ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-524-30.01.2009-ԳԿ-010/0) վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ Վարչության կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել, որ Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ կատարել նաեւ ՀՀքրեակատարողական օրենսգրքում, «Կրթության մասին», «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» եւ այլ օրենքներում:
Նախագծի 1-ին եւ 4-րդ հոդվածներում առկա են մի շարք հռչակագրային նորմեր, որոնք հստակեցման կարիք ունեն:
Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող լրացման «ժբ)» կետի սիստեմատիկաբար» բառն անհրաժեշտ է փոխարինել դրա հայերեն համարժեք` «պարբերաբար» բառով:
Չնայած այն հանգամանքին, որ Եվրոպայի խորհրդի 1989 թվականի նոյեմբերի 16-ի Դոպինգի դեմ կոնվենցիայով գործածվում է «դոպինգ» բառը, այնուամենայնիվ առաջարկում ենք քննարկել Նախագծի 4-րդ հոդվածի «զ)» կետում եւ հետագա ամբողջ տեքստում «դոպինգ» բառն «արգելված խթանիչներ» բառերով փոխարինելու հարցը:
Նախագծի 5-րդ հոդվածում «պրոֆեսիոնալ» բառի օգտագործումը անհիմն խտրականություն է առաջացնում պրոֆեսիոնալ եւ սիրողական սպորտով զբաղվող մարզիկների միջեւ (ստացվում է, որ սիրողական սպորտով զբաղվող մարզիկները չեն կարող օգտվել պետական աջակցության երաշխիքներից), այն դեպքում, երբ պրոֆեսիոնալ մարզիկի գործունեությունն ուղղված է շահույթի ստացմանը եւ տվյալ մարզիկը հնարավորություն է ունենում (այդ թվում` լիգաների, ակումբների եւ այլնի կողմից) ապահովագրելու իրեն հաշմանդամության հետ կապված ռիսկերից:
Նախագծի 6-րդ հոդվածի «ժ.1)» կետի «ոլորտի» բառից հետո անհրաժեշտ է հանել «տարածքային» բառը:
Նույն հոդվածի 2-րդ կետի «ժ.1». «ժ.2», «ժ.3» բառերը փոխարինել համապատասխանաբար, «ժա», «ժբ», «ժգ» բառերով, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասն ասում է.«Հոդվածի ենթակետերը համարակալվում են հայերեն այբուբենի փոքրատառերով»: Նույն փոփոխությունը պետք է կատարվի նաեւ նախագծի 7-րդ հոդվածում:
Առաջարկում ենք Նախագծից հանել բերված բոլոր լրացված մասերի համարակալումները, քանի որ գործող օրենքում նրանք բացակայում են, իսկ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքն իր հերթին ասում է, որ «Իրավական ակտը պետք է լինի կուռ` տրամաբանորեն միասնական, հաջորդական ու համակարգված:»:
Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասում տեղ գտած նորմերը հակասում են «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածին, համաձայն որի. «Նորմատիվ իրավական ակտի ոճն իմպերատիվ-հրամայական ու պաշտոնական է:», ուստի անհրաժեշտ է հիշյալ հոդվածը վերախմբագրել համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին:
Նույն հոդվածի 2-րդ մասում առաջարկվող պահանջն անհրաժեշտ է վերանայել, քանի որ ազատազրկման վայրերում գտնվողների վերաբերյալ ծրագրերի ապահովումն ու իրականացումը, ելնելով նրանից որ ազատազրկման վայրերում գտնվողները գտնվում են լրիվ այլ ռեժիմի ներքո եւ նրա հետ կապված յուրաքանչյուր ծրագիր կամ ռեժիմի փոփոխություն սահմանվում է համապատասխան ոլորտը կարգավորող օրենքով:
Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասում եւ նախագծի հետագա տեքստում «ֆիզկուլտուրային» բառն անհրաժեշտ է փոխարինել «ֆիզիկական կուլտուրայի» բառերով:
Նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում «մանուկների» բառը փոխարինել «երեխաների» բառով:
Նույն հոդվածի 4-րդ մասի տեքստից անհրաժեշտ է հանել «ուժեղագույն» եւ «լավագույն» բառերը:
Ընդհանուր առմամբ Նախագծի 7-րդ հոդվածով ներկայացված լրացումներն առաջարկում ենք քննարկել դրանք սույն օրենքի կարգավորման շրջանակից հանելու վերաբերյալ հարցը:
Նախագծում առկա են լեզվաոճական, խմբագրական եւ տեխնիկական բնույթի այլ թերություններ, որոնք կարող են քննարկվել աշխատանքային կարգով:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`Ա.Դանիելյան
Ա.Գալստյան
Մ.Գեղամյան