ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀայաստանիՀանրապետու՟թյան օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի
(փաստաթղթային կոդ` Պ-340-01.10.2008-ԳԿ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Աշոտյանի, Նաիրա Զոհրաբյանի, Անահիտ Բախշյանի, Հեղինե Բիշարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀայաստանիՀանրապետու՟թյան օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը փորձաքննության են ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

1.Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գովազդի բնագավառի օրենսդրության եւ Անդրսահմանային հեռուստատեսության մասին եվրոպական կոնվենցիայի միջեւ առկա անհամապատասխանությունների եւ թերությունների վերացմամբ: Նախագիծն միտված է «սոցիալական գովազդ», «գովազդի բնագավառում հովանավորություն» հասկացությունների եւ դրանց կիրառման մեխանիզմների սահմանմանը, ինչպես նաեւ ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի արտադրության գովազդի սահմանափակմանը:

2. Օրենքների նախագծերը «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ են առաջացնում, քանի որ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ընդունվելու դեպքում անհրաժեշտություն կառաջանա համապատասխան լրացում կատարել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում: Բացի այդ, օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացված չէ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետու՟թյան օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով փոփոխվող օրենքի 28-րդ հոդվածը:

3. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

3.1. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետով «գովազդ» հասկացության սահմանման մեջ «փոխհատուցման պայմանով» բառերը հանել, քանի որ պարզ չէ, թե ինչ փոխհատուցման մասին է խոսքը:

3.2. Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները` առաջարկում ենք ի թիվս Նախագծի 1-ին հոդվածով լրացվող «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` նաեւ օրենք) հասկացությունների սահմանել նաեւ «հովանավորող» եւ «հովանավորչական գովազդ» հասկացությունները, իսկ «հովանավորություն» հասկացության սահմանումն ավելի նպատակահարմար կլիներ տալ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում, ինչը համապատասխան կլինի նաեւ վերոհիշյալ օրենքի կարգավորման բնույթին:

3.3. Հաշվի առնելով Նախագծի հիմնավորում-տեղեկանքի մեջ վկայակոչված Անդրսահմանային հեռուստատեսության մասին եվրոպական կոնվենցիայի դրույթները(այսուհետ նաեւ` Կոնվենցիա)` առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածում սահմանել, որ եթե ծրագիրը կամ միջոցառումները ամբողջովին կամ մասնակի հովանավորվում են, ապա այդ մասին տեղեկությունը հստակ պետք է հիշատակվի ծրագրի կամ միջոցառման սկզբում եւ (կամ) վերջում: Ավելին, Անդրսահմանային հեռուստատեսության մշտական կոմիտեն 1995 թվականին իր N 4 կարծիքում եկել է այն եզրակացության, որ հիշատակված կոնվենցիայի17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հովանավորի հիշատակումը պարտադիր է, քանի որ հակառակ դեպքում դա դիտվում է որպես թաքնված հովանավորություն, որն արգելված է:Հավելենք նաեւ, որ Կոնվենցիան հստակ սահմանելով հովանավորողի հիշատակումը ծրագրի կամ միջոցառման սկզբում եւ (կամ) ավարտին, դրա հետ մեկտեղ չի արգելում հովանավորի անվան եւ (կամ) ապրանքանիշի տեղադրումը ծրագրի այլ մասերում, եթե դա պարբերական բնույթ չի կրում:

3.4. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասը հռչակագրային նորմ է, ուստի առաջարկում ենք տեղափոխել Նախագծի 2-րդ հոդվածով սահմանված «սոցիալական գովազդ» հասկացության մեջ:

3.5 Առաջարկում ենք վերանայել Նախագծի 7-րդ հոդվածի «ա» կետում սահմանված հովանավորության արգելքը, եւ տվյալ դրույթը համապատասխանեցնել Կոնվենցիայի դրույթներին, որի 18-րդ հոդվածը հստակ ամրագրում է, որ ծրագրերի հովանավոր չեն կարող հանդիսանալ այն ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, որոնց գործունեության հիմնական առարկան են հանդիսանում այն ապրանքները, կամ այնպիսի ծառայությունների մատուցումը, որոնց գովազդն արգելված է Կոնվենցիայի 15-րդ հոդվածով: Մինչդեռ Կոնվենցիայի նույն 15-րդ հոդվածը հստակ արգելում է ծխախոտի արտադրանքի, ինչպես նաեւ այն դեղերի եւ բուժման եղանակների գովազդը, որոնցից հեռարձակվող անդամ պետությունում կարելի է օգտվել միայն բժշկի ցուցումով կամդեղատոմսով:

Համաձայն 1995թ սեպտեմբերի 9-ին Եվրախորհրդի նախարարների կոմիտեի կողմից ընդունված Անդրսահմանային հեռուստատեսության մասին եվրոպական կոնվենցիայում փոփոխություններ կատարող արձանագրության 18-րդ հոդվածի 2-րդ կետի` այն ընկերությունները, որոնց հիմնական գործունեությունը կազմում է նաեւ դեղերի արտադրանքը կամ վաճառքը, ինչպես նաեւ բժշկական ծառայությունների մատուցումը, կարող են լինել հովանավորներ,աջակցելով իրենց անվան, հեղինակության, վարկանիշի բարձրացմանը` առանց հիշատակելու այն դեղերը կամ բժշկական ծառայությունները, որոնք հեռարձակող անդամ-պետությունում տրամադրվում կամ մատուցվում են բժշկի ցուցումով կամ դեղատոմսով:

Առաջարկում ենք նաեւ հստակեցնել նույն կետում ամրագրված «օրենսդրությամբ արգելված այլ գործունեությամբ զբաղվող» բառերի իմաստը, քանի որ դրույթի առկա խմբագրությամբ պարզ չէ, թե ինչպես կարող են օրենսդրությամբ արգելված գործունեությամբ զբաղվող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք գործնականում ցանկություն ունենալ լինելու ծրագրերի կամ միջոցառումների հովանավորներ: Ըստ ընդհանուր կանոնի`հովանավորչական գովազդը գովազդի տեսակ է, որի տարածման ընթացքում պարտադիր հիշատակում կա որոշակի անձի, նրա գործունեության վերաբերյալ, որպես հովանավորի, եւ դա, ըստ երեւույթի, հակասում է այն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց «իրական նկրտումներին», որոնք էլ իրականացնում են օրենսդրությամբ արգելված գործունեություն:

3.6.Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջները` առաջարկում ենք Նախագծի `

ա/ 3-րդ հոդվածում «6-րդ եւ 7-րդ կետեր» բառերը փոխարինել «6-րդ եւ 7-րդ մասեր» բառերով,

բ/ 3-րդ հոդվածով լրացվող օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասում «օրենքի» բառը փոխարինել «հոդվածի» բառով,

գ/ 9-րդ հոդվածի ամբողջ տեքստում «կետ» բառն իր բոլոր հոլովաձեւերով համապատասխանաբար փոխարինել «մաս» բառով` համապատասխան հոլովաձեւերով:

3.7.Նախագծի 4-րդ հոդվածի վերաբերյալ հայտնում ենք, որ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջների համաձայն` իրավական ակտի բաժինների գլուխների հոդվածների միջեւ համապատասխանաբար նոր բաժին գլուխ հոդված կարող է լրացվել միայն լրացուցիչ համարով:

բ/ վերնագիրը համապատասխանեցնել հոդվածի բովանդակությանը, քանի որ վերջինս ավելի ընդգրկուն է, իսկ հոդվածի վերնագիրը չի համապատասխանում բովանդակությանը,

գ/վերնագիրը գրել մեծատառերով:

3.8. Հիմք ընդունելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի մասնավորապես` 3-րդ, 5-րդ եւ 10-րդ հոդվածների դրույթները` առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասում «ամբողջական» բառը փոխարինել «ամբողջությամբ» բառով:

Բացի այդ, հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի պահանջները` առաջարկում ենք քննարկել նաեւ նույն 9-րդ հոդվածի 6-րդ մասում «կամ մասնակիորեն» բառերը հանելու հարցը, քանի որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում ամրագրված չէ «մասնակիորեն վերահեռարձակվող հեռուստառադիո՟հաղորդում» հասկացությունը:

3.9. Նախագծի 9-րդ հոդվածով լրացվող օրենքի 15-րդ հոդվածի 14-րդ մասի առաջին նախադասությունը տարընկալումների տեղիք է տալիս, քանի որ ներկայացված ձեւակերպման դեպքում անհրաժեշտություն կառաջանա համապատասխան լրացում կատարել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում` լիցենզավորման ենթակա գործունեությունների շարքում ավելացնելով նաեւ լիցենզավորման ենթակա գործունեության (ապրանքների, արտադրության, ծառայությունների) տեսակների գովազդման գործունեությունը որպես լիցենզավորմանը ենթակա գործունեություն:

Բացի այդ, առաջարկում ենք քննարկել նույն 14-րդ մասի երկրորդ նախադասությամբ ամրագրված դրույթի անհրաժեշտության հարցը, քանի որ դրանով սահմանված պահանջի հետ կապված իրավահարաբերություններն արդեն իսկ կարգավորված են օրենքի 15-րդ հոդվածով:

3.10. Հաշվի առնելով Ազգային ժողովում օրենսդրական գործընթացի առանձնահատկությունները եւ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդհոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջը` առաջարկում ենք թե «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ թե «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետու՟թյան օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանել պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը:

3.11. Նախագծում տեղ են գտել նաեւ խմբագրական բնույթի թերություններ, որոնք կարելի է քննարկել աշխատանքային կարգով:

4. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետու՟թյան օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

4.1. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի տեքստում «տեղադրվում է» բառերը փոխարինել «հեռարձակվում է» բառերով, քանի որ սույն օրենքում խոսքն ընդհանրապես հեռուստատեսությամբ եւ ռադիոյով գովազդի հեռարձակման եւ ոչ թե տեղադրման մասին է:

4.2. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 1-ին հոդվածի եւ հետեւաբար` ընդհանրապես Նախագծի անհրաժեշտության հարցը, քանի որ հիշատակված հոդվածով սահմանված իրավահարաբերություններն արդեն իսկ կարգավորված են «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

Կատարող`Ա.Մխիթարյան

Վ.Մանուկյան