Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Երիտասարդության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-311-08.08.2008-ԳԿ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Երիտասարդության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում (այսուհետ` Վարչություն):

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նշենք, որ 2002 թվականի փետրվարի 8-ին օրենսդրական նախաձեռնության կարգով նույնաբովանդակ օրենքի նախագիծ (փաստաթղթային կոդ` Պ-582-08.02.2002-ՊԻ-010/0, Պ-582-08.02.2002-ՍԱ-010/0) էր ներկայացվել Վիկտոր Դալլաքյանի եւ ՀՀ Ազգային ժողովի մի շարք այլ պատգամավորների կողմից, որի վերաբերյալ Վարչության կողմից սահմանված կարգով տրվել էր եզրակացություն:

Եզրակացությամբ ներկայացված առաջարկությունների եւ դիտողությունների գերակշիռ մասը հաշվի են առնվել հեղինակի կողմից եւ արտացոլվել Նախագծում:

Ստորեւ ներկայացնում ենք Վարչության եզրակացությունը Նախագծի վերաբերյալ:

1. Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը` առաջարկում ենք Նախագծի 1-ին գլուխը լրացնել նոր հոդվածով, որով կտրվեն օրենքում օգտագործվող հասկացությունների սահմանումները, օրինակ` երիտասարդ, երիտասարդ ընտանիք, արտակարգ ընդունակություններով օժտված եւ այլն:

2. Առաջարկում ենք Նախագծի 12-րդ հոդվածից հանել 1-ին եւ 2-րդ, իսկ 13-րդ հոդվածից` 1-ին մասերը, քանի որ դրանցով սահմանվող հարաբերություններն արդեն իսկ կարգավորված են «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով:

3. Առաջարկում ենք Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «հոգեբանական,…» բառից հետո լրացնել «հոգեւոր» բառով:

4. Հարկ է նշել, որ Նախագծում առկա են մի շարք հռչակագրային դրույթներ, օրինակ` «ազգային եւ համամարդկային արժեքներին հաղորդակից, հայրենիքի եւ սեփական ժողովրդի նկատմամբ պատասխանատվություն կրող երիտասարդ», «երիտասարդների ռազմահայրենասիրական ոգու բարձրացում», «երաշխիքներ ստեղծել այլ երկրների երիտասարդության եւ հատկապես սփյուռքահայության հետ համագործակցության ապահովում» եւ այլն, որոնք լրացուցիչ պարզաբանման կարիք ունեն:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող`Ա.Դանիելյան