ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Համահայկական բանկի մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքում լրացում կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-391-29.11.2008-ՖՎ-010/0 ) վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Համահայկական բանկի մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` նաեւ փաթեթ) քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

Նախագծերի փաթեթն ուղղված է Համահայկական բանկի ստեղծման եւ գործունեության համար իրավական հիմքերի ստեղծմանը:

Ներկայացված օրենքների նախագծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Ստորեւ ներկայացվում են իրականացված փորձաքննության արդյունքները:

«Համահայկական բանկի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

1. «Համահայկական բանկի մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նաեւ Նախագիծ) 1-ին հոդվածը խմբագրման կարիք ունի, քանի որ բերված ձեւակերպումից ստացվում է, որ «օրենքը կարգավորում է .... կարգը,.... սկզբունքները...»: Կարծում ենք, որ օրենքով պետք է կարգավորվեն ոչ թե Համահայկական բանկի գործունեության կարգը եւ սկզբունքները, այլ տվյալ կառույցի ձեւավորման եւ գործունեության հետ կապված հարաբերությունները:

2. Չնայած Նախագծի տեքստում առկա են մի շարք նոր հասկացություններ, սակայն դրանց սահմանումները բացակայում են, ինչը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի պահանջի խախտում է: Ընդ որում, հասկացությունների շարքում տրված չէ հենց «Համահայկական բանկ» հասկացության սահմանումը, ինչը որոշակի տարամեկնաբանությունների տեղիք կարիք կարող է տալ:

3. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում, մեր կարծիքով, պետք է հստակ ամրագրել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը: Քանի որ Նախագծի 13-րդ հոդվածի պահանջների համաձայն` Համահայկական բանկի գործունեության նկատմամբ վերահսկողության բացառիկ իրավունքը պատկանում է Կենտրոնական բանկին, ապա կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին պետք է ճանաչել ոչ թէ Ազգային մրցունակության խորհրդին, այլ Կենտրոնական բանկին:

4. Նախագծի 4-րդ հոդված 2-րդ մասում սահմանվում է, որ «Համահայկական բանկի հիմնադիրներից է Կենտրոնական բանկը եւ (կամ) Հայաստանի Հանրապետությունը»: Այս առումով, հարկ ենք համարում նշել, որ նախագծի տեքստում բացակայում են դրույթներ Համահայկական բանկի եւ պետական բյուջեի փոխհարաբերությունների վերաբերյալ: Կարծում ենք, որ եթե պետությունը հանդիսանում է բանկի հիմնադիր, ապա այն պետք է արտացոլվի պետական բյուջեում համապատասխան հատկացման տեսքով:

5. Նախագծի 5-րդ հոդվածը վերնագրված է «Համահայկական բանկի սկզբունքները», սակայն տեքստում բերված է ընդամենը մեկ սկզբունք, իսկ մնացած սկզբունքները տարալուծված են մյուս հոդվածներում: Այս առումով անհրաժեշտ է բոլոր սկզբունքները ներկայացնել տվյալ հոդվածում:

6. Նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները, որոնց համաձայն նորմատիվ իրավական ակտի ոճն իմպերատիվ-հրամայական ու պաշտոնական է` «Համահայկական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, մասնավորապես, 6-րդ հոդվածը, անհրաժեշտ է վերախմբագրել, ելնելով վերոհիշյալ հոդվածի պահանջներից:

7. Ելնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի տրամաբանությունից առաջարկում ենք նախագծի 6-րդ հոդվածում «բառակապակցությամբ» բառը փոխարինել «անվանման» բառով, իսկ «օգտագործումը» բառը «գործածությունը» բառով:

8. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասը հստակ շարադրման անհրաժեշտություն ունի: «Հայության ներուժ», «հայության մրցունակություն» հասկացություններըչեն բխում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից (Իրավական ակտում պետք է կիրառվեն նորմատիվ իրավական ակտերով uահմանվածկամ հանրածանոթ հաuկացություններ կամ տերմիններ: Եթե նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նոր կամ բազմիմաuտ կամ այնպիuի հաuկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, ապա այդ իրավական ակտով պետք է տրվեն դրանց uահմանումները:)

9. Նույն հոդվածի 3-րդ մասում «բանկերին բնորոշ գործառնություններ» հասկացությունը հստակեցման կարիք ունի, քանի որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ` մասնավորապես «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով դա նախատեսված չէ: «Բանկերի եւ եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Բանկային գործունեություն է համարվում ավանդներ ընդունելը կամ ավանդներ ընդունելու առաջարկությամբ հանդեu գալը եւ ավանդն ընդունողի անունից եւ ռիuկով դրանք տեղաբաշխելը` վարկեր, ավանդներ, դեպոզիտներ տրամադրելու եւ (կամ) ներդրումներ կատարելու միջոցով»: Նման պարագայում անհասկանալի է, թե բանկերին բնորոշ գործառնություններից որը պետք է իրականացնի Համահայկական բանկը: Միաժամանակ, բավարար չափով հիմնավորված չէ ռեզիդենտներից հրապարակային առաջարկի միջոցով միջոցներ ներգրավելու բացառումը: Կարծում ենք, նման հնարավորություն ընձեռումը կարող է նպաստել Համահայկական բանկի գաղափարի առավել ամբողջական կենսագործմանը:

10. Չնայած Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մսով սահմանվում է, որ Համահայկական բանկն իր ծրագիրը կազմելիս առաջնորդվում է Լիազոր մարմնի ռազմավարությամբ, սակայն տրված չեն վերջինիս սահմանումը, իրավական կարգավիճակը եւ ներկայացվող պահանջները:

11. Նախագծի 3-րդ գլխի վերնագրից անհրաժեշտ է հանել «եւ ղեկավարները» բառակապակցությունը, քանի որ «կառավարում» հասկացությունը իր մեջ ներառում է նաեւ ղեկավարումը:

12. Նախագծի 10-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն, «Խորհրդի անդամները խորհրդի նիստերին մասնակցության համար Համահայկական բանկի կողմից ստանում են փոխհատուցում»: Կարծում ենք, այս դրույթը հստակեցման կարիք ունի` փոխհատուցման տեսակի, չափի եւ ձեւի կոնկրետացման առումով: Նույն հոդվածի 9-րդ մասի Կենտրոնական բանկում Համահայկական բանկի խորհրդի անդամների եւ նախագահի հաշվառման մասին դրույթը պարզաբանկան կարիք ունի, քանի որ ներկայացված ձեւակերպումից պարզ չի, թե տվյալ օրենքի իմաստով ինչ պետք է հասկանալ հաշվառման տակ:

13. Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ հարկ ենք համարում նշել, որ Համահայկական բանկի գրանցման եւ լիցենզավորման առանձնահատկությունները պետք է սահմանվեն ոչ թե կենտրոնական բանկի սահմանած կարգով, այլ քննարկվող նախագծով, հաշվի առնելով նրա գործունեության առանձնահատուկ կարգավորումը:

14. Նախագծի 13-րդ հոդվածով Համահայկական բանկի գործունեության նկատմամբ վերահսկողության բացառիկ իրավասությունը վերապահվում է Կենտրոնական բանկին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Համահայկական բանկի հիմնադիրներից են Կենտրոնական բանկը եւ (կամ) Հայաստանի Հանրապետությունը, ապա կարծում ենք, որ անհրաժեշտ է վերահսկողություն իրականացնող սուբյեկտների շրջանակը վերանայել:

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` Գ.Կիրակոսյան

Կ.Հարությունյան

Դ.Թադեւոսյան