ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին», «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Անհատական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-278-29.05.2008-ՖՎ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին», «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Անհատական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:
1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. Առաջարկում ենք «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) «Վարկային բյուրոների լիցենզավորումը, լիցենզիայի մերժումը» վերտառությամբ 5-րդ եւ «Վարկային բյուրոյի գործունեության լիցենզիան» վերտառությամբ 6-րդ հոդվածների տեղերը փոխել` հաշվի առնելով այդ հոդվածների բովանդակային փոխկապակցվածության առանձնահատկութ՟յունը:
3. Առաջարկում ենք Նախագծի 11-րդ հոդվածի 5-րդ մասի տեքստից հանել «այլ» բառը:
4. Առաջարկում ենք տարանջատել Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում ամրագրված «հաճախորդների» եւ «(հնարավոր հաճախորդների)» բառերը:
5. Նախագծի նույն 13-րդ հոդվածի 5-րդ մասի իրավանորմն առաջարկում ենք հստակեցնել:
6. Նախագծի 19-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում ամրագրված «Ընդ որում, վարկային տեղեկատվության սուբյեկտը չի օգտվում վարկային բյուրոյում առկա տվյալների մի մասի տրամադրումը արգելելու իրավունքից» դրույթի շրջանակում առաջարկում ենք լրացուցիչ հստակեցնել, թե խոսքը ո՞ր «մասի» մասին է:
7. Առաջարկում ենք քննարկել նաեւ նույն 19-րդ հոդվածի 1-ին մասի շարադրանքում տեղ գտած «ա.» կետի համարակալումը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջներին համապատասխանեցնելու հարցը:
8. Նախագծի 21-րդ հոդվածի իրավանորմը հռչակագրային բնույթ է կրում, ուստի, առաջարկում ենք այն համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով նախատեսված նորմատիվ իրավական ակտին ներկայացվող պահանջներին:
9. Նախագծի 24-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում ամրագրված «շահութաբաժիններ վճարելու մասին որոշումների վերաբերյալ տեղեկություններ.» դրույթը կարող է դիտարկվել որպես խորհրդապահական տեղեկատվություն, ուստի, առաջարկում ենք հստակեցնել սույն իրավանորմը:
10. Առաջարկում ենք նույն 24-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում «սակագնային քաղաքականությունը» բառերից հետո ավելացնել «սակագները եւ դրանց ձեւավորման կառուցակարգերը» բառերը:
11. Առաջարկում ենք Նախագծի 26-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթը հստակեցնել` քննարկելով այն սույն իրավանորմի տեսական եւ կիրառական նշանակության տեսանկյունից:
12. Մեր կարծիքով, Նախագծի 27-րդ հոդվածի 2-րդ մասի իրավանորմի կիրառելիությունը հարցականի տակ է, քանի որ նախատեսված չեն վարկային բյուրոյի լուծարման հստակ կառուցակարգեր: Ուստի, առաջարկում ենք լրացնել իրավական բացը:
13. Նախագծի 14-րդ հոդվածում եւ դրա հետ փոխկապակցված` «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածում ամրագրված դրույթներում առկա է անհամապատասխանություն:
Մասնավորապես, Նախագծի 14-րդ հոդվածի 5-րդ մասում առաջարկվել է սահմանել, որ «5. Սույն օրենքով սահմանված վարկային բյուրոյի կողմից տիրապետվող վարկային տեղեկատվություն ապօրինի հրապարակելը, վարկային բյուրոյի տվյալների բազա ապօրինի մուտք գործելը կամ թափանցելը կամ առանց վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնության վարկային պատմություն ստանալը համարվում է վարկային տեղեկատվության ապօրինի հրապարակում եւ ենթակա է պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին համապատասխան:»:
Այսինքն` թվարկված այլընտրանքային բոլոր գործողությունները գնահատվում են որպես վարկային տեղեկատվության ապօրինի հրապարակում:
Մինչդեռ` «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող 199.1-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված դիսպոզիցիայում վարկային տեղեկատվությունն ապօրինի հրապարակելն այլ գործողությունների շարքում քրեորեն հետապնդելի առանձին գործողություն է: Հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիան շարադրվել է, մասնավորապես, հետեւյալ խմբագրությամբ` «1. Առանց վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնության վարկային պատմություն ապօրինի ստանալը, վարկային բյուրոյի տվյալների բազա ապօրինի թափանցելը կամ վարկային պատմությունը կամ վարկային բյուրոյում առկա վարկային տեղեկատվությունը ապօրինի օգտագործելը կամ հրապարակելը»:
Քանի որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 199.1-րդ հոդվածը նշում է գործողությունների ապօրինի բնույթը, ուստի, այն պետք է որոշվի վերը նշված` «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի եւ այլ օրենքների շրջանակում: Այդ հիմքով էլ գտնում ենք, որ նշված նախագծերի փոխկապակցված դրույթներում ցանկացած անհամապատասխանություն կամ անճշտություն պետք է վերացվի: Դա անհրաժեշտ է արդյունավետ արդարադատություն իրականացնելու համար:
14. Իր կառուցվածքով քննարկվող հանցագործությունը (1-ին մասը) ունի ձեւական հանցակազմ: Այն ավարտված է համարվում դիսպոզիցիայում նշված գործողություններից ցանկացածը կատարելու պահից: Այս հանգամանքը պետք է մտաբերել նույն հոդվածի 2-րդ մասում ամրագրված դրույթը վերլուծելիս:
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող 199.1-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված դիսպոզիցիան վերաբերում է այն դեպքերին, երբ առկա են կոռուպցիոն տարրեր քաղաքացիական ոլորտում: Այդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «2. Առանց վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնության այդ տեղեկատվությունն ապoրինի հրապարակելը կամ oգտագործելն այն անձի կողմից, ում այդ գաղտնիքը հայտնի է մաuնագիտական կամ ծառայողական գործունեության հետ կապված, որը կատարվել է շահադիտական կամ այլ անձնական դրդումներով եւ եթե անձանց, կազմակերպությունների կամ պետության իրավունքներին ու oրինական շահերին էական վնաu է պատճառվել` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորuհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»:
Այս դեպքում հանցագործության սուբյեկտը հատուկ է: Պետք է ենթադրվի, որ կոռուպցիոն տարրերով բնութագրվող հանցանքն ավելի ծանր է իր բնույթով եւ պետք է ձեւակերպված լինի այդ կանոններին համապատասխան (խոսքն առայժմ չի վերաբերում պատժի տեսակներին եւ դրանց չափերին):
Մինչդեռ, 199.1-րդ հոդվածի 2-րդ մասի դիսպոզիցիան բնութագրվում է նյութական հանցակազմով: Այսինքն, հանցագործությունը կհամարվի ավարտված, երբ վրա են հասել հետեւանքները` այսինքն, եթե անձանց, կազմակերպությունների կամ պետության իրավունքներին եւ օրինական շահերին պատճառվել է էական վնաս: Քանի որ այդ վնասը չափելի չէ, ուստի, դրա էական կամ ոչ էական լինելու հանգամանքը գնահատման ենթակա հանգամանք է, որը դատարանի իրավասությունն է:
Եթե 199.1-րդ 2-րդ մասում նախատեսված արարքը էական վնաս չի պատճառել, ապա այն կդիտվի որպես չավարտված հանցագործություն:
ՀՀ քր. օր.-ի 33-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «2.Չավարտված հանցագործություն են համարվում հանցափորձը եւ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների նախապատրաստությունը:»:
Քննարկվող դեպքում (եթե էական վնաս չի պատճառվել) խոսքը կարող է վերաբերել հանցափորձին, քանի որ 199.1-րդ հոդվածում նախատեսված արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին (տես` ՀՀ քր. օր.-ի 19-րդ հոդվածի 3-րդ մասը): Ուստի, այդ արարքի (հանցափորձի) դեպքում պետք է կիրառվեն ՀՀ քր. օր.-ի 65-րդ հոդվածի կանոնները, որի 3-րդ մասի համաձայն` «3. Հանցափորձի համար ազատազրկման ձեւով պատժի ժամկետը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով որոշակի ժամկետով ազատազրկման ձեւով նախատեսված պատժի առավելագույն ժամկետի երեք քառորդը:»:
Այս դրույթների համատեքստում առաջարկվում է քննարկել հետեւյալը:
Եթե առաջարկվող նախագծի 199.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունը կատարվի ընդհանուր սուբյեկտի կողմից (օրինակ` առանց վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնության վարկային տեղեկատվությունն ապօրինի օգտագործելը կամ հրապարակելը), ապա այն կորակվի որպես ավարտված հանցագործություն, եւ այդ դեպքում հնարավոր կլինի կիրառել նախատեսված պատժի առավելագույն ժամկետը: Մինչդեռ, եթե նույն գործողությունը կատարվի 199.1-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված հատուկ սուբյեկտի կողմից կոռուպցիոն կամ այլ դրդումներով, ապա հնարավոր կլինի կիրառել ազատազրկման ձեւով նախատեսված պատժի առավելագույն ժամկետի երեք քառորդը:
Վերոգրյալը դիտարկենք նմուշ-օրինակի վրա:
Քաղաքացի Ա.-ն, հանդիսանալով նախագծով նախատեսվող 199.1-րդ հոդվածի 2-րդ մասի սուբյեկտ (գաղտնիքը հայտնի է ծառայողական գործունեության հետ կապված) անձնական դրդումներով (ընկերական հարաբերություններ) քաղաքացի Բ.-ին (199.1-րդ հոդվածի 1-ին մասի սուբյեկտին) փոխանցել է քաղաքացի Գ.-ին վերաբերող վարկային տեղեկատվությունը, որը Բ.-ի կողմից չի օգտագործվել եւ էական վնաս չի պատճառվել:
Այս դեպքում Ա.-ի արարքը կորակվի որպես հանցափորձ (կիրառելի կլինի պատժի առավելագույն ժամկետի երեք քառորդից ոչ ավելի): Քաղաքացի Բ.-ի արարքը կորակվի որպես ավարտված հանցագործություն (առավելագույն պատժի հնարավոր կիրառմամբ):
Մեր կարծիքով, անհամաչափությունն ակնհայտ է:
Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողությունները կարող են քննարկվել աշխատանքային կարգով:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ` Ա.Երեմյան
Վ.Մանուկյան
Գ.Սաֆարյան