Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

« Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
(փաստաթղթային կոդ` Կ-285-06.06.2008-ՊԻ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը ( այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը :

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

« Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

1. Վերնագիրը խոսում է նոր ինստիտուցիոնալ համակարգի ներմուծման մասին, ուստի անհրաժեշտ է այն առավել հստակեցնել կամ որոշակիացնել` միանշանակ եւ որոշակի ընկալման համար: Օրինակ, նպատակահարմար ենք գտնում առաջարկել վերնագիրը ձեւակերպել հետեւյալ խմբագրությամբ. «Իրավական ակտի կիրառման հնարավոր արդյունավետության գնահատումը» եւ առաջարկում ենք դա կիրառել նախագծի ամբողջ տեքստում` համապատասխանաբար: Քանի որ, ի սկզբանե պետք է բացառել, որ իրավական ակտի նախագծի կիրառման արդյունքում կարող է լինել անարդյունավետ կամ բացասական ազդեցություն: Այսինքն, բանականության պահանջն է, որ պաշտոնական շրջանառության մեջ դրվեն միայն հնարավոր արդյունավետության ակնկալիքով իրավական ակտերի նախագծերը:

Նույն 1-ին հոդվածով առաջարկվող 27.1 հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունում, որտեղ ամրագրված է. «Օրենքի, ինչպես նաեւ կառավարության գործունեության տարեկան ծրագրերով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը մշակող մարմինը կազմակերպում է նախագծի կարգավորման ազդեցության գնահատումը:»: Մեջբերվածից բխում է այն տրամաբանությունը, որ այն կառավարության որոշումների նախագծերը որոնք նախատեսված չեն կառավարության գործունեության տարեկան ծրագրերով կարիք չունեն ազդեցության գնահատման: Հարց է առաջանում, ինչո՞ւ:

2. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերության վերջին նախադասությունում ամրագրված է.«Եթե նախագիծ մշակող մարմինը հանդիսանում է նշված բնագավառներից որեւէ մեկում ազդեցության գնահատող, ապա տվյալ բնագավառում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացնում է նախագիծ մշակող մարմինը:»: Իրավունքի գաղափարի եւ տրամաբանության տեսանկյունից իրավական ակտ մշակող շահագրգիռ մարմնին վերապահել նույն իրավական ակտի կարգավորման ազդեցության գնահատում անցկացնելը կարող է հանգեցնելշահերի համընկմանը: Մեր համոզմամբ, կառավարության կողմից առաջարկված իրեն վերապահվող ազդեցության գնահատման գործառույթները, ըստ էության, կարող են լինել հավասարազոր, նմանատիպ են նախագիծ մշակողի կողմից ներկայացվող հիմնավորմանը: Մինչդեռ, հնարավոր գնահատումը, ինչպես նաեւ նախագծերի քննարկումը, հանրային լսումների կազմակերպումը, պատգամավորների ընտրողների եւ մասնագետների կարծիքների հավաքագրումը եւ այլ գործառույթներ, որոնք ամրագրվել են տվյալ նախագծումնաեւ Ազգային ժողովիգործառույթներից են, իսկ վերջինիս գնահատումը կարող է լինել ավելի արդյունավետ: Կամ, իրավական ակտերի ազդեցության գնահատումը պետք է իրականացնի լիովին անկախ մասնագիտացված մարմինը:

Մի այլ տարբերակ, որը կարող է անորոշության հետեւանքով խնդիր առաջ բերել: Օրինակ, եթե մշակվող նորմատիվ իրավական ակտի կարգավորման առարկան առնչվում է մեկից ավելի ոլորտների հետ, ո՞ր մարմնի կողմից տրված նախագծի կարգավորման ազդեցության գնահատումն է առաջնային համարվելու այն դեպքում երբ ազդեցության գնահատումները հակասական են: Խոսքը վերաբերում է տարբեր ոլորտներում իրավական հնարավոր կարգավորման վերաբերյալ իրարամերժ, հակասական գնահատականներին կամ շահերի բախմանը:

3. Նախագծով նախատեսվում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը լրացնել նոր 27-րդ հոդվածով, որի 3-րդ մասով առաջարկվում է «ազդեցության գնահատման» 15 օրյա ժամկետ: Մեր կարծիքով, այս ժամկետը բավականին կարճ է ազդեցության ոլորտն ուսումնասիրելու համար, առավել եւս, գնահատելու համար դեռեւս չկիրառված նորմի ազդեցությունը: Եվրոպական պետությունների պրակտիկան ցույց է տվել, որ, որպես կանոն, 3-ից 9-ը ամիս է պահանջվում իրավական ակտի հնարավոր ազդեցությունը «գնահատելու» համար: Ուստի, առաջարկում ենք վերանայել վերոնշյալ ժամկետը:

4. Նախագծի նույն 27-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի «նախատեսվող իրավական ակտը» բառերն առաջարկում ենք փոխարինել «իրավական ակտի նախագիծը» բառերով: Նույն 2-րդ կետում առաջարկում ենք ներառել նաեւ այն դեպքը, երբ ազդեցության գնահատողն իր եզրակացության մեջ կարող է ներառել նախատեսվող իրավական ակտը մասամբ չընդունելու տարբերակը:

5. Նախագծի նույն 27-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվում է ազդեցության գնահատման հետ մեկտեղ կազմակերպել նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ, որի համար ժամկետ է սահմանվում առնվազն 15 օր: Մեր կարծիքով ազդեցությունը գնահատողի համար շատ կարեւոր աղբյուր է հանդիսանում նաեւ հենց հանրային կարծիքը եւ այս պարագայում սկզբում, կամ լավագույն դեպքում հանրային լսումների անցկացման հետ միաժամանակ տալ եզրակացություն առնվազն ճիշտ չէ: Ուստի, առաջարկում ենք ազդեցության գնահատողի եզրակացության եւ հանրային լսումների համար նախատեսվող ժամկետները վերանայել եւ ներառել տրամաբանական հերթականության շրջանակում:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

1. Նախագծի 1-ին հոդվածի «ենթակետերում» բառերն անհրաժեշտ է փոխարինել «կետում» բառով / «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի3-րդ մաս /:

2. Նախագծի նույն 1-ին հոդվածի 2-րդ պարբերության «առաջին մասի» բառերից հետո անհրաժեշտ է ավելացնել «4-րդ» թիվը:

3. Նախագծերից դուրս են մնացել «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 75 եւ 76 հոդվածներով նախատեսված` հանրաքվեի դրվող օրենքների նախագծերի համապատասխան փորձաքննության իրականացման խնդիրը:

Ցանկանում ենք նշել նաեւ, որ ներակայացված օրենքի նախագծով առավել բարդացվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքից օգտվելը, քանի որ կատարվում են հղումներ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին, մինչդեռ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքն հենց կարգավորում է պատգամավորի հիմնական գործառույթները: Ուստի, առաջարկում ենք « Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված փոփոխությունը ներառել նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածում:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն

Կատարողներ` Կ.Հարությունյան

Մ.Հակոբյան