ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Պ-380-21.112008-ՄԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորներ Արմեն Աշոտյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վիկտոր Դալլաքյանի, Հեղինե Բիշարյանի եւ Լիլիթ Գալստյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

1. Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պատգամավորները հիմնավորել են

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով եւ այն հանգամանքով, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ «հոգեորսություն» հասկացությունը: Բացի այդ, նախագծով առաջարկվել է վերանայել կրոնական կազմակերպությունների անդամների նվազագույն քանակական շեմը: «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող փոփոխություններին եւ լրացումներին զուգահեռ, ներկայացվել է նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ, որով առաջարկվել է ՀՀ քր.օր-ի 162 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ: Մասնավորապես առաջարկվել է փոփոխել այդ հոդվածի 1-ին մասի սանկցիան եւ հոդվածը լրացնել նոր` 2-րդ մասով` նախատեսելով քրեական պատասխանատվություն հոգեորսությամբ զբաղվելու համար:

2. Օրենքների Նախագծերը ներկայացվել են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

3. «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ.

3.1. Միջազգային իրավունքի նորմերին եւ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ.

Անհրաժեշտ է նշել, որ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի փոփոխված`«Մտքի, խղճի եւ կրոնի ազատություն» վերտառությամբ 11-րդ Արձանագրության 91-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված է, որ. «Սեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով եւ անհրաժեշտ են ժողովդավարական հասարակությունում` ի պաշտպանություն հասարակական անվտանգության, հասարակական կարգի, առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների եւ ազատությունների»: ԻսկՔաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին Դաշնագրի 18-րդհոդվածի 3-րդ մասումամրագրված է, որ. «Կրոնին կամ համոզմունքներին դավանելու ազատությունը ենթարկվում է միայն օրենքով սահմանված եւ հասարակական անվտանգության, կարգուկանոնի,առողջության ու բարոյականության, ինչպես եւ այլ անձանց հիմնական իրավունքներիու ազատությունների պահպանման համար անհրաժեշտ սահմանափակումների»:

Շեղատառով ընդգծվածը / հասարակական կարգի, կարգուկանոնի / առաջարկվում է հաշվի առնել Նախագծի 4-րդ հոդվածում, որով առաջարկվել է նոր խմբագրությամբ շարադրել Օրենքի 3-րդ հոդվածը:

3.2. Օրենքի նախագծի առանձին դրույթների վերաբերյալ

3.2.1. Գտնում ենք, որ նախագծի 3-րդ հոդվածի /պետք է լիներ համարակալված որպես 4-րդ հոդված/ 1-ին պարբերության անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14.1 հոդվածի համաձայն` բոլոր մարդիկ հավաuար են oրենքի առջեւ:

3.2.2. Նախագծի 7-րդ հոդվածով առաջարկվել է Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել նոր զ/ կետով` հետեւյալ խմբագրությամբ.

«զ/ քրիստոնեական դավանանքի դեպքում` դավանում են Հիսուս Քրիստոսին որպես Աստված եւ Փրկիչ եւ ընդունում են Սուրբ Երրորդությունը»:

ՀՀ Սահմանադրության 8.1. Հոդվածի համաձայն.

« Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից:

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում:

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով գործող բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:

Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով»:»

Այսպիսով, ՀՀ Սահմանադրության համաձայն, Հայաստանի Հանրապետությունը աշխարհիկ պետություն է: Դա նշանակում է, որ պետությունը չի կարող միջամտել եկեղեցու գործերին, եկեղեցու եւ մարդու հարաբերություններին, մարդու եւ Աստծո հաղորդությանը կամ իրավական ակտի ուժով սահմանել դրանց վերաբերող վարքագծի կանոններ:

Խորհուրդ է տրվում հրաժարվել օրենքում Աստվածաբանական գաղափարներ ներմուծելուց: Այդ դրույթի` օրենքի կարգավորման առարկա լինելը վիճելի է: Անգամ եթե այն լիներ ընդունելի, ապա, մեր կարծիքով, պետք է սրբագրվի: Աստվածաբանական տարբեր կոնցեպցիաները չքննարկելով միայն նշենք, որ Հիսուս Քրիստոսն, օրինակ, հայտնի է ոչ թե որպես Աստված, այլ որպես Աստծո որդի:

3.2.3. Նախագծի 9-րդ հոդվածով առաջարկվել է Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 8. Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է հոգեորսությունը` այլ կրոնական հայացքներ ունեցող քաղաքացիների նկատմամբ այնպիսի քարոզչական ներգործությունը, որը ուղեկցվում է  նյութական խրախուսմամբ, ֆիզիկական ճնշմամբ, սպառնալիքով եւ հարկադրմամբ, մյուս կրոնական կազմակերպությունների, նրանց դավանանքի եւ գործունեության հանդեպ,  վիրավորանքների կիրառմամբ եւ թերահավատության սերմանմամբ»:

Գործնականում կարող են ծագել իրավական հարցեր:

Այսպես, կարող է, արդյոք համարվել հոգեորսություն գրականությունը կամ սնունդը անհատույց կամ չնչին հատուցմամբ բաժանելը, կամ առաքելը /քարոզչական ներգործություն, որն ուղեկցվում է  նյութական խրախուսմամբ/, կամ էլեկտրոնային փոստով առաքելը /օրինակ` սպամ-ի եղանակով/, կամ գովազդելը /օրինակ, գովազդը պարունակում է քարոզչական ներգործություն, որը կարող է ուղեկցվել նաեւ անհատույց կամ չնչին հատուցմամբ որեւէ բարիք տրամադրելով/:

Կամ կարող է, արդյոք, համարվել հոգեորսություն տեսական վերլուծության արդյունքը, կամ գեղարվեստական գրականությունը /այնպիսի քարոզչական ներգործությունը, որն ուղեկցվում է թերահավատության սերմանմամբ/:

Այսպես, օրինակ վերջերս աղմկալի քննարկումներ էին իրականացվում «Կոդ Դա-Վինչի» գրքի լույս ընծայման կապակցությամբ եւ նույն վերնագրով տեսաֆիլմի ցուցադրման կապակցությամբ: Հարց է ծագում. եթե օրենքի նախագծի 9-րդ հոդվածով ուժով Օրենքի 8-րդ հոդվածը շարադրվի նոր խմբագրությամբ եւ զուգահեռ լրացում կատարվի ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածում, ապա կարող է, արդյոք, այդ ստեղծագործության վաճառքը, ցուցադրումը կամ այլ օգտագործումը որակվել որպես հոգեորսություն, այսինքն հանցագործություն: Չէ որ դա այնպիսի քարոզչական ներգործություն է, որն ուղեկցվում է թերահավատության սերմանմամբ եւ շատերը այն կարող են գնահատել որպես վիրավորանք:

Ինչ վերաբերում է «այլ կրոնական հայացքներ ունեցող քաղաքացիներ» եւ «մյուս կրոնական կազմակերպություններ» արտահայտություններին, ապա դրանց ամրագրումը կարգավորման ամբողջականությանը չի նպաստի: Անավարտվածությունը կայանում է նրանում, որ այդ վարվելակերպը կարող է դրսեւորվել սեփական կրոնի կամ կրոնական հայացքներ ունեցող քաղաքացիների կամ աթեիստների կամորեւէ կրոնական հայացքներ չունեցող անձանց նկատմամբ:

Ելնելով վերոգրյալից, առաջարկվում է վերախմբագրել Նախագծի 9-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 8-րդ հոդվածի դրույթի նոր խմբագրությունը:

Հպանցիկ նշենք, որ ամեն դեպքում այդ դրույթում օգտագործված «եւ» շաղկապը /3 տեղում/ խորհուրդ է տրվում փոխարինել «կամ» բառով, որպեսզի պատասխանատվությունը ծագի յուրաքանչյուր գործողության համար, այլ ոչ թե բացառապես միաժամանակ երկու գործողությունների կատարման դեպքում: Խորհուրդ է տրվում նաեւ «քաղաքացիների» բառը փոխարինել «անձանց» բառով:

Առաջարկում ենք հոդվածում ամրագրել նաեւ, որ հոգեորսությամբ զբաղվելը առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

3.2.4. Նախագծի 16-րդ հոդվածով առաջարկվել է Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է այն կրոնական կազմակերպությունների գործունեությունը, որոնք իրենց գործունեության ընթացքում իրականացնում են կամ փորձում են իրականացնել անդամների անձնական կյանքի, տեղեկացվածության, առողջության, սեփականության եւ վարքի  կոշտ վերահսկողություն»:

«Կոշտ» բառը հստակեցման կարիք ունի, քանի որ պարզ չէ, թե ով եւ ինչ չափանիշերով է որոշում վարքի որոշակի «կոշտ» լինելը:

3.2.5. Առաջարկում ենք Օրենքի 19-րդ հոդվածի «Գործող» բառից առաջ ավելացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը:

3.2.6. Նախագծի 20-րդ հոդվածով սահմանված է. «Կրոնական կազմակերպությունները պարտավոր են վերագրանցվել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում»: Առաջարկում ենք սույն լրացումը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի պահանջներին:

3.2.7. Ուշագրավ է, որ Օրենքի 11-րդ հոդվածով սահմանված է. «Կրոնական կազմակերպությունները պարտավոր են ապահովել պետության կողմից որպեu uեփականություն իրենց հանձնված կառույցների, տարածքների եւ մյուu ունեցվածքի, ինչպեu նաեւ իրենց uեփականություն հանդիuացող պատմական հուշարձանների պահպանությունը եւ ըuտ նշանակության oգտագործումը»: Իսկ 21-րդ հոդվածով սահմանված է. «Պետությունն իր վրա է վերցնում կրոնական նշանակություն ունեցող պատմական հուշարձանների պահպանությունը` անկախ նրանց պատկանելությունից»: Առաջարկում ենք համադրել Օրենքի վերոնշյալ հոդվածները:

3.3. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխանության վերաբերյալ.

Նախագծի վավերապայմանները եւ առանձին դրույթներն անհրաժեշտ է համապատասխանացնել«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին`

ա/ «Նախագիծ» բառը պետք է գրվի մեծատառերով /օրենքի 40 հոդվածի 3-րդ մաս/,

բ/ վերնագիրը եւ 1-ին հոդվածը անհրաժեշտ է շարադրել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39 հոդվածի 2-րդ մասի համապատասխան /վավերապայմանների մասով/: Այսպես, Նախագծի 1-ին հոդվածն առաջարկվում է շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ`

«Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 1991 թվականի հունիսի 17-ի Ն-0333-1 օրենքի նախաբանը»,

գ/ Նախագծի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 9-րդ եւ 16-րդ հոդվածների սկզբնամասերում «բովանդակությամբ» բառն առաջարկվում է փոխարինել «խմբագրությամբ» բառով / տես` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը/,

դ/ Նախագծի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-ից մինչեւ 17-րդ հոդվածների սկզբնամասերում «Նույն» բառը առաջարկվում է հանել,

ե/ Նախագծի 3-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ, 14-րդ, 15-րդ հոդվածներում«ավելացնել» բառն անհրաժեշտ է փոխարինել «լրացնել» բառով / տես` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասը 3-րդ /,

զ/ Նախագծում հոդվածների համարակալումը կրկնվում է /3-րդ հոդվածը եւ դրան հաջորդող հոդվածը/: Անհրաժեշտ է վերանայել նախագծի համարակալումը,

է/ Ելնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի տրամաբանությունից առաջարկում ենք, նախագծի 13-րդ հոդվածը խմբագրել, /մասնավորապես` ««Բ»-«Ե» ենթակետերով» բառակապակցությունում «Ե» տառը փոխարինել «Զ» տառով:

4. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

4.1. Օրենքի նախագծի առանձին դրույթների վերաբերյալ.

4.1.1. Չի հիմնավորվել ` ՀՀ քրեական օրենսգրքի 162 հոդվածի 1-ին մասի սանկցիայի փոփոխության անհրաժեշտությունը:

4.1.2. Չեն պահպանվել սանկցիաների շարադրման կանոնները:

4.1.3. Հոգեւորսություն տերմինը ՀՀ քրեական օրենսգրքի իմաստով պետք է ներկայացված լինի ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածում: Այն պետք է կազմի հանցակազմի օբյեկտիվ կողմը: Այդ դրույթով պետք է որոշվի նաեւ սուբյեկտային կազմը եւ սուբյեկտիվ կողմը:

4.1.4. Պետք է նկատի ունենալ, որ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված չե այնպիսի պատժի տեսակ, որը առաջարկվել է սահմանել հոգեորսության համար /ուղղիչ աշխատանքներ/:

4.2. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխանության վերաբերյալ.

Նախագծի վավերապայմանները եւ առանձին դրույթներ անհրաժեշտ է համապատասխանացնել«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին`

ա/ «Նախագիծ» բառը պետք է գրվի մեծատառերով /օրենքի 40 հոդվածի 3-րդ մաս/,

բ/ վերնագիրը եւ 1-ին հոդվածի սկզբնամասը անհրաժեշտ է շարադրել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39 հոդվածի 2-րդ մասի համապատասխան /վավերապայմանների մասով/: Այսպես, Նախագծի վերնագրում պետք է լրացնել «եւ լրացում» բառերը, իսկ 1-ին հոդվածում` ՀՀ քրեական օրենսգրքի ընդունման վավերապայմանները:

Այլ դիտողությունները կարող են քննարկվել աշխատանքային կարգով:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`

Ա.Երեմյան

Մ.Հակոբյան

Կ.Հարությունյան

Ս.Յուզբաշյան

Ա.Քոչարյան

Դ.Թադեւոսյան

Ա.Մխիթարյան