Եզրակացություն
«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
(փաստաթղթային կոդ` Կ-538-17.02.2009-ՏՀ-010/0)
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում (այսուհետ` Օրենսգիրք) փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծը) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:
Նախագիծը ներկայացված փոփոխությամբ նպատակ ունի ճշգրտել կիրառվող մաքսադրույքների դրույքաչափերը` ելնելով առանձին ապրանքատեսակների գծով ներքին արտադրության խթանման պահանջներից եւ մաքսային վարչարարության բարձրացան եւ ռիսկային տարրերի նվազեցման խնդրից, ինչպես նաեւ ապահովել բյուջեի լրացուցիչ եկամուտներ: Առաջարկվող օրենսդրական փոփոխությունում պահպանվում է հետեւյալ տրամաբանությունը, որ ներմուծվող այն ապրանքատեսակների համար (ներառյալ սարքավորումներ եւ մեքենաներ), որոնք ունեն արտադրական նշանակություն կամ հնարավոր չէ փոխարինել տեղական արտադրությամբ, առաջարկվում, է կիրառել զրոյական մաքսադրույք:
Ստորեւ ներկայացնում ենք փորձաքննության արդյունքները:
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47 հոդվածի4-րդ կետի«բ)» ենթակետի պահանջին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել, որ Նախագծին կից ներկայացված չէ oրենքի ընդունման առնչությամբ այլ oրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մաuին տեղեկանքը:
Նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում: Այն համահունչ է Մաքսերի եւ առեւտրի գլխավոր Համաձայնագրին (1994թ., Առեւտրի Համաշխարհային Կազմակերպություն), Մաքսերի եւ առեւտրի գլխավոր համաձայնագրի Մարաքեշի Արձանագրությանը (1994թ., Առեւտրի Համաշխարհային Կազմակերպություն) եւ այլ միջազգային իրավական ակտերին:
2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է Օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին կետի 22 ծածկագրին դասվող «Ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ» ապրանքների համար ներմուծման մաքսատուրքը սահմանել 15 տոկոս` ներկա գործող 10 տոկոսի փոխարեն:
Օրենսգրքի նույն հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետում ամրագրված է, որ անկախ Օրենսգրքի 102 հոդվածի 1-ին կետում սահմանված մաքսատուրքի դրույքաչափերից` 2203, 2204, 220410, 2205, 2206, 2207, 220820, 220830, 220840, 220850, 220860, 220870 եւ 220890 ծածկագրերին դասվող ապրանքների համար մաքսատուրքը վճարվում է յուրահատուկ դրույքաչափերով:
Հետեւաբար, Նախագծի 1-ին հոդվածով 22 ծածկագրին պատկանող «Ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքների, քացախի» դրույքաչափի փոփոխությունը չի կարող գործել Օրենսգրքի 102 հոդվածի 4-րդ մասի պատճառով:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կատարողներ`Գ.Կիրակոսյան
Ս.Յուզբաշյան
Ա.Քոչարյան