ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու
մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերիփաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-563-12.03.2009-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում եւ ստորեւ ներկայացվում է Վարչության եզրակացությունը :

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հափշտակված, ինչպես նաեւ շարժիչի եւ նույնացման համարի վերադաջված կամ ջնջված համարներով փոխադրամիջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով, ինչպես նաեւ արդեն իսկ ներմուծված նման փոխադրամիջոցների հետագա իրավական ռեժիմը հստակ կարգավորելու նպատակով:

Գործնականում, քննարկվող ոլորտում առկա իրավիճակը բացառում է ինչպես ներկրող անբարեխիղճ անձանց պատասխանատվության, այնպես էլ տրանսպորտային միջոցների սեփականատերերի իրավունքների համարժեք պաշտպանության իրականացմանը:

Քննարկվող դեպքում բարեխիղճ ձեռքբերողի սեփականության իրավունքը կարող է ճանաչվել, երբ սահմանված ժամկետում պատշաճ կարգով իրազեկված սեփականատերը չի ներկայացնում գույքն իրեն հանձնելու պահանջ, իսկ ապրանքների կամ տրանսպորտային միջոցների սեփականատերերի հայտնի չլինելու դեպքում` դրանք ներմուծելու պահից 2 տարին լրանալը հիմք պետք է հանդիսանա սեփականության իրավունքից հրաժարվելու փաստը ճանաչելու համար:

3. «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածը խմբագրման կարիք ունի, նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որոնց համաձայն` Օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են «Հայաստանի Հանրապետության» բառերը, դրա ընդունման օրը, օրենսգրքի անվանումը եւ «օրենսգիրք» բառը:

Նույն դիտողությունը վերաբերվում է նաեւ փաթեթով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

4.Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանություն» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերով:

5.Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 130-րդ հոդվածը լրացնել 4-րդ մասով, որտեղ գործածվում է «ժամանակավոր հայտարարագիր» հասկացությունը: Քանի որ այս հասկացության սահմանումը տրված չէ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում, ուստի առաջարկում ենք նախագծում սահմանել անցումային դրույթ, որը կպարտավորեցնի տվյալ ոլորտի լիազոր պետական մարմնին որոշակի ժամկետում կատարել համապատասխան լրացում ՀՀ մաքսային վարչության 1998 թ. հունիսի 12-ի թիվ-71 ՄՎՐ «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով փոխադրվող ապրանքների բեռնային մաքսային հայտարարագրման, ըստ բացթողման մաքսային ռեժիմների բեռնային մաքսային հայտարարագրի լրացման կարգը հաստատելու մասին» կարգում:

6. Նախագծի համարակալումը վերանայման կարիք ունի, նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության պահանջները:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅ Ա Ն ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` Կ. Հարությունյան

Դ. Թադեւոսյան

Մ. Հակոբյան