ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-357-20.10.2008-ՏՏ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծությանվարչությունում:

1. Նախագծի ընդունումը պայմանավորված է «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի (այսուհետ` Օրենք) համաձայն համայնքի բյուջեի եկամուտների վրա առանձին օրենքների կիրարկման ազդեցության հաշվարկման գործընթացի բնականոն ընթացքի մի շարքխոչընդոտների վերացման անհրաժեշտությամբ:

Նախագծինպատակն է հստակեցնել համայնքի բյուջեի եկամուտների կորուստի փոխհատուցման հաշվարկների կատարման սկզբունքը, այն է` ընդունել, որ համայնքի բյուջեի եկամուտների կորուստի փոխհատուցման առաջին տարին դա նոր դրույքաչափը սահմանող օրենքի համապատասխան նորմն ուժի մեջ մտնելու տարին է, պարզեցնել այդ փոխհատուցման գումարի հաշվարկի մեխանիզմը, ինչպես նաեւ հստակեցնել համայնքներին պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների եւ եկամուտների կորուստների փոխհատուցման գումարների վերահաշվարկման գործողությունների միջեւ կապը (հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքների կիրառման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարները եւս նշված դոտացիաների հաշվարկման համար ելակետային տվյալներ են):

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

2.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան եւ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

3. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվել է Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում «Դրույքաչափերի» բառը փոխարինել «Օրենքով միջակայքով սահմանված դրույքաչափերի» բառերով, ինչը մեր կարծիքով, հակասում է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի 36-րդ հոդվածի պահանջներին, որի համաձայն. իրավական ակտերի լեզուն պետք է լինի պարզ, հuտակ, մատչելի, ընկալվի միանշանակ եւ միեւնույն հաuկացությունը կամ միտքը արտահայտելիu պետք է կիրառվեն միեւնույն բառերը կամ տերմինները:

Նկատի ունենալով, որՕրենքում եւ «Տեղական տուրքերի եւ տեղական վճարների մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում, դրույքաչափերի սահմանման իմաստով, օգտագործվում են «վերին» եւ «ստորին» բառերը, ուստի առաջարկում ենք քննարկել «Դրույքաչափերի» բառը «Օրենքով սահմանված դրույքաչափերի վերին եւ (կամ) ստորին սահմանների» բառերով փոխարինելու հարցը, որը համահունչ կլինի վերը նշված օրենքներին:

4. Առաջարկում ենքՆախագծի 5-րդ հոդվածի «գումարների հաշվարկների վրա» բառերը փոխարինել «գումարների հաշվարկման հետ կապված հարաբերությունների վրա» բառերով, քանի որ Նախագծով առաջարկվող նորմերը չեն վերաբերում բացառապես համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարների հաշվարկմանը, իսկ մյուս կողմից էլ` «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի համաձայն. «1.Օրենքը կարգավորում է առավել կարեւոր, բնորոշ եւ կայուն հասարակական հարաբերությունները եւ …..» :

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
 
Ս.Յուզբաշյան

Գ.Կիրակոսյան

Ս.Համբարձումյան