ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-377-14.11.2008-ՏՀ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:
1. Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության այցելության մուտքի արտոնագիր տալու համար պետական տուրքի տարբերակված դրույքաչափերի սահմանում` կախված Հայաստանի Հանրապետությունում այցելուի գտնվելու ժամկետից: Նախագծով առաջարկվում է պահպանելով 120 օր ժամկետով մուտքի արտոնագրի համար պետական տուրքի դրույքաչափը, այն է` 15000 դրամը, սահմանել նաեւ 21 օր ժամկետով մուտքի արտոնագրի համար պետական տուրքի հաշվարկված դրույքաչափ3000 դրամի չափով:
Նախագծով նախատեսվում է նաեւ պետական տուրք սահմանել հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման գործընթացի համար այսպես օրինակ` տարբեր կարգի եւ տեսակի հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման համար նախատեսվում է սահմանել պետական տուրքի տարբերակված դրույքաչափ:
2. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
3. Նախագծի փորձաքննության ընթացքում ուսումնասիրվել է այլ երկրների, մասնավորապես` Լիտվայի եւ Վրաստանի համապատասխան օրենսդրությունը:
4. Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`
Կ. Հարությունյան
Դ. Թադեւոսյան