Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-418-26.12.2008-ՊԻ-010/0) վերաբերյալ
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում իրավական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Լարիսա Ալավերդյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծը (այսուհետ` Նախագիծ) եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը:
Նախագծով առաջարկվել էսահմանել դրույթներ, որոնք երաշխավորում են նյութերի նախապատրաստման կապակցությամբնյութերին ծանոթանալու դատավարության այն մասնակիցների իրավունքները, որոնց գործողությունների կապակցությամբ տրվել է հաղորդումը, ինչպես նաեւ տրված հաղորդման ելքով անմիջականորեն շահագրգռված են: Նախագծով առաջարկվել է սահմանել նաեւ այդ իրավունքի իրականացման մեխանիզմը: Առաջարկությունը բխում է քրեական դատավարության սկզբունքներից:
Մասնավորապես, Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է Օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ երկու պարբերություններով.
«Անձինք, որոնց գործողությունների կապակցությամբ տրված է եղել հանցագործության մասին հաղորդումը, տեղեկացվում են քրեական գործի հարուցումը մերժված լինելու մասին, ինչպես նաեւ այն մասին, որ ցանկության դեպքում կարող են դիմել եւ ստանալ որոշման օրինակը:
Հանցագործության մասին հաղորդում տված, ինչպես նաեւ տրված հաղորդման ելքով անմիջականորեն շահագրգռված ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին հաղորդումը ստանալու պահից իրավունք ունեն ծանոթանալու նյութերին, որոնցով մերժվել է քրեական գործի հարուցումը եւ դրանցից կատարելու քաղվածքներ ու պատճենահանումներ ցանկացած ծավալով»:
1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
2. Նախագծի վերաբերյալ վարչության դիտարկումները հետեւյալն են`
2.1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին պարբերությունում անհրաժեշտ է հստակ սահմանել քրեական գործի հարուցումը մերժելու մասին այն անձանց տեղեկացնելու ձեւը, որոնց գործողությունների կապակցությամբ տրված է եղել հանցագործության մասին հաղորդումը: Մեր կարծիքով ձեւը պետք է լինի այնպիսի, որ հստակ արտացոլի քրեական գործի հարուցումը մերժելու մասին տեղեկացված լինելու փաստը:
2.2. Բացի այդ, նույն պարբերությունում անհրաժեշտ է հստակ սահմանել քրեական գործի հարուցումը մերժելու մասին փաստի վերաբերյալ տեղեցնելու` վարույթն իրականացնող մարմնի`
ա/ պարտականությունը եւ
բ/ այդ պարտականությունը կատարելու ժամկետը:
2.3. Նույն պարբերությունում «մերժված լինելու մասին» բառերը խորհուրդ է տրվում փոխարինել «մերժելու մասին որոշում կայացնելու մասին» բառերով, ինչը կապահովի վերջնական որոշման մասին տեղեկացնելու պարտականությունը:
2.4. Նույն պարբերությունում «ցանկության դեպքում կարող են» բառերը խորհուրդ է տրվում փոխարինել «իրավունք ունեն» բառերով, ինչը հստակ կսահմանի վերջնական որոշման մասին տեղեկացվելու իրավունքը եւ այդ իրավունքին թղթակցող` վարույթն իրականացնող մարմնի համապատասխան պարտականությունը: Նման ձեւակերպումը միաժամանակ կապահովի որոշումը ստանալու համար չդիմելու իրավունքը:
2.5. Անհրաժեշտ է սահմանել նաեւ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը պահանջելու իրավունք ունեցող անձի պահանջով վերջինիս հանձնելու`
ա/ վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը,
բ/ այդ պարտականությունը կատարելու ժամկետը,
գ/ այդ պարտականությունը կատարելու ձեւը:
3. Քանի որ վերը նշված դիտարկումները ընդունվելու դեպքում հստակ կսահմանվեն նաեւվարույթն իրականացնող մարմնի կամ այդ մարմնի համապատասխան պաշտոնատար անձի նոր պարտականություններ եւ այդ պարտականությունների կատարման կարգ, ուստի անհրաժեշտ կլինի վերանայել Նախագծի 2-ին հոդվածով նախատեսվող օրենքն ուժի մեջ է մտնելու ժամկետը, սահմանելով այն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներրորդ օրը:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅ
ՈՒ
Ն
Կատարող` Ա . Երեմ յան