ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մարդու օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ`Պ-385-25.11.2008-ԱՌ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արա Բաբլոյանի եւ Կարեն Ավագյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մարդու օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներինախագծերի փաթեթը (այսուհետ`Փաթեթ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծությանվարչությունում:

«Մարդու օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է սահմանել դոնորների համաձայնագրի տրամադրման միջանկյալ համակարգը` հնարավորություն տալով մարդկանց իրենց որոշումը հայտնել կենդանության օրոք եւ գրավոր հրաժարվել մահից հետո որպես դոնոր հանդես գալուց: Ներդնել սույն ոլորտում տեղեկատվական միասնական համակարգը ապահովող դոնորների եւ ռեցիպիենտների ռեեստր, որտեղ կգրանցվեն տեղեկություններ փոխպատվաստված դեպքերի, դոնորությունից հրաժարված անձանց եւ ռեցիպիենտների վերաբերյալ: Այս համակարգը ըստ Նախագծի հնարավորություն կտա առավել արդյունավետ կառավարել տեղեկությունների հոսքը` նպաստելով փոխպատվաստումների իրականացման վերաբերյալ որոշումների արագ ընդունմանըարձագանքմանը:

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելը պայմանավորված է օրգանների եւ հյուսվածքների առեւտրային (կոմերցիոն) բնույթ կրող գովազդի բացառման անհրաժեշտությամբ:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

1. «Մարդու օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

1.1.Նախագծի առաջին էջի վերեւի աջ անկյունում ամրագրված «Նախագիծ» բառն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի “ՆԱԽԱԳԻԾ” բառը:»:1.2.Նախագծի վերնագիրն անհրաժեշտ է գրել մեծատառերով` այն համապատասխանեցնելով«Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասիպահանջին, համաձայն որի. «Իրավական ակտի վերնագիրը գրվում է մեծատառերով: … »: 1.3. Նախագծի վերնագիրն անհրաժեշտ է համապատասխանեցնել Նախագծի տեքստին, քանի որ Նախագծում առկա են մի քանի փոփոխություն նախատեսող հոդվածներ, մինչդեռ, Նախագիծը ներկայացվել է «Մարդու օրգանների եւ (կամ) հյուսվածքների փոխպատվաստման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» վերտառությամբ:

1.4. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է Օրենքի վերնագրում եւ ամբողջ տեքստում «եւ (կամ)» բառերը փոխարինել «եւ» բառով:

Մեր կարծիքով, այս տեսքով Նախագծի ընդունումըկարող է խոչընդոտ առաջացնել,քանի որ գործնականում, առանձին դեպքերում փոխպատվաստելու համար կարող է պահանջվելդրանցից միայն մեկը:

«Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն. «Եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է "եւ" կամ "ու" շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է:

Եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է "կամ" շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար բավական է թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը:»:

Այդ կապակցությամբ, առաջարկում ենքՆախագծի 1-ին հոդվածով առաջարկվող «եւ (կամ)» բառերը «եւ» բառով փոխարինելու հարցը Նախագծից հանել:

1.5.Առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «21» թիվը փոխարինել «2.1.» թվով` ելնելով իրավաստեղծ գործունեության ներկա պրակտիկայում ընդունված մոտեցումից:

1.6. Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվող«ե)» ենթակետի «պատանդներ» բառը անհրաժեշտ է փոխարինել «պատանդ է» բառով:1.7.Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվել է Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Հոդված 7. Դիակային դոնորից օրգաններ եւ հյուսվածքներ վերցնելու համաձայնության նախապայմանը

Փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ եւ հյուսվածքներ չեն կարող վերցվել միայն այն դեպքում, երբ տվյալ անձն իր կենդանության օրոք, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, հրաժարվել է մահից հետո հանդես գալ օրգանների եւ հյուսվածքների դոնոր: … »:

Նախագծի սույն դրույթն առաջարկում ենք քննարկել մարդու` սեփական կարծիքն ազատ արտահայտելու հիմնարար իրավունքի իրացման համատեքստում:

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում եւ այլ երկրներում գործում է «համաձայնությամբ դիմելու» սկզբունքը, որի իմաստն այն է, որ առանց իրավաբանական ձեւակերպման անձի համաձայնությունը ստանալու բժիշկն իրավունք չունի կատարել փոխպատվաստում, այսինքն` փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ եւ հյուսվածքներ կարող են վերցվել միայն անձի կենդանության օրոք տրված համաձայնությամբ (այլ ոչ թե կենդանության օրոք անհամաձայնություն հայտնած չլինելու դեպքում` ինչպես առաջարկվում է տվյալ նախագծով), իսկ եթե այն առկա չէ, ապա մոտ հարազատների կողմից գրավոր ներկայացված համաձայնությամբ:

Ավստրիայում, Բելգիայում, Շվեդիայում, Ճապոնիայում թույլատրվում է փոխպատվաստաման նպատակով վերցնել մահացած մարդու օրգանները` նրա հարազատների համաձայնությամբ, իսկ Դանիայում, Ֆինլանդիայում`հենց մահացողի կողմից կենդանության օրոք տրված համաձայնությամբ: Հունգարիայում, Շվեցարիայում մահացած մարդու օրգաններիփոխպատվաստումը կատարվում է բուժհիմնարկությունների, իսկ Լեհաստանում` դատախազության թույլտվությամբ:

Ֆրանսիայի քաղաքացիական օրենսգրքի 16.3-րդ հոդվածում խոսվում է մարմնի անձեռնմխելիության մասին, որտեղ ամրագրված է ընդհանուր դրույթ, համաձայն որի` անհրաժեշտ է դոնորի նախնական համաձայնությունը այն մասին, որ նահամաձայն է հետմահու իր օրգանները փոխպատվաստման նպատակով վերցնելուն: Այն դեպքում, երբ կենդանության օրոք համաձայնությունը չի տրվել, բժիշկը պարտավոր է ձեռնարկել ամեն հնարավոր միջոց, որպեսզի ստանա մահացածի հարազատների համաձայնությունը:

Լիտվայում անձի ցանկությունը պետք է գրանցվի իր անձնական բժշկական քարտում կամ առողջապահական հաստատությունում: Առողջապահության նախարարության կողմից հաստատված կարգի համաձայն, անձի կողմից կենդանության օրոք պետք է գրավոր պահանջ ներկայացվի իր օրգանների եւ հյուսվածքների օգտագործման մասին իր համաձայնության կամ անհամաձայնության վերաբերյալ:

Զանգվածային լրատվության միջոցներով երկարատեւ բացատրական աշխատանքի արդյունքումորոշ արտասահմանյաներկրներում դոնորության մասին ձեւավորվել է տեսակետ, որի արդյունքում ի հայտ է եկել «պարգեւելու ակտ» փաստաթուղթը, որը հավասարազոր է վարորդական իրավունքին: Սեփականատերը ստորագրում է այդ փաստաթուղթը, որտեղ նշվում է, որ եթե դժբախտ պատահար տեղի ունենա իր հետ եւ իր օրգանները պիտանի լինեն այլ անձի փոխպատվաստելու համար, նա նախօրոք տալիս է իր համաձայնությունը:

Օրգանների փոխպատվաստման մասին Համաշխարհային առողջապահության կազմակերպության դեկլարացիան (1987թ.), որըսահմանում է, որ ոչ մի բժիշկ չի կարող իր վրա պատասխանատվություն վերցնել օրգանների փոխպատվաստման վիրահատության անցկացման համար, քանի դեռ ապահովված չէ ռեցիպիենտի եւ դոնորի պաշտպանության իրավունքը:

Համաձայն այդ դեկլարացիայի` փոխպատվաստման ցանկացած վիրահատություն անցկացնելու համար պահանջվում էռեցիպիենտի եւ դոնորի տեղեկացվածության, (կամավոր) ինքնակամ եւ գիտակցաբար համաձայնության ստորագրությունը, իսկ այն դեպքերում, երբ դա հնարավոր չէ, ապա պահանջվում էնրա ընտանիքի անդամների կամ օրինական ներկայացուցչի ստորագրությունը:

1.8. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվել է Օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրելհետեւյալ խմբագրությամբ. «Արգելվում է կենդանի կամ դիակային դոնորից վերցված օրգանների եւ հյուսվածքների առուվաճառքը»: Մինչդեռ, օրենքով սահմանված չէ կենդանի կամ դիակային դոնորից վերցված օրգանների եւ հյուսվածքների առուվաճառքով զբաղվելու համար պատասխանատվության տեսակներ:

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շատ երկրներում, մասնավորապես` Չեխիայում, Հունգարիայում, Գերմանիայում, Իտալիայում եւ այլն, մեծ ուշադրություն է դարձվում մարդու օրգանների եւ հյուսվածքների փոխպատվաստման իրավական կարգավորման խնդրի լուծման, ինչպես նաեւ օրենքը խախտող անձանց պատասխանատվության ենթարկելու հարցերին: Օրինակ, Բելառուսի Հանրապետության «Մարդու օրգանների եւ հյուսվածքների մասին» օրենքում ամրագրված է դրույթ, որի համաձայն, մարդու օրգանները եւ հյուսվածքները չեն կարող լինել քաղաքացիա-իրավական գործարքի օբյեկտ, բացառությամբ այն գործարքների, որոնք կրում են անհատույց բնույթ: Հատուցում նախատեսող գործարքի կնքումը, մարդու օրգանների եւ հյուսվածքների նկատմամբ կարիքի գովազդումը, ինչպես նաեւ հատուցում ստանալու նպատակով մարդու օրգաններ եւ հյուսվածքներ առաջարկելը հանգեցնում է քրեական պատասխանատվության` Բելառուսի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Մարդու օրգանների եւ հյուսվածքների փոխպատվաստման գործընթացները կարգավորվում են նաեւ Համաշխարհային առողջապահության կազմակերպության պաշտոնական փաստաթղթերով: Մասնավորապես, Համաշխարհային առողջապահության կազմակերպության հայտարարությամբ (1985թ.) խիստ դատապարտվել է փոխպատվաստման նպատակով մարդու օրգանների առուվաճառքը, եւ բոլոր երկրների կառավարություններին կոչ է արվել ձեռնարկել միջոցներ այդ երեւույթը կանխելու համար:

Մարդու օրգանների եւ հյուսվածքների փոխպատվաստման վերաբերյալ մարդու իրավունքների եւ բիոբժշկական կոնվենցիայի 6-րդ գլխի 21-րդ հոդվածում խոսվում է ֆինանսական օգուտ ստանալու արգելքի մասին, այն է. «Մարդու մարմինը եւ դրա մասերը չեն կարող օգտագործվել ֆինանսական օգուտ կամ համեմատական առավելություն ստանալու համար: Օրգանների կամ հյուվածքների անհրաժեշտության կամ մատչելիության մասին հայտարարելը (հրապարակելը) ֆինանսական օգուտ կամ համեմատական առավելություն ստանալու նպատակով արգելվում է»: Կոնվենցիայի 22-րդ հոդվածը սահմանում է. «օրգանների եւ հյուսվածքների վաճառքը արգելվում է:» եւ այլն:

2005 թվականի սկզբներին Եվրոպական պառլամենտը հրապարակել է այն երկրների ցանկը, որոնցում արագ աճում է մարդու օրգանների անօրինական առուվաճառքը (մասնավորապես` մեղադրանք առաջադրվեց ընդդեմ Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի եւ ՈՒկրաինայի):

Տեղեկատվության կարգով նշենք, որ ամբողջ աշխարհում վերջին մեկ տարվա ընթացքում հարուցվել է ավելի քան հիսուն քրեական գործ, որոնցից միայն քսան տոկոսի շրջանակներում են բացահայտվելեւ պատժվել մեղավորները, իսկ դրա պատճառներից մեկն այն է, որ մինչ այժմ մշակված չեն այս ոլորտի իրավական կարգավորման հստակ մեխանիզմներ:

2. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքինախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ:

2.1. Նախագծի առաջին էջի վերեւի աջ անկյունում ամրագրված «Նախագիծ» բառն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասիպահանջին, համաձայն որի. «Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի “ՆԱԽԱԳԻԾ” բառը:»:

2.2.Նախագծի վերնագիրն անհրաժեշտ է գրել մեծատառերով` այն համապատասխանեցնելով«Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Իրավական ակտի վերնագիրը գրվում է մեծատառերով: … »:

2.3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի վերնագրում եւ տեքստում «75» թիվը փոխարինել «7.5.» թվով` ելնելով իրավաստեղծ գործունեության ներկա պրակտիկայում ընդունված մոտեցումից:

2.4. Նախագծի 1-ին հոդվածում «առեւտրային» բառից հետո առաջարկում ենք լրացնել «բնույթ կրող» բառերը, ինչը համահունչ է«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին:

2.5. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել 7.5 մասով` հետեւյալ բովանդակությամբ. «Արգելվում է մարդու օրգանների եւ հյուսվածքների առեւտրային (կոմերցիոն) գովազդը»: Մինչդեռ օրենքով սահմանված չէ մարդու օրգանների եւ հյուսվածքների առեւտրային բնույթ կրող (կոմերցիոն) գովազդ տարածելու համար պատասխանատվության տեսակներ:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`

Ա. Դանիելյան

Ս. Յուզբաշյան

Ս. Համբարձումյան