ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ`Պ-361-24.10.2008-ԳԿ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Աշոտյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` նախագծերի փաթեթ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:
1. «Կրթության մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքների նախագծերով առաջարկվում է արգելել Հայաստանի Հանրապետության բուհերում Ջավախքի եւ Լեռնային Ղարաբաղի սովորող ուսանողների նկատմամբ ուսման բարձր վարձավճարի կիրառումը:
2. Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
3. Ներկայացված նախագծերն բովանդակում են մի շարք վիճահարույց խնդիրներ, որոնք քննարկման եւ հստակեցման կարիք ունեն, մասնավորապես դրանք վերաբերում են`
Տեղանունների, աշխարհագրական անվանումների սահմանմանը.
Ներկայացված նախագծերի փաթեթի ընդունման պարագայում բյուջետային ոլորտում առաջացող խնդիրների լուծման անհրաժեշտությանը.
Օտարերկրյա պետության քաղաքացի համարվող հայազգի ուսանողների համար ուսման վարձավճարի մասով ոչ հավասար պայմանների ստեղծմանը:
Միաժամանակ անհրաժեշտ է նկատել, որ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասերի համաձայն ուսման վարձավճարի սահմանման լիազորությունը օրենսդրությամբ սահմանված կարգով վերապահված է բուհին:
4. Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարող` Ա.Դանիելյան