ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-388-27.11.2008-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:

1. Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

2.«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերնագրում «լրացումներ» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «փոփոխություն» բառը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ նախագծով կատարվում է նաեւ փոփոխություն:

3.Տարընթերցումներից զերծ մնալու նպատակով առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետում հստակեցնել «օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով» հասկացությունը:

4.Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետը խմբագրման կարիք ունի, մասնավորապես` պարզ չէ,թե ինչպես կարող է ֆիզիկական անձը համարվել գյուղացիական տնտեսություն:

5.Նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի պահանջների համաձայն` իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման մաuին oրենuդրությունը կազմված է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքից, «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքից, ուստի ավելի նպատակահարմար ենք գտնում որպեսզի համապատասխան փոփոխություն կատարվի «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում եւ նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում պայմանագրի հաշվառման մասով դրույթը նախատեսվի հիշյալ օրենքով, այլ ոչ թե քաղաքացիական օրենսգրքով: Պետական գրանցումը եւ պետական հաշվառումը էապես չեն տարբերվում, եթե նկատի ունենանք`

- նախ այն, որ պայմանագրի հաշվառումը պետք է կատարվի իրավաբանական անձանց պետական գրանցում կատարող մարմնի կողմից,

- այնուհետեւ այն, որ պայմանագրի հաշվառման պահանջը կատարվելուց հետո այն 5 աշխատանքային օրվա ընթացքում իրավաբանական անձանց պետական գրանցում կատարող մարմնի կողմից պետք է ուղարկվի հարկային մարմնի տարածքային ստորաբաժնում,

- ինչպես նաեւ այն, որ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով առաջարկվել է 188 հոդվածի 1-ին մասում «Առանց պետական գրանցման» բառերը փոխարինել «Օրենքով սահմանված կարգի խախտմամբ» բառերով:

Նշենք նաեւ, որ քաղաքացիաիրավական ընդհանուր կարգավորման համաձայն այժմ էլ գյուղացիական տնտեսությունների կողմից կարող են կնքվել համատեղ գործունության պայմանագրեր:

Վերոգրյալից բխում է, որ պայմանագիրը չհաշվառելը հավասարազոր կլինի օրենքով սահմանված կարգի խախտմամբձեռնարկատիրական գործունեություն իրականացնելուն, այսինքն ՀՀ քրեական օրենսգրքի 188 հոդվածի 1-ին մասի իմաստով /համապատասխան պայմանների առկայության դեպքում/ կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության: Իհարկե, քանի որ նոր ինստիտուտ է, պետք է նաեւ մեկնաբանվի ձեռնարկատիրական գործունեություն հասկացությունը` տվյալ կարգավորման շրջանակում: Հնարավոր է, որ այս դեպքում գործունեությունը չմեկնաբանվի որպես ձեռնարկատիրական, այլ դիտարկվի որպես տնտեսական: Օրենքը, սակայն, մեր կարծիքով, պետք է այնպես շարադրվի, որ հստակ լինի, հատկապես այն դեպքերում, երբ դա վերաբերում է քրեական պատասխանատվութուն սահմանելուն:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` Կ. Հարությունյան

Ա. Երեմյան
Դ.Թադեւոսյան