ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-305-22.07.2008-ՊԱ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենք նախագիծը փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. Նախագծի 1-ին հոդվածով ներկայացված առաջարկությունը, մեր կարծիքով, չի կրում խմբագրական բնույթ, ինչպես դա ներկայացվել է Նախագծի ընդունման հիմնավորման մեջ:
Այսպես, ներկայացվող փոփոխությունների շրջանակում անփոփոխ է թողնվել ՀՀ Նախագահի` ազգային անվտանգության մարմնի ղեկավարի ներկայացմամբ, հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ - հետախուզական միջոցառման անցկացումն ապահովող ծառայության այլեւս վարչության պետին նշանակելու եւ պաշտոնից ազատելու լիազորությունը:
Սակայն, միեւնույն ժամանակ, ըստ Նախագծի ընդունման հիմնավորման տրամաբանության, «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածից ազգային անվտանգության մարմիններում ծառայողների բարձրագույն պաշտոնների խմբից հանելով տվյալ ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի վերաբերյալ դրույթը, օպերատիվ տեխնիկական վարչության պետի պաշտոնը «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի ուժով ընդգրկվում է ազգային անվտանգության մարմիններում ծառայողների գլխավոր պաշտոնների ցանկում:
Միաժամանակ անհրաժեշտ է նկատել, որ Նախագծով առաջարկվող փոփոխության տրամաբանությունը այն է, որ օպերատիվ տեխնիկական վարչությունը ոչ թե ՀՀ ազգային անվտանգության ծառայության կառուցվածքային ստորաբաժանում է, այլ ՀՀ ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող մարմին է, որի կանոնադրությունը, կառուցվածքը եւ ծառայողների թվաքանակը հաստատում է ՀՀ Նախագահը` ազգային անվտանգության մարմնի ղեկավարի ներկայացմամբ:
Ընդհանուր առմամբ` եթե հաշվի առնենք Նախագծի ընդունման հիմնավորման տրամաբանությունը, ապա կարելի է նկատել, որ տվյալ առաջարկության ընդունման պարագայում պետական ծառայության համակարգում ձեւավորվելու է նախադեպ, երբ ՀՀ Նախագահը նշանակում եւ պաշտոնից ազատում է ոչ միայն պետական ծառայողների բարձրագույն խմբի պաշտոններում, այլեւ գլխավոր խմբի պաշտոններում, ինչը, մեր կարծիքով, ոչ միայն խնդրահարույց է սահմանադրական նորմերի եւ պետական ծառայությունը կարգավորող իրավական ակտերի կիրառման միասնականության ապահովման ու տրամաբանության պահպանման տեսանկյունից, այլեւ ոչ նպատակահարմար` ՀՀ Նախագահի սահմանադրական լիազորությունների իրացման իրավաքաղաքական հարթության տեսանկյունից:
Իսկ եթե նկատի ունենանք այն, որ օպերատիվ տեխնիկական վարչությունը ՀՀ անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող մարմին է, ապա անհրաժեշտություն կառաջանա «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում համապատասխան լրացում կատարելու:
Հիշյալի կապակցությամբ առաջարկում ենք քննարկել հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ - հետախուզական միջոցառման անցկացումն ապահովող վարչության պետի պաշտոնն ազգային անվտանգության մարմիններում ծառայողների բարձրագույն պաշտոնների խմբում թողնելու մասին հարցը կամ կատարել համապատասխան լրացում «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում:
3. Առաջարկում ենք տվյալ օրենսդրական նախաձեռնության շրջանակում քննարկել նաեւ «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածում առկա տեխնիկական վրիպակի վերացման մասին հարցը: Այսպես, նշված հոդվածի 3-րդ մասում հղում է կատարվում նույն հոդվածի 3-րդ մասին, այն դեպքում, երբ նշված մասի բովանդակությունից հասկանալի է, որ այն (հղումը) վերաբերվում է նույն հոդվածի 2-րդ մասին:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ