-րդ մասով, մասնավորապես, նախատեսվել է վարչական պատասխանատվություն սահմանող նոր դրույթ` քաղաքացիների կողմից, օրենքով նախատեսված համատարած հաշվառումների ժամանակ, հաշվառումների հարցաթերթերով նախատեսված տեղեկությունները տրամադրելուց հրաժարվելու համար:

Առաջարկում ենք սույն դրույթի նախատեսումը քննարկել այն` ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի, 24-րդ հոդվածի, դրանց հետ փոխկապակցված 43-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին» (Հռոմ. 1950 թ.) Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասի, 17-րդ եւ 18-րդ հոդվածների դրույթների հետ համադրման տեսանկյունից:

ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն`

«Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը:

Առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով :

Ավելին, ՀՀ Սահմանադրության հետ համակարգային առումով կապի մեջ գտնվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետը ամրագրում է`

«Բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում`

5) ֆիզիկական անձանց անձնական եւ ընտանեկան, ինչպես նաեւ իրավաբանական անձանց` առեւտրային գաղտնիք չհամարվող տեղեկությունների ցանկը.»:

ՀՀ սահմանադրության 24-րդ հոդվածով սահմանված է, որ « Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք: Արգելվում է մարդու կամքին հակառակ մուտք գործել նրա բնակարան, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»:

Իսկ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին» Հռոմի կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասը ամրագրում է, որ յուրաքանչյուրն ունի իր անձնական եւ ընտանեկան կյանքի, բնակարանի եւ նամակագրության հարգման իրավունք: Եվ չի թույլատրվում հանրային իշխանությունների կողմից այդ իրավունքի իրականացման միջամտություն, բացառությամբ այն դեպքերի, երբ նման միջամտությունը նախատեսված է օրենքով եւ անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտան՟գության, հասարակական կարգի պահպանման, պետության տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կամ անկարգությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար:

Վերը նշված հանգամանքների քննարկումը պայմանավորված է այն իրողությամբ, որ «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Մարդահամարն անցկացվում է լիազորված մարմնի ներգրաված եւ հրահանգավորած աշխատողների՝ հաշվարարների կողմից բնակելի եւ այլ շինություններ շրջագայելու եւ դրանցում բնակվող յուրաքանչյուր չափահաս անձի (կամ ընտանիքի որեւէ չափահաս անդամի) անմիջական հարցման ու հարցերի պատասխանները մարդահամարի փաստաթղթերում լրացնելու միջոցով » : Նույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Մարդահամարի փաստաթղթերը (մարդահամարի հարցաթերթ , կազմակերպահրահանգչական եւ այլ փաստաթղթեր) հաստատում է լիազորված մարմինը : »:

Հարկ ենք համարում նշել, որ «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքում օրենսդիրը, չնախատեսելով մարդահամարի հարցաթերթերում ընդգրկվող կոնկրետ հարցերի շրջանակը, ինչպես նաեւ մարդահամարի հարցաթերթի հարցերին պատասխանելուց հրաժարվելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատաս՟խանատվություն սահմանելով, կարող է վտանգել ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածով ամրագրված մարդու` անձնական ու ընտանեկան կյանքի հարգման սահմանադրական իրավունքի իրականացումը, ֆիզիկական անձանց անձնական եւ ընտանեկան տեղեկությունների ցանկը բացառապես օրենքով սահմանելու վերաբերյալ օրենքի, ինչպես նաեւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին» Եվրոպական կոնվենցիայի վերը հիշատակված հոդվածների պահանջների կատարման հնարավորությունը: Դա կարող է անուղղակի վտանգել նաեւ ՀՀ Սահմանադրության 24-րդ հոդվածով ամրագրված իրավունքի իրականացումը:

Ավելորդ չենք համարում նաեւ նշել, որ ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված` ժողովրդավարական հասարակությունում պետական անվտան՟գության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների, պատվի եւ բարի համբավի պաշտպանության համար մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների ( ներառյալ` ՀՀ Սահմանադրության 23-րդ եւ 24-րդ հոդվածներով ամրագրված ) միայն օրենքով սահմանափակմանը վերաբերող դրույթի կարգավորումը չի կարող տարածվել «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքով նախատեսված` մարդու եւ քաղաքացու իրավունքների վերը քննարկված սահմանափակումների վրա, քանի որ օրենսդիրն այդ օրենքի 5-րդ հոդվածում սահմանելով մարդահամարի հիմնական խնդիրները, ամրագրել է` «Մարդահամարի հիմնական խնդիրն է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությունների մշակման, ժողովրդագրական եւ սոցիալական հետազոտությունների, աշխատանքային ռեսուրսների տեղաբաշխման եւ օգտագործման ուսումնասիրման, բնակչության թվաքանակի եւ կազմի, ընթացիկ հաշվառման ու կանխատեսումների, ինչպես նաեւ ընտրական տեղամասերի կազմավորման նպատակով բնակչության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունների ստացումը:» :

Նախագծի վերաբերյալ սույն եզրակացությունից բխող այլ դիտարկումները կարող են քննարկվել աշխատանքային կարգով:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն

Կատարող`Ք.Գեովշանյան