ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-539-18.02.2009-ՊԻ-010/1) վերաբերյալ

     Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Դավիթ Հարությունյան ի, Ավետ Ադոնց ի, Արծրունի Աղաջանյան ի, Արմեն Ռուստամյան ի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետութ՟յան քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

     1.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

     2. Որպես Նախագծի հիմնավորում նշվել է, որ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայով սահմանաված չափանիշները քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու եւ  քրեական օրենսգրքին իրավական որոշակիություն հաղորդելու պայմանով:

3. Հայեցակարգի մասին

3.1. ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածը 5-րդ մասով լրացնելու մասին առաջարկությունը իրավական առումով վիճահարույց է եւ այդ հիմքով ընդունելի չի:

3.2. ՀՀ քրեական օրենսգրքի 300 եւ 301 հոդվածների փոփոխությունները եւ դրանց հետ կապված` ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելուն առնչվող դրույթները իրավական առումով գերակշռող մասով ընդունելի են:

3.3. Եզրահանգումը նաեւ այն է, որ ՀՀ քրեական օրենսգրքի այժմ գործող 300 եւ 301 հոդվածներն իրենց բովանդակությամբ համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը, թղթակցում են միջազգային չափանիշներին, ներառյալ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայով սահմանաված չափանիշներին եւ այլ պետությունների քրեական օրենսդրությամբ սահմանված նմանատիպ իրավանորմերին:

3.4.Գտնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300 եւ 301 հոդվածներում «պետական իշխանությունը» բառերը «իշխանական լիազորությունները» բառերով փոխարինելու դեպքում`

ա) կամբողջացվի օբյեկտը, քանի որ «իշխանական լիազորություններ» հասկացությունը «առավել չափելի է» եւ վերաբերում է նաեւ պետական իշխանություն կրող սուբյեկտներին (մարմիններին),

բ) կբացառի հնարավոր տարամեկնաբանումը «պետական իշխանություն» հասկացության վերաբերյալ,

գ) կհամապատասխանի ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի 3-րդ մասում եւ 47-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված դրույթներին միաժամանակ:

I. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկված` Oրենuգրքի 225-րդ հոդվածը 5-րդ մասով լրացնելու մասին

1. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկված` Oրենuգրքի 225-րդ հոդվածը 5-րդ մասով լրացնելու մասին

Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվել է Oրենuգրքի 225-րդ հոդվածը լրացնել հետեւյալ խմբագրությամբ 5-րդ մասով`

«5. Uույն հոդվածի առաջին մաuով նախատեuված զանգվածային անկարգություններին մասնակցելը, եթե անձի արարքում բացակայում են սույն հոդվածի 1, 2, 4 մասերի հատկանիշները`

պատժվում է` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիu ժամկետով:

Եթե որեւէ միջոցառում վերածվում է զանգվածային անկագությունների, ապա այդ վայրից անհապաղ հեռացած անձը ենթակա չէ սույն մասով նախատեսված քրեական պատասխանատվության:»:

Եզրակացություն.

Առաջարկվում է հրաժարվել Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկված 225 հոդվածի 5-րդ մասի դիսպոզիցիայից եւ դրան առնչվող` քրեական պատասխանատվությունից ազատման պայմանին վերաբերող խրախուսող իրավանորմից / 225 հոդվածի 5-րդ մասի վերջին դրույթ /, իսկ զանգվածային անկարգությունների ընթացքում ներկա գտնված, սակայն որեւէ հանցանք չկատարած անձինք պետք է հանդես գան վկայի կարգավիճակում:

Նախագծով առաջարկված 225 հոդվածի 5-րդ մասի դիսպոզիցիան եւ դրան առնչվող`քրեական պատասխանատվությունից ազատման պայմանին վերաբերող խրախուսող իրավանորմը / 225 հոդվածի 5-րդ մասի վերջին դրույթ /, մեր կարծիքով, անհրաժեշտ է վերանայել հետեւյալ պատճառաբանությամբ:

1.1.Պետության եւ իշխանությունների պատասխանատվությունը

Հիշյալ խնդիրը քննարկելիս անհրաժեշտ է նախ նկատի ունենալ, որ պետությունը կրում է հասարակական կարգը եւ անվտանգությունը հանցավոր ոտնձգություններից պաշտպանելու ընդհանուր պատասխանատվություն: Իսկ զանգվածային անկարգությունների դեպքում իշխանությունները կրում ենպարտականություն կանխել եւ կասեցնել այդ ավերիչ երեւույթը, վնասազերծել հանցագործներին, պաշտպանել պետության, հանրության եւ յուրաքանչյուր անձի իրավունքներն ու օրինական շահերը վտանգավոր հանցավոր ոտնձգություններից եւ ապահովել անվտանգությունը:

Այդ նպատակով էքստրեմալ պայմաններում օրենքով սահմանված կարգով պետք է իրականացվեն զանգվածային անկարգությունների տարածքը ամբողից ազատելու օպերատիվ միջոցառումներ, որոնց ընթացքում թուլատրելի է նաեւ հատուկ միջոցների իրավաչափ կիրառումը:

Իշխանությունները պարտավոր են նաեւ ապահովել հետագայում պատշաճ քննություն կատարելու հնարավորությունը: Ուստի, օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում կարող են կատարվել տարածքի զննություն, զերբակալումներ, խուզարկություններ, առգրավումներ եւ այլ քննչական, ինչպես նաեւ օպերատիվ հետախուզական գործողություններ: Այդ գործողությունների նպատակներից է նաեւ տարանջատել հանցանք կատարած անձանց զանգվածային անկարգությունների տարածքում գտնվող այլ անձանցից եւ ապահովել, որ հանցանք կատարած յուրաքանչյուր անձ ենթարկվի Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքով նախատեuված պատժի կամ քրեաիրավական այլ ներգործության:

1.2. Զանգվածային անկարգություններ կազմակերպելը կամ կատարելը հանցագործությունների կատեգորիան

Արարքի քրեականացման հիմքերից են նախ դրա` հանրության համար վտանգավորությունը, այնուհետեւ` դրա վտանգավորության աստիճանը: Անտարակույս, զանգվածային անկարգություններն իրենց բնույթով եւ հանրության համար վտանգավորության աստիճանով լուրջ սպառնալիքներ են հանդիսանում կամ ստեղծում հասարակական անվտանգությանը: Այդ պատճառով էլ զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնաuելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ uարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով /1-ին մաս/, ինչպես նաեւ վերը նշված արարքներն անմիջականորեն կատարելը /2-րդ մաս/ դասվում են ծանր հանցագործությունների շարքին:

1.3. Զանգվածային անկարգություններին մասնակցելը քրեականացելու առաջարկության մասին

Հիմնավորումը. Նախագծով առաջարկվել է դիտել որպես հանցագործություն զանգվածային անկարգություններին մասնակցելը կամ, այլ կերպ ասած, զանգվածային անկարգությունների գոտում լինելը կամ հայտնվելը, երբ անձի գործողություններում բացակայում են225 հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ մասերի հատկանիշները, սակայն նա անհապաղ չի հեռացել այդ տարածքից: Դա պատճառաբանվել է հանցագործության կասեցման գործուն միջոց լինելու հանգամանքով եւ պրեվենտիվ նշանակությամբ:

1.4. Հանցավոր վարքագծի մոդելի մասին

Նախ, պետք է հաշվի առնել, որ քրեական օրենսգրքի իրավանորմը` որպես արգելված վարքագծի մոդել, պետք է լինի կիրառելի բացառապես այն անձանց նկատմամբ, ում արարքում առկա են հանցակազմի բոլոր հատկանիշները: Ուստի, դիսպոզիցիան պետք է կառուցվի այնպես, որ քրեական պատասխանատվության հնարավոր լինի ենթարկել բացառապես քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության կատարման համար: Մինչդեռ, հանցագործության վայրում լինելը, գտնվելը կամ հայտնվելն ինքնին չեն կարող կազմել հանցակազմ: Քանի որ «մասնակցելը» որեւէ կերպ չի մեկնաբանվում,ուստի, իրականում առաջարկվել է հանցավոր ճանաչել ոչ թե զանգվածային անկարգություններին մասնակցելը, այլ մասնակցի` այդ գոտուց անհապաղ չհեռանալը /ակտիվ գործողություն/: Դա է առաջարկվել դիտել որպես հանցագործության օբյեկտիվ կողմ: Չէ ՞որ 225 հոդվածի 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերի դիսպոզիցիաներում նկարագրված գործողություններն ինքնին կազմում են հանցակազմերի օբյեկտիվ կողմը:

Մյուս կողմից, թվարկված դիսպոզիցիաներում նկարագրված գործողությունների շրջանակում կարող են կատարվել այնպիսի ակտիվ գործողություններ, որոնք նպաստում են զանգվածային անկարգությունների կազմակերպմանը կամ անմիջական կատարմանը /ճանապարհ բացելը, խոչընդոտ ստեղծելը, հանցագործության կատարման գործիքներ պատրաստելը կամ հարմարացնելը կամ տարածելը, թշնամանք կամ ատելություն կամ առավելություն սերմանելը, ուրիշի գույքը ոչնչացնելու կոչեր անելը եւ այլն/: Այդ բնույթի ակտիվ գործողություններն իրականում հանրորեն վտանգավոր արարքներ են: Այլ կերպ ասած` դա վտանգավոր «մասնակցություն է»: Պետք է, սակայն, հաշվի առնել, որ նման վարքագիծը ըստ փաստական հանգամանքների պետք է գնահատվի եւ որակվի որպես զանգվածային անկարգություններ հանցագործության կազմակերպման կամ կատարման օժանդակություն կամ դրդչություն կամ համակատարում: Այսինքն` դա ինչ-որ առանձին հանցակազմ չի, այլ հասարակ կամ բարդ հանցակցություն է /երկու կամ ավելի անձանց դիտավորյալ համատեղ մաuնակցությունը դիտավորյալ հանցագործությանը/:

Պետք է նաեւ հաշվի առնել, որ զանգվածային անկարգությունների ընթացքում կատարվող այլ հանցագործություները պետք է որակվեն ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով /գողություն, կողոպուտ, ավազակային հարձակում, բռնաբարություն եւ այլն/: «Ուղեկցող» հանցագործությունները, սակայն, ինքնին զանգվածային անկարգություններին մասնակցություն չեն:

Կարող է լինել նաեւ հանցագործությունների համակցություն:

Նկարագրված հնարավոր մոդելները վկայում են, որ «մասնակցությունը» առանց վերը թվարկված ակտիվ հանցավոր վարքագծի հանցավոր չէ, եւ իրավական ակտի այդպիսի մոդելը իրավական լինելու տեսանկյունից վիճահարույց է:

Որպես լրացուցիչ հիմնավորում անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ ստորեւ շարադրված քրեագիտական առանձին բնութագրիչներ:

Պետք է հաշվի առնել, որ զանգվածային անկարգությունները կարող են կատարվել`

ա/ ինչպես օրինական, այնպես էլ անօրինական միջոցառումների ժամանակ / ժողովներ, ցույցեր, երթեր, գործադուլ, սպորտային միջոցառում, կրոնական կամ այլ ծիսակատարություններ, եւ այլն/, կամ էլ` օրինական միջոցառումը անօրինական միջոցառման վերածվելու դեպքում,

բ/ ինչպես բաց տարածքում /փողոցներ, պուրակներ, հրապարակներ եւ այլն/, այնպես էլ փակ տարածքում /մարզադաշտ, օդանավակայան, համալիր կառույց, քրեակատարողական հիմնարկ եւ այլն/ կամ բաց եւ փակ տարածքների զուգորդմամբ:

գ/ ինչպես կազմակերպման արդյունքում, այնպես էլ ինքնաբուխ:

դ/ ինչպես այդ վայրում օրինական հիմքերով գտնվող անձանց շրջանում, /ներառյալ` հանգամանքների բերումով այդ վայրում պատահական հայտնված անձինք կամ հետաքրքրասեր մարդիկ կամ անկայուն, սակայն ոչ հանցագործ տարրեր/, այնպես էլ անօրինական հիմքերով գտնվող անձանց շրջանում /օրինակ, չարտոնված զանգվածային միջոցառում/:

Առանձնահատուկ են այն դեպքերը, երբ այդ տարածքում անձինք գտնվում են `

ա/ հարկադրաբար եւ այդ վայրը լքելն ինքնին հանցագործություն է կամ ֆիզիկապես անհնար կամ զուգորդված է կյանքի եւ առաղջության համար իրական սպառնալիքով /օրինակ, քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձինք կամ հանցավոր խմբավորումների կամ հանցավոր համագործակցությունների ընդհարումների ժամանակ եւ տարածքում/ կամ

բ/ ծառայողական պարտականությունների բերումով եւ իրավունք չունեն լքել այդ վայրը /օրինակ, կենսապահովման ենթակառուցվածքների անխափան աշխատանքն ապահովող անձինք/,

գ/ կամ հայտնվել են իրենց կամքից անկախ եւ անգամ մեծ ցանկության դեպքում ֆիզիկապես հնարավորություն չունեն լքել այդ տարածքը /օրինակ, երբ ամբոխը շարժվում է մեկ ուղղությամբ, կամ երբ անձն ուղղակի ուժասպառ է, կամ սթրեսի պայմաններում զուրկ է արագ կողմնորոշվելու ունակությունից կամ շրջապատված է վտանգավոր հանցավոր վարքագծով եւ այլն/,

դ/ փորձելով պաշտպանել իրենց սեփականությունը /օրինակ, տրանսպորտային միջոցը, այլ գույք/,

ե/ կատարելով իրենց քաղաքացիական կամ այլ պարտականությունը /նկարահանող լրագրողը, վկա - դիտորդը, զանգվածային անկարգությունները խափանելու փորձ կատարող անձը եւ այլն/,

զ/ բազմաթիվ այլ դեպքերում:

Սուբյեկտիվ կողմը

Պետք է նաեւ հաշվի առնել, որ զանգվածային անկարգություններ կազմակերպելը կամ կատարելը ուղղակի դիտավորությամբ գործողությունների միջոցով կատարվող հանցագործություն է, երբ անձը գիտակցել է իր գործողության (անգործության)` հանրության համար վտանգավոր բնույթը, նախատեuել է հանրության համար դրա վտանգավոր հետեւանքները եւ ցանկացել է դրանց վրա հաuնելը: Այդ դիտավորությունը կարող է լինել կանխամտածված կամ հանկարծակի ծագած:

Սուբյեկտը

Այսպիսով, զանգվածային անկարգությունների դեպքերում զանգվածային անկարգությունների տարածքում կամ դրանց հարակից տարածքներում կարող են հայտնվել անձինք, ում արարքում մի դեպքում առկա են հանցակազմի բոլոր հատկանիշները, իսկ մյուս դեպքում բացակայում է հանրորեն վտանգավոր վարքագիծը, որը պետք է դրսեւորված լինի ակտիվ գործողություններում, սակայն նրանք «անհարմար ժամանակ հայտնվել են անհարմար վայրում» եւ այն անմիջապես չեն լքել:

Հանցագործության կատարման վայրը

Զանգվածային անկարգությունների տարածք հասկացությունը հնարավոր չէ միանշանակ ուրվագծել, իսկ եթե անգամ հնարավոր լինի իշխանությունների տեսանկյունից, ապա այդ անկարգությունների տարածքում հայտնված անձինք դա բանականության սահմաններում որոշել չեն կարող: Նրանց գիտակցության համար այդպիսի տարածք չի համարվի ցանկացած անվտանգ կամ սակավավտանգ տարածք, ներառյալ` շրջակայքում գտնվող հարակից տարածքները: Օրենքի տառացի մեկնաբանման տեսանկյունից, սակայն, այդ տարածքը կարող է դիտվել որպես զանգվածային անկարգության գոտի: Հարակից տարածքներում պատսպարվող անձինք /մուտքեր, խանութներ, բնակելի կամ ոչ բնակելի տարածքներ եւ այլն/ նույնպես հայտնվում են բարձր ռիսկայնության գոտում, երբ պատսպառվելու եղանակը կարող է օբյեկտիվորեն գնահատվել որպես ուրիշի ունեցվածքին դիտավորությամբ վնաս պատճառել եւ այլն /դուռը կամ ապակին կամ կողպեքը կամ փականքը կոտրելը, ուրիշի տարածք մուտք գործելը, որեւէ տեղ թաքնվելը, նաեւ` իշխանություններից թաքնվելը, քանի որ թաքնվողին հայտի չեն անկարգությունների շարունակականությունը կամ տարածքը մաքրելու ժամանակն ու հնարավորությունները/:

Օբյեկտիվ կողմը բնութագրող «Անհապաղ» հասկացության մասին

Այդ հասկացությունը հիմնվում է ողջամտության վրա, իսկ սթրեսի պայմաններում ողջամտությունը տարբերվում է սովորական պայմաններում ողջամտությունից: Այսինքն, եթե անձն անհապաղ չի հեռացել այդ վայրից, սակայն միեւնույն ժամանակ չի կատարել հանրորեն վտանգավոր որեւէ արարք, միեւնույն է կհամարվի հանցանք կատարած անձ:

Ամփոփ եզրահանգում

Եզրահանգում 1. Այսպիսով, Նախագծի` ՀՀ քր.օր-ի 225 հոդվածի 5-րդ մասին վերաբերող դրույթը որպես արարք նախատեսում է բացառապես զանգվածային անկարգություններին մասնակցելը:

Դա տարբերակվում է`

ա/ այնպիսի զանգվածային անկարգություններ կազմակերպելուց, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնաuելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ uարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով, ինչպես նաեւ

բ/ զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն իրականացնելուց, ջարդեր, հրկիզումներ կատարելուց, գույք ոչնչացնելուց կամ վնաuելուց, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ uարքեր գործադրելուց կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալուց:

Ուրեմն ստացվում է, որ մասնակցությունն ընդամենը կապվում է կամ կարող է կապվել ընդամենը մարդու կամ մարդկանց` զանգվածային անկարգությունների գոտում լինելու հանգամանքի հետ, այսինքն ներկա գտնվելու հանգամանքի հետ, որտեղից նա /նրանք/անհապաղ չեն հեռացել:

Նման մոտեցումը, մեր կարծիքով, չի թղթակցումքրեական օրենսդրության սկզբունքներին: Ի թիվս այլ սկզբունքների, դրանք են նաեւ այն, որ անձը ենթակա է քրեական պատաuխանատվության միայն անձամբ իր կատարած հանցանքի համար /ՀՀ քր.օր-ի 8-րդ հոդված/ եւ այն, որ գործում է ըստ մեղքի պատասխանատվության սկզբունքը [1] :

Եզրահանգում 2. Գտնում ենք, որ Նախագծով առաջարկված 225 հոդվածի 5-րդ մասի դիսպոզիցիայից եւ դրան առնչվող` քրեական պատասխանատվությունից ազատման պայմանին վերաբերող խրախուսող իրավանորմից / 225 հոդվածի 5-րդ մասի վերջին դրույթ /, անհրաժեշտ է հրաժարվել, իսկ զանգվածային անկարգությունների ընթացքում ներկա գտնված, սակայն որեւէ հանցանք չկատարած անձինք պետք է հանդես գան վկայի կարգավիճակում: Նրանք կարող են հանդես գալ եւ տուժողի կարգավիճակում:

Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկված` Oրենuգրքի 300-րդ հոդվածի նոր խմբագրությանմասին

Նախագիծն ընդունվելու դեպքում առաջարկվում է 1-ին մասը «Սահմանադրությամբ», «Ազգային ժողովի», «կառավարության» եւ «սահմանադրական դատարանի» բառերիցառաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերով, իսկ 2-րդ մասի «պատգամավորի» բառից առաջ լրացնել«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի» բառերով, «վարչապետի» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերով, «նախարարի» բառից առաջ լրացնել «կամ» բառով:

Նոր խմբագրությամբ Oրենuգրքի 300-րդ հոդվածի 3-րդ մասում որպեսքրեական պատաuխանատվությունից ազատելու պայման առաջարկվում է նախատեսել եւ այն, որ այդ անձը, բացի իրավապահ մարմիններին ժամանակին հայտնելուց, նպաuտելէ նաեւ հանցագործության խափանմանը, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

Նախագծի 7-րդ հոդվածով առաջարկված` Oրենuգրքի 301-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու մասին

1. Նախագծի 7-րդ հոդվածով առաջարկվել է Oրենuգրքի 301-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«ՀՈԴՎԱԾ 301. ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՑՄԱՆ, ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՏԱՊԱԼՄԱՆ ԿԱՄ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԿՈՉԵՐԸ

Իշխանությունը յուրացնելուն, uահմանադրական կարգը տապալելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված հրապարակային կոչերը`

պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուuից երեք ամիu ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:»:

Ամփոփ եզրակացություն. Առաջարկվում է «յուրացնելուն», «տապալելուն» եւ «խախտելուն» բառերից առաջ հոդվածը լրացնել «բռնությամբ» բառերով, ինչը կապահովի օբյեկտիվ կողմի ավարտվածությունը: Ստորեւ ներկայացվում են հիմնավորումները:

      2. ՀՀ քրեական օրենսգրքի գործող 301-րդ հոդվածի վերաբերյալ եւ Նախագծի 7-րդ հոդվածով առաջարկված` Oրենuգրքի 301-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու վերաբերյալ

     2.1. ՀՀ քրեական օրենսգրքի գործող 301-րդ հոդվածով նախատեսված հանցագործության անմիջական օբյեկտը կազմում են սահմանադրորեն ձեւավորված ՀՀ սահմանադրական կարգի այն հիմունքները, որոնցում ամրագրված են պետական իշխանության ձեւավորման եւ գործունեության սկզբունքները: Այն (դիսպոզիցիան) երկօբյեկտային է, որոնցից`

ա) մեկը կազմում են պետական իշխանության ձեւավորման եւ գործունեության սկզբունքները,

բ) իսկ երկրորդը` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

2.2. Նախագծի 7-րդ հոդվածով առաջարկված` նոր խմբագրությամբ Oրենuգրքի 301-րդ հոդվածով նախատեսված հանցագործության անմիջական օբյեկտը նույնպես կազմում են սահմանադրորեն ձեւավորված ՀՀ սահմանադրական կարգի այն հիմունքները, որոնցում ամրագրված են պետական իշխանության ձեւավորման եւ գործունեության սկզբունքները:

 Այն (դիսպոզիցիան) եռօբյեկտային է, որոնցից`

ա) մեկը կազմում են պետական իշխանության ձեւավորման եւ գործունեության սկզբունքները,

բ) երկրորդը` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը,

գ) երրորդը` տարածքային ամբողջականությունը:

2.3. ՀՀ ԱԺ աշխատակազմի օրեսդրական վերլուծության վարչության կողմից Պ-128-18.09.2007 էլեկտրոնային կոդով Նախագծի վերաբերյալ ժամանակին ներկայացվել է եզրակացություն ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների եւ դրանց հանցակազմերի բնութագրերը, ինչպես նաեւդրանց` ՀՀ Սահմանադրությանը եւ միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխանության ու թղթակցության մասին, ուստի, կրկին չենք անդրադառնում այդ խնդիրների վերլուծությանը [2] : Միայն նշենք, որ գործող հոդվածի բնութագրիչները գնահատվել են որպես իրավաչափ: Դա է եղել նաեւ ՀՀ կառավարության եւ միջազգային փորձագետների կարծիքը:

2.3.1. Նշենք նաեւ, որ այդ հանցագործության բնութագրիչներից մեկն այն է, որ հանցավոր են ճանաչվում սահմանադրորեն ձեւավորված պետական իշխանության ձեւավորման եւ գործունեության սկզբունքների դեմ բռնության կոչերը:

2.4. Եզրակացության սույն հատվածի 3.3. կետում նշված եզրահանգումները գերակշռող մասով վերաբերելի են Նախագծի 7-րդ հոդվածով առաջարկված` նոր խմբագրությամբ Oրենuգրքի 301-րդ հոդվածով նախատեսված հանցագործության ձեւակերպմանը: Բացառությունը կազմում է դիսպոզիցիայում նկարագրված հանցագործության օբյեկտիվ կողմը, որը փոփոխվել է, եւ որից հանվել է «բռնություն» հասկացությունը:

3. «Բռնություն», «բռնի» բառերը բռնության գործադրման կամ բռնության գործադրման սպառնալիքի իմաստով, բացի ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ եւ 301-րդ հոդվածներից գործածված են ՀՀ քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածների դիսպոզիցիաներում [3] : «Բռնություն» եւ «բռնի» բառերը կազմում են քրեական իրավունքի եւ քրեական օրենսդրության կարեւորագույն հասկացությունները եւ քրեական օրենսդրության կիրառման կարեւորագույն բաղադրիչը:

3.1. Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը եւ պետական իշխանության ձեւավորման եւ գործունեության սկզբունքները բռնությամբ փոփոխելու կոչը ՀՀ քրեական օրենսգրքի գործող 301-րդ հոդվածի իմաստով նշանակում է այնպիսի բանավոր, գրավոր կամ պատկերավոր այլ ներգործություն մարդկանց գիտակցության, կամքի կամ վարքագծի վրա, որը նպատակ ունի նրանց մոտ ձեւավորելու կոչ անողի համար ցանկալի` հակասահմանադրական եղանակով սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու հակում:

3.2. Այդպիսի կոչը կրում է ընդհանրական բնույթ, այն չի պարունակում տեղեկություններ հանցանք կատարելու վայրի, ժամանակի մասին, այն հրահրում է բռնություն գործադրելուն եւ ուղղված չէ կոնկրետ անձի (անձանց), սակայն ունի հասցեատեր (զանգված): Այդ հատկանիշներով էլ կոչը տարբերվում է դրդչությունից, քանի որ ուղղված չէ կոնկրետ անձի (անձանց):

3.3. Բռնության կոչը 301-րդ հոդվածի իմաստով այնպիսի ներգործություն է, որի իմաստն է հասնել քաղաքական պայքարի հակասահմանադրական զինված ձեւերի, ավերիչ ուղղվածությամբ զանգվածային գործողությունների, իշխանական ինստիտուտների բռնի վերացմանը կամ փոփոխմանը եւ այլնի: Կոչում հնչած բռնության բնույթը կոչի բովանդակությունում պետք է արտահայտված լինի որոշակիորեն, ընդհուպ մինչեւ բռնության եղանակի ուղղակի նշումը:

Նախագծի 7-րդ հոդվածով առաջարկված Oրենuգրքի 301-րդ հոդվածի դիսպոզիցիայում օբյեկտիվ կողմի նոր բնութագրիչների մասին

1.Նախագծի դիսպոզիցիայում օբյեկտիվ կողմը բնութագրվում է ոչ թե «փոփոխելուն ուղղված» բառերով, այլ «յուրացնելու», «տապալելու» եւ «խախտելու» բառերով, որոնց իմաստային ծանրաբեռնվածությունն, իհարկե, տարբերվում է «փոփոխել» արտահայտությունից: Այդ հասկացությունները կրում են, այսպես կոչված, «կետային» նշանակություն: Իսկ բովանդակային իմաստով«յուրացնել» եւ «տապալել» հասկացությունները կրում են նաեւ հակաօրինական գործողության որոշակի արտահայտված ծանրաբեռնվածություն:

Այդ բնութագրիչները, սակայն, ներմուծելով որոշ հստակություն, այնուամենայնիվ չեն ապահովում «հրապարակային կոչի» հանրության համար վտանգավոր դիտվելու հիմնական բաղադրիչը` «բռնության» տարրը: Այս եզրահանգումը հիմնված է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված դրույթի, այլ պետությունների քրեական օրենսգրքերի համապատասխան հոդվածների, ՀՀ Սահմանադրության եւ ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված առանձին դրույթների համակարգային վերլուծության վրա [4] :

Իրավունքների եւ ազատությունների վտանգավոր չարաշահման արգելքը սահմանված է ՀՀ  Սահմանադրության 47-րդ հոդվածում.

«Յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը եւ օրենքները, հարգել այլոց իրավունքները, ազատությունները եւ արժանապատվությունը:

Արգելվում է իրավունքների եւ ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով:»:

    Դրա հետ մեկտեղ ՀՀ Սահմանադրությունը պարունակում է դրույթներ, որոնցում ամրագրված են`

ա) մարդու` իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը եւ

բ) այդ իրավունքը սահմանափակելու օրինական կառուցակարգը եւ հիմքերը,

գ) այդ իրավունքը սահմանափակելու թուլատրելի սահմանները,

դ) իրավունքների եւ ազատությունների վտանգավոր չարաշահման արգելքը:

     1.1. Մարդու` իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերում.

«Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն:

Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:

Լրատվամիջոցների եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է։»:

     1.2. Մարդու` իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը սահմանափակելու կառուցակարգը եւ հիմքերն ամրագրված են ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի 1-ին մասում, որի համաձայն.

«Մարդու եւ քաղաքացու՝ Սահմանադրության 23-25, 27, 28-30, 30.1-րդ հոդվածներով, 32-րդ հոդվածի երրորդ մասով ամրագրված հիմնական իրավունքները եւ ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների, պատվի եւ բարի համբավի պաշտպանության համար»:»

     1.3. Մարդու` իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը սահմանափակելու թուլատրելի սահմաններն ամրագրված են ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի 2-րդմասում, որի համաձայն.

«Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններով սահմանված շրջանակները»:»:

     1.4. Իրավունքների եւ ազատությունների վտանգավոր չարաշահման արգելքը ինչպես նշված է սույն եզրակացությունում, սահմանված է ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի 2-րդ մասում.

«Արգելվում է իրավունքների եւ ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով:»:

Նշվածն իրավունքների եւ ազատությունների չարաշահման արգելք է, երբ իրավունքների եւ ազատությունների օգտագործումը կարող է վերածվել լուրջ սպառնալիքի սահմանադրական կարգը բռնի տապալելու նպատակով, ինչպես նաեւ բազմաթիվ միջազգային փաստաթղթերով երաշխավորվող եւ պաշտպանվող` վերը նշված արժեքների դեմ:

     2. ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում ամրագրված դրույթները թղթակցում են «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված դրույթին, որի համաձայն արտահայտվելու ազատությունների իրականացումը «կարող է պայմանավորվել այնպիսի սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով եւ անհրաժեշտ են ժողովդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու»համար:

Հատկանշական է, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված պետական հայեցողության շրջանակը բավականի լայն է, երբ որոշվում է, թե ինչն է «անհրաժեշտ» պետական անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը կամ հասարակության անվտանգությունը, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու համար: Ընդ որում. այդ «անհրաժեշտությունը» պետք է լինի համաչափ օրենքով հետապնդվող նպատակին, դրա ծավալը պետք է լինի բավարար եւ համաչափ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասին: Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասում նշված սահմանափակումները կամ պատժամիջոցները. կամ այլ կերպ ասած` պարտականությունները եւ պատասխանատվությունը նպատակ են հետապնդում խոչնդոտել առանձին անձանց եւ խմբերի սեփական անօրինական շահերով օգտագործել Կոնվենցիայի 10-րդ հոդվածը եւ, օրինակ, ժողովդավարական հասարակությունում պետական անվտանգությունը վտանգելու գործողությունները քողարկելու 10-րդ հոդվածով:

3. Այլ պետությունների օրենսդրությունների վերլուծությունը

Միջազգային իրավունքի բաժնի կողմից ուսումնասիրվել է կոչերին եւ գործողություններին վերաբերող հոդվածների դիսպոզիցիաները, որոնք ամրագրված են Լիտվայի, Լատվիայի, Հոլանդիայի, Լեհաստանի, Շվեցիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Բելգիայի, ԱՊՀ մասնակից-պետությունների, քրեական օրենսդրություն՟ներում եւ բոլորում հանդիպել ենք «բռնություն» բառը` անկախ դիսպոզիցիայի այլ բաղադրիչների շարադրանքից:

4. Եզրահանգումներ

4.1. Մի կողմից, կարծիքը տեսակետ է, որի ունենալը եւ արտահայտելը, ինչպես նաեւ ստանալը, փոխանցելը, տարածելը սահմանափակման ենթակա չեն, իսկ մյուս կողմից, դրա արտահայտումը կարող է ենթակվել սահմանափակման պարտականություններով եւ պատասխանատվությամբ, եթե վտանգում է ժողովրդավարական հասարակության ձեւավորման եւ գործունեության սկզբունքներին ու կառուցակարգերին:

4.2. Կարծիքը կարող է արտահայտվել նաեւ կոչի եղանակով: Կոչն ինքնին վտանգավոր չէ: Կոչի եղանակով արտահայտված քննադատատող եւ հասարակությունը ցնցող տեսակետները նունպես վտանգավոր չեն: Բռնություն գործադրելու կոչը, սակայն, վտանգավոր է իր բնույթով ցանկացած ժողովդավարական հասարակության համար, քանի որ սպառնում է հենց ժողովրդավարությանը, որի արտահայտման ձեւերից են նաեւ սահմանադրական կարգը, օրինական պետական իշխանությունը եւ պետության տարածքային ամբողջականությունը:

4.3. Թեեւ տվյալ դեպքում իրավական որոշակիությունը, մատչելիությունը եւ կանխատեսելիությունը ապահովված է, այնուամենայնիվ, մեր կարծիքով նկատելի է որոշ անավարտվածություն` ամբողջականությունն ապահովելու իմաստով: Եթե ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի դիսպոզիցիայում ներառվի «բռնությամբ» բառը ապա այն`

ա) կամբողջացնի օբյեկտիվ կողմը, քանի որ ուղղակի կսահմանի թուլատրելի վարքագծի եւ անթուլատրելի ու վտանգավոր վարքագծի տարանջատման հիմքը,

բ) կնվազեցնի հնարավոր տարամեկնաբանումը մարդու հիմնական իրավունքների իրավաչափ օգտագործման եւ դրանց վտանգավոր չարաշահմանվերաբերյալ,

գ) կհամապատասխանի ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի 3-րդ մասում եւ 47-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված դրույթներին միաժամանակ:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` Ա. Երեմյան /զեկուցող/

Ս.Յուզբաշյան

Մ.Հակոբյան

Ա.Մխիթարյան

Ք.Մանուկյան



[1] ՀՈԴՎԱԾ 9. ԸUՏ ՄԵՂՔԻ ՊԱՏԱUԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ UԿԶԲՈՒՆՔԸ

1. Անձը ենթակա է քրեական պատաuխանատվության միայն հանրության համար վտանգավոր այնպիuի գործողության կամ անգործության եւ հանրության համար վտանգավոր հետեւանքների համար, որոնց վերաբերյալ նրա մեղքը հաuտատված է իրավաuու դատարանի կողմից:

2. Oբյեկտիվ մեղuայնացումը` առանց մեղքի վնաu պատճառելու համար քրեական պատաuխանատվությունը, արգելվում է:

[2] Մանրամասն տես` «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-128-18.09.2007-ՄԻ-010/0)վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության եզրակացությունը:

[3] Տես` ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի 2-րդ եւ 5-րդ մասեր, 104-րդ հդվածի 2-րդ մասում, 105-րդ հոդվածում, 114-րդ 1-ին մասում, 118-րդ հոդվածում, 126-րդ հոդվածի 1-ին մասում, 131-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում, 132-րդ հոդվածի 2-րդ մասում, 133-րդ հոդվածի 2-րդ մասում, 138-րդ եւ 139-րդ հոդվածների 1-ին մասերում, 142-րդ հոդվածի 2-րդ մասում,147-րդ եւ 149-րդ հոդվածների 2-րդ մասում, 163-րդ հոդվածում, 165-րդ եւ 166-րդ հոդվածների 3-րդ մասերում, 175 րդ, 176-րդ, 182-րդ, 183-րդ, 195-րդ, 215-րդ, 218-րդ, 219, 220-րդ, 221-րդ, 225-րդ, 226-րդ, 234-րդ, 238-րդ, 254-րդ, 258-րդ, 261-րդ, 269-րդ, 272-րդ, 309-րդ, 316-րդ, 319-րդ, 322-րդ, 329-րդ, 337-րդ, 340-րդ, 341-րդ, 347-րդ, 354-րդ, 357-րդ, 358-րդ, 359-րդ, 382-րդ, 388-րդ ր 390-րդ հոդվածները:

[4] ՀՀ քրեական օրենսգրքի 385-րդ հոդվածը վերնագրված է «Ագրեսիվ պատերազմի հրապարակային կոչերը»: Այդ հոդվածի իմաստով գործածված «հրապարակային կոչեր» արտահայտությունը առանց «բռնություն» բառի գործածման որոշակիության, մատչելիությանեւ կանխատեսելիության իմաստով տարակուսանք չի առաջացնում, բխում է միջազգային-իրավական գործիքներից եւ ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված արգելքից: Չե որ «ագրեսիվ» եւ «պատեռազմ» բառեռն ինքնին ենթադրում են «բռնություններ»: